Օգոստոսի մեկին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է առաջին անգամ անցկացվող Ազգային երիտասարդական համաժողովը: Այն կազմակերպվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից:
«Երիտասարդների կողմից՝ երիտասարդների համար» կարգախոսի ներքո իրականացվող եռօրյա համաժողովին մասնակցում են 50-ից ավելի երկրներից ժամանած 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ համայնքային, գիտական, կրթական, մշակութային եւ այլ շրջանակներից: Համաժողովին հրավիրված են նաեւ 100 բանախոսներ 15-ից ավելի երկրներից:
Համաժողովի նպատակն է հնարավորություն ընձեռել սփյուռքի հայ երիտասարդությանը մասնակցելու Հայաստանի զարգացման գործընթացին, կապեր հաստատելու եւ հզորացնելու միմյանց, ինչպես նաեւ ոգեւորելու ընդլայնել իրենց աշխատանքը եւ ներգրավվածությունը համայնքներում։
«Համաժողովը պետականակենտրոն մտածողությամբ այն հայ երիտասարդների համար է, որոնք կապված են իրենց հայրենիքին, մշակույթին, արմատներին եւ նվիրված հայկական շահերի պաշտպանությանը եւ Հայաստանի Հանրապետության զարգացմանը: Ուրախ ենք, որ համաժողովին մասնակցում են երիտասարդներ, որոնք պատրաստակամ են պետականաշինության բոլոր գործընթացներում համագործակցել եւ ի նպաստ հայրենիքի ներդնել համաերիտասարդական-համահայկական ներուժը»,-բացման խոսքում նշել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա նաեւ ընդգծել է, որ համաժողովը միտված է երիտասարդների փոխճանաչելիության եւ փոխգործակցության բարձրացմանը, առկա համակողմանի խնդիրների բարձրաձայնմանը, դրանց լուծման ուղղությամբ համակարգված աշխատանքին, անձնական փորձը, գիտելիքն ու կարողությունները թիրախավորված ներդնելու հնարավորությունների վերհանմանը:
Վիդեուղերձով երիտասարդներին են ողջունել նաեւ հայազգի հանրահայտ երգիչներ Սերժ Թանկյանը եւ Ռոզա Լինը, ինչպես նաեւ աշխարհահռչակ թենիսիստ Կարեն Խաչանովը:
Համաժողովի նախապատրաստական աշխատանքներում, այդ թվում՝ օրակարգի մշակման եւ բանախոսների ընտրության գործընթացներում, ներգրավված են եղել Հայաստանի եւ սփյուռքի տարբեր շրջանակները ներկայացնող երիտասարդներ: Գրասենյակի փորձագետներից եւ 12 երկրների երիտասարդներից կազմված խորհրդատվական մարմինն ամիսներ շարունակ աշխատել է համաժողովի օրակարգային հարցերի մշակման ուղղությամբ: Համաժողովին արծարծվող թեմաներն ընդգրկելու են երիտասարդության դերին, երիտասարդների ներգրավվածության մոդելներին, հայկական շահերի պաշտպանությանը եւ ազգային անվտանգությանը, Հայաստան-սփյուռք հարաբերություններին, ինքնությանը, գիտության եւ կրթության զարգացմանը, տեխնոլոգիական առաջընթացին, հայրենիքում առկա հնարավորություներին, հայրենադարձությանը եւ այլ ոլորտներին առնչվող հարցեր:
Համաժողովի առաջին օրվա ընթացքում գլխավոր բանախոսի, TEDx, պանելային եւ համաժամանակյա քննարկումների ձեւաչափներում ելույթներ կունենա իսպանահայ աստղաֆիզիկոս, գիտնական, «Սթարմուս» փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը, ԱՄՆ համահայկական ուսանողական ասոցիացիայի նախագահ Մհեր Հարությունյանը, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը, Հայ բարեգործական ընդհանուր միության սփյուռքի երիտասարդության ծրագրերի ղեկավար Գայանե Մանուկյանը, Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիայի հիմնադիր եւ ղեկավար Արշակ Հովհաննիսյանը, «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Երիցյանը, միջազգային փաստաբան Գառնիկ Քերքոնյանը, ՀՀ զբոսաշրջության կոնիտեի նախագահ Սիսիան Պողօսեանը, CyberHUB-AM համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը, «ռեԱրմենիա» հարթակի համահիմնադիր Գեւորգ Պողոսյանը, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի հետազոտող Գեղամ Մուղնեցյան, Յեյլի համալսարանի բանասիրական գիտությունների թեկնածու Գոհար Ավագյանը, «Հրանտ Դինք» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ատոմ Շաշկալը եւ գիտության, կրթության, մշակույթի, բիզնեսի, սպորտի, հանրային կապերի ոլորտներում հայտնի այլ փորձագետներ Հայաստանից եւ սփյուռքից:
Ազգային երիտասարդական համաժողովի երեք օրերն ընթանալու է ինտերակտիվ եւ ներառական ձեւաչափով, որի ընթացքում տեղի կունենան պանելային նիստեր, քննարկումներ, հանդիպումներ, պրեզենտացիաներ, աշխատաժողովներ, ինչպես նաեւ էքսպոներ, կապերի հաստատման եւ մշակութային միջոցառումներ:
ԿԱՌԱՋԱԴՐՎԵ՞Ն «ՕՍԿԱՐ» ՄՐՑԱՆԱԿԻ
Լոս Անջելեսի կարճամետրաժ ֆիլմերի 27-րդ փառատոնում հաղթելուց հետո հայ ռեժիսորների երկու ֆիլմ կարող էին առաջադրվել «Օսկարի»: Լոսանջելեսաբնակ ռեժիսոր Գեւին Հովհաննիսյանի «Nowhere» ֆիլմն արժանացել է «Best of Fest Award» մրցանակին: Գործողությունները տեղի են ունենում հորինված Ոչ մի տեղ քաղաքում, իսկ գլխավոր հերոսները ստվերներ են, որոնք «երազում են կյանքի մասին առանց իրենց մարդկային տերերի» 11-րոպեանոց կարճ պատմվածքում:
«Օսկար»-ին կդիմի նաեւ «It Takes a Village» ֆիլմը՝ «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում հաղթողը։ Դրաման, որի ռեժիսորն է Օֆելյա Հարությունյանը, «պատմում է Մարիամի պատմությունը, որն ապրում է հայկական գյուղում, որտեղ տղամարդիկ չկան։ Ծննդյան օրը նրա ընտանիքի վերամիավորման հույսերը չքվում են, երբ նա պետք է մի կողմ դնի իր կոտրված երազանքները եւ օգնի ապագա մայրիկին՝ Անուշին»:
ՄԱՀԱՑԵԼ Է ՀԱՅՏՆԻ ԴԵՐԱՍԱՆԸ
25 տարեկանում կյանքից հեռացել է Անգուս Կլաուդը, որն առավել հայտնի է «Էյֆորիա» ժապավենում Ֆեսկոյի դերով։ Այս մասին հայտնել է TMZ-ը՝ հղում անելով նրա ընտանիքին։ Մեկ շաբաթ առաջ դերասանը հուղարկավորել է հորը, ում հետ շատ մտերիմ է եղել եւ, հարազատների խոսքով, չի կարողացել վերապրել այդ կորուստը, սակայն երիտասարդ տղայի մահվան ստույգ պատճառը նրանք չեն նշել։ «Այսօր մենք պետք է հրաժեշտ տանք անհավանական մարդու: Որպես նկարիչ, ընկեր, եղբայր ու որդի՝ Անգուսը առանձնահատուկ էր բոլորիս համար: Միակ մխիթարությունն այն է, որ Անգուսն այժմ վերամիավորվել է իր հոր հետ, որը նրա լավագույն ընկերն էր։ Անգուսը չի թաքցրել հոգեկան առողջության հետ կապված իր խնդիրները, եւ մենք հուսով ենք, որ նրա մահը կարող է հիշեցնել մյուսներին, որ նրանք մենակ չեն ու ստիպված չեն ինքնուրույն զբաղվել այդ հարցով լռությամբ»,- ասել են նրա մտերիմները TMZ-ին: Կլաուդը հայտնի դարձավ հանրահայտ «Էյֆորիա» հեռուստասերիալում իր դերով, որտեղ նա մարմնավորում էր Ֆեսկո անունով թմրանյութեր վաճառողին: Հայտնի նախագծի թողարկումից հետո նա բազմիցս սկանդալների մեջ է ընկել՝ կա՛մ նրան մեղադրել են բռնաբարության մեջ, կա՛մ նախատել են ոչ պրոֆեսիոնալիզմի համար։ Միեւնույն ժամանակ, նա կարողացավ գրավել հանդիսատեսի սրտերը եւ հավաքել իր երկրպագուների բանակը։
ԴԱՐՁԵԼ Է ՉԵՄՊԻՈՆ
Ծանրորդ Սուրեն Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Բուխարեստում ընթացող առաջնության 89 կգ քաշայինների պայքարում հայ ծանրորդը պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել երկամարտի 341 կգ արդյունքով (150+191): Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերեւում պահել է 150 կգ ծանրաձողը եւ արժանացել փոքր արծաթե մեդալի, իսկ հրում վարժությունում Գրիգորյանը փոքր ոսկե մեդլա է նվաճել՝ 191 կգ արդյունքով:
ԿԵՐԿԱՐԱՁԳԻ՞ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին կհեռացնի թիմից հաջորդ մրցաշրջանում, եթե նա չերկարաձգի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ մինչեւ 2025թ. հունիս. հաղորդում է Foot Mercato-ն։ Մբապեն հեռացվել է ՊՍԺ-ից կազմից։ Նա չի մեկել իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի հետ Ճապոնիա։ 24-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է եւս մեկ մրցաշրջան անցկացնել ՊՍԺ-ում եւ հաջորդ ամռանն անվճար տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ ՊՍԺ-ն պատրաստ է մեկ մրցաշրջանով վարձակալության հանձնել Մբապեին, որի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալը» եւ անգլիական «Լիվերպուլը»։
ԿԱՐԻԵՐԱՆ՝ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅՈՒՄ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Լուկաս Սելարայանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում:
Ամերիկյան «Կալամբուս Քրյու»-ի կազմում հանդես եկող հարձակվողը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ֆաթեհ» թիմի հետ: Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026 թվականը:
Լուկաս Սելարայանը MLS-ի «Կալամբուս Քրյու»-ի կազմում հանդես էր գալիս 2020 թվականից, որի կազմում դարձել է 42 գոլի հեղինակ:
Ո՞Վ ՀԱՂԹԵՑ
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2023/24 մրցաշրջանի անդրանիկ տուրի վերջին խաղում «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Փյունիկ»-ին:
Երեւանյան ակումբներից մեկնարկային խաղում հաղթանակ տոնեց «Փյունիկ»-ը, որը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ալաշկերտ»-ի դարպասը: «Նռնագույնների» կազմում աչքի ընկան Մալաքյանը եւ Հարությունյանը:
Առաջին տուրի շրջանակներում «Շիրակ»-ը հաղթել էր «Վեստ Արմենիա»-ին (2:4), «Նոա»-ն` «Վան»-ին (1:0), «Ուրարտու»-ն` ԲԿՄԱ-ին (1:2), «Արարատ-Արմենիա»-ն` «Արարատ»-ին (1:3):
Հայաստանի առաջնության երկրորդ տուրի խաղերը կկայանան օգոստոսի 4-7-ը: