ՀՀ Կոտայքի եւ Արմավիրի մարզերի դատախազները չեն պատրաստվում լռել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատախազները դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը գաղտնալսել է մարզի դատախազներին, որի արդյունքում աշխատանքից ազատեց Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին եւ Կոտայքի մարզի դատախազ Ապրես Գրիգորյանին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ուժային կառույցները Հայաստանում աշխատում են գաղտնալսման պայմաններում: Իսկ ի՞նչ են լսել իրավապահները երկու դատախազներին գաղտնալսելիս: Արմավիրի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին եւ Կոտայքի դատախազ Ապրես Գրիգորյանին լսելիս պարզել են, որ դատախազները նեղսրտած խոսել են, քննադատել ու տարբեր կարծիքներ արտահայտել Արմավիրի դատախազ Վահան Սարգսյանի եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին։
Այս ներքին քննարկումն էլ ճակատագրական է դարձել երկու դատախազների համար, ու նրանց լիազորությունները գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դադարեցրել է ու սկսել ծառայողական քննություն։ Սակայն այսքանով Դատախազությունում «վհուկների որսն» ու ներքին պառակտումները չեն ավարտվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ ԱԱԾ-ն այս գաղտնալսման արդյունքում մտել է Կոտայքի ու Արմավիրի մարզերի դատախազություն, դատախազներին պառկեցրել գետնին ու սկսել գործողություններ: Այստեղ էլ հասունացել է դրամայի երկրորդ մասը. Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանի գործելաոճը դատախազների մոտ սկսել է քննարկվել Սերժ Սարգսյանի գործը քննող դատախազ Արսեն Մարտիրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատախազ Պետրոս Պետրոսյանի հետ ունեցած խոսակցությունների ժամանակ: Նրանք ոչ այդքան հաճելի կարծիքներ են արտահայտել Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանի, ինչպես նաեւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին։ Այսպիսով, դատախազները ներքին միջանձնային խոսակցության համար ազատվել են աշխատանքից:
Այլ կերպ ասած, Հայաստանը վերածվել է գաղտնալսումների երկրի, որտեղ քաղաքական իշխանությանը ընդդիմացողների խոսքի ազատությունը ոտնահարվում է. անգամ գաղտնի չեն կարող խոսել դատախազները:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարող հեղափոխական իշխանությունները վերջերս կալանքից ազատել են մի քանի «օրենքով գողերի», որպեսզի նրանք Երեւանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի համար աշխատեն: Քրեական աստիճանակարգով ամենաբարձր տիտղոսն ունեցող «օրենքով գողերի» մեջ, սակայն, ներքին անհասկացվածություն կա այս թեմայով: Երբ 2018 թվականին Հյուսիսային պողոտայում վիճաբանություն էր եղել նրանց մեծ խմբի միջեւ, քրեական աստիճանակարգում բարձր տեղ զբաղեցնողները միմյանց խոստացել են, որ այլեւս քաղաքական որեւէ գործընթացի, որեւէ ընտրության չեն մասնակցի: Եւ հիմա «գողականների աշխարհում» քննարկումներ են. եթե պետք է կանգնել որեւէ թեկնածուի կողքին, սատարել որեւէ մեկին, նա չի կարող լինել իշխանության թիմից: Ճիշտ կլինի, որպես միակ իսկական երեւանցի տղա, քննարկել Վիկտոր Մնացականյանին սատարելու հարցը, որը ամենաապաքաղաքական թեկնածուն է, որեւէ կուսակցության հետ չի ասոցացվում, միայն մայրաքաղաքի խնդիրներից է խոսում: Բայց դեռ վերջնական որոշման չեն հանգել այդ աշխարհում, թե որն է ճիշտը: Հավելենք, որ կալանքից ազատված եւ տնային կալանքի ռեժիմում գտնվող «օրենքով գողերից» մեկը Սուրեն Ավետիսյանն է՝ լենինականցի Սուրոն, մյուսը՝ Արտյոմ Ղազարյանը՝ «օրենքով գող» Զապի քրոջ որդին, եւ էլի 2-3 «օրենքով գողեր», որոնց անունները ճշտվում են:
2023 թվականի հուլիսի 1-ից 31-ը ՀՀ Ազգային ժողովի 2023թ. կարիքների համար պատվիրակությունների ընդունման եւ արտասահմանյան այցելությունների կազմակերպման համար կոնյակների են ձեռք բերել խորհրդարանում՝ վճարելով 3 մլն 872 հազար դրամ։ Գնումը կատարված է «Վինո Վինո» ՍՊԸ-ից, որի սեփականատեր Տիգրան Համասյանը Պեռնո Ռիկարի հետ կապ ունի: Նկատենք, որ ապրիլին նույն կազմակերպությունից գնվել են 10 մլն 752 հազար դրամ ընդհանուր արժեքով կոնյակներ։ Նույն թվականի հունիսի 1-ից 30-ը ընկած հատվածում Ազգային ժողովը պաշտոնական պատվիրակությունների ընդունելության եւ արտասահմանյան այցելությունների կազմակերպման համար նաեւ օղիների է ձեռք բերել՝ մոտ մեկ միլիոն դրամ՝ 959 հազար վճարելով «Նոաս Օրչարդս Դիսթիլինգ Քոմփանի» ՍՊԸ-ին։ Այսինքն` այն մեղադրանքները, որոնք Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները հնչեցնում էին նախկինների եւ պետական տարբեր կառույցների հասցեին, որ մսխում են պետական բյուջեն, անարդյունավետ ճոխ ծախսեր են արվում, բնորոշ են նաեւ իրենց։
Այսօրվանից մեկնարկում է աշնանը սպասվող ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների առաջադրման պաշտոնական գործընթացը, որը կտեւի 10 օր, կավարտվի օգոստոսի 13-ին: Ավագանու ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը եւ դաշինքները 10-օրյա ժամկետում ԿԸՀ պետք է ներկայացնեն գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Օգոստոսի 23-ից էլ արդեն կմեկնարկի նախընտրական քարոզարշավը. Երեւանը կհեղեղվի նախընտրական պաստառներով, իսկ քաղաքապետի թեկնածուները երեւանցիներին վերամբարձ խոստումներ կտան ու «սեր կխոստովանեն»: Նախընտրական քարոզարշավը կավարտվի սեպտեմբերի 15-ին: Նշենք, որ դեռ ոչ բոլոր ուժերն են հաստատել իրենց մասնակցությունը ավագանու ընտրություններին: