ՄԱՀԵՐ՝ ԾԽԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ 1,3 մլն մարդ աշխարհում ամեն տարի մահանում է պասիվ ծխելու հետեւանքով։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2023թ. ծխախոտի գլոբալ համաճարակի մասին իր զեկույցում։

 

«Ամեն տարի ծխախոտի երկրորդային ծխի [ծուխ, որն արտաշնչում է ծխողը, ինչպես նաեւ արձակվում է ծխախոտից] ազդեցությունից մահանում է մոտ 1,3 մն մարդ։ Այդ բոլոր մահերը կարելի է կանխել»,- նշել են զեկույցի հեղինակները։ Նրանք հիշեցրել են, որ պասիվ ծխելը «ստեղծում է մահվան ռիսկեր սիրտ-անոթային, շնչառական, օնկոլոգիական հիվանդություններից, կաթվածից եւ 2-րդ տեսակի դիաբետից»։ ԱՀԿ-ում կարծում են, որ բոլոր երկրները, անկախ իրենց եկամուտի մակարդակից, «հնարավորություն ունեն կրճատելու մահասփյուռ ծխախոտի արտադրանքի պահանջարկը»։

Աշխարհի 44 երկրներում, որտեղ ապրում է 2,3 մլրդ մարդ, ընդունված չէ ԱՀԿ երաշխավորած վեց հակածխախոտային միջոցներից (որոնք ստացել են MPOWER անվանումը) ոչ մեկը։ Հանձնարարականների այդ համալիրը, որը ստեղծվել է 15 տարի առաջ, ներառում է ծխախոտի օգտագործման մոնիթորինգը, մարդկանց պաշտպանությունը ծխախոտի ծխից, օգնության տրամադրումը ծխելը դադարեցնելու նպատակով, նախազգուշացումը ծխախոտի հետ կապված վտանգների մասին, ծխախոտի արտադրանքի գովազդի վերահսկողությունը եւ դրա հարկերի բարձրացումը։ ԱՀԿ-ում երկրներին կոչ են արել «արագացնել ծխախոտի ծխից ազատ շրջակա միջավայրի մասին օրենքների ընդունումը»։

Զեկույցում նշվել է, որ «չնայած ուժեղ ընդդիմությանը» ծխախոտի արդյունաբերության եւ նրանց կողմից, ովքեր կապ ունեն դրա հետ, աշխարհի պետությունների գրեթե կեսը ընդունել է օրենքներ ռեստորաններում, սրճարաններում եւ բարերում ծխախոտի ծխից լիովին  ազատ տեղերի ստեղծման մասին։ Պետությունների երեք քառորդը մտցրել է կանոններ, որոնք մարդկանց պաշտպանում են ծխախոտից բուժական եւ ուսումնական հաստատություններում։

Զեկույցում դրական են գնահատվել վերջին մեկուկես տասնամյակում ծխելու դեմ պայքարի ոլորտում տեղի ունեցած տեղաշարժերը։ Ծխողների բաժինն աշխարհում  կրճատվել է՝ 2007թ. 22,8 տոկոսից 2021-ին հասնելով 17 տոկոսի, ինչը «համաշխարհային հանրության հավաքական եւ համակարգված ջանքերի արդյունքն է»։ «Եթե այդ բաժինը չկրճատվեր, ապա այսօր կլինեին 300 մլն հավելյալ ծխողներ»,- փաստել են փորձագետները։

2022թ. 5,6 մլրդ մարդ ապրել է այն երկրներում, որտեղ իրականացվել է MPOWER վեց հանձնարարականներից գոնե մեկը։ Դա հինգ անգամ ավելին է, քան 2007թ.։ «ԱՀԿ-ն համառորեն կոչ է անում բոլոր երկրներին լիովին իրականացնել MPOWER միջոցները, որպեսզի զսպվի ծխախոտի համաճարակը, որն [ամեն տարի] 8,7 մլն մարդու կյանք է խլում ողջ աշխարհում, եւ պատնեշ դնել ծխախոտի արդյունաբերության լոբբիստական ջանքերի դեմ»,- ասել է ԱՀԿ առողջության ամրապնդման հարցերի վարչության ղեկավար Ռոդիգեր Կրեխը։

 

 

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Գործադիրի որոշմամբ՝ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը։

 

Նախագիծը մշակվել է՝ հանրապետությունում գյուղատնտեսական բարձր ավելացված արժեք ապահովող արտադրանքի արտադրության եւ արտահանման ծավալների ավելացման, գյուղատնտեսությունը որպես շահութաբեր բիզնեսի տրամաբանությամբ վերագործարկելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Նախագծով առաջարկվող ծրագրի հիմնական նպատակն է աջակցությամբ ջերմատնային տնտեսությունների հիմնման միջոցով նպաստել ջերմատներում աճեցվող մշակաբույսերի արտադրության եւ արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում տնտեսվարողների եկամուտների ավելացմանը։ Ծրագիրը կիրականացվի 2023-2026 թվականներին։

Ծրագրի իրականացման արդյունքում՝

1) ծրագրի շրջանակում արդիական պահանջներով ջերմատնային տնտեսությունների կառուցում՝ շուրջ 35 հա ընդհանուր մակերեսով,

2) բերքատվության բարձրացում 2-3 անգամ ավանդական եղանակով մշակվող ջերմատների նկատմամբ, մասնավորապես՝ լոլիկի դեպքում՝ 1 քառ. մ-ի հաշվով 40-50 կգ բերքի ստացում,

3) ջերմատնային արտադրանքի ծավալների ավելացում, մասնավորապես՝ 2024 թվականին՝ 6,7 հազ. տոննա, 2025 թվականին՝ 11,3 հազ. տոննա, 2026 թվականին՝ 15,6 հազ. տոննա, իսկ 2027 թվականից յուրաքանչյուր տարի (մոտ 15 տարի) կապահովվի շուրջ 15,6 հազ. տոննա լոլիկի բերք,

4) արտահանման ծավալների ավելացում, մասնավորապես՝ լոլիկի դեպքում՝ 2025 թվականից տարեկան շուրջ 10.0 հազ. տոննայով,

5) ոչ սեզոնային ամիսներին ինքնարժեքի իջեցում՝ արտադրության արդյունավետության բարձրացման հաշվին,

6) 1 հա ջերմատունը կստեղծի շուրջ 10-12 աշխատատեղ, իսկ 35 հա-ի դեպքում՝ 350 նոր աշխատատեղ,

7) մեր գնահատմամբ՝ 35 հա ջերմատան շահագործման դեպքում պետական բյուջեի մուտքերը յուրաքանչյուր տարի եկամտային հարկի գծով կկազմեն շուրջ 168,0 մլն ՀՀ դրամ, իսկ 35 հա ջերմատան կառուցապատման դեպքում պետական բյուջեի մուտքերը ավելացված արժեքի հարկի գծով կկազմեն շուրջ 490,0 մլն ՀՀ դրամ։

 

 

 

ԴԱՏԱՎՈՐՆ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՀԱՅՏՆԵՑ

Հուլիսի 31-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի  Բերդ քաղաքի նստավայրում կայացավ ԱԺ նախկին պատգամավոր, նախկինում ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Սուրեն Մանուկյանի եւ 3 այլ անձանց գործով   նախնական դատական նիստը։ Նրանք մեղադրվում են 2022թ. հուլիսի 27-ին Իջեւան համայնքի Աչաջուր բնակավայրի 1-ին փողոցում գտնվող  իր տնից ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Քոքոբելյանի 84-ամյա  հորը՝ Գրիշա Քոքոբելյանին առեւանգելու, նրան Լոռու մարզի Ծաթեր գյուղ տանելու, այդ գյուղի բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը մինչեւ 2022թ. օգոստոսի 2-ը մշտապես պահելու, նրան ազատելու համար 3 միլիոն դոլար գումար ստանալու պահանջով Խ. Քոքոբելյանին «WhatsApp» հավելվածի միջոցով հաղորդագրություն ուղարկելու, նշված գումարից 20.000 ԱՄՆ դոլարն իրենց կողմից նախապես ուղարկված կրիպտոարժույթի հաշվին ստանալու համար։ Սուրեն Մանուկյանին եւ 3 այլ անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Ս. Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, Ա. Քամալյանի նկատմամբ՝ տնային կալանքը։ Մ. Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ Թ. Պողոսյանի նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել՝ վերջինիս ազատազրկման մեջ գտնվելու պատճառով: Ուշագրավ է, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում տեղեկություններ չկան այս գործով Բերդ քաղաքում կայացած նախնական դատական նիստի մասին։ Բերդ քաղաքում կայացած նախնական դատական նիստը հեռաձակվել է «Երկիր մեդիա» հեուստաընկերության ուղիղ եթերում:  Սուրեն Մանուկյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի համարում՝ համարելով, որ իր հանդեպ հարուցված քրեական վարույթը  սարքված է։ Քրեական վարույթը քննող՝ Տավուշի մարզի առաջին ատյանի   դատավոր Սամվել Մարդանյանը  հուլիսի 31-ին ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ ամբաստանյալներից  Մուրադ Մուրադյանի հոր՝ Ալբերտ Մուրադյանի հետ, որը  1900-ական թվականներին եղել է  հակահետախուզության պետ, 1990-ական մինչ այժմ ինքն ընկերական հարաբերությունների մեջ է, ուստի  այդ գործով  չի կարող անաչառ դատավոր լինել։ Ս. Մարդանյանն ինքնաբացարկի իր որոշումը կհանձնի Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին, քրեական վարույթի քննությունը կհանձնվի այլ դատավորի։ Առաջիկայում այդ գործով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում  նիստեր կնշանակվեն։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս