«Ժողովուրդ» օրաթերթը Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ զրուցել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:
-Ի՞նչ իրավիճակ է այժմ Արցախում, տիկի՛ն Հակոբյան:
-Իրավիճակը ընդհանուր առմամբ պարզապես հնարավոր չէ հստակ ներկայացնել, քանի որ շատ արագ փոփոխություն է տեղի ունենում եւ դեպի վատը: Ընդամենը րոպեների ընթացքում տեղի են ունենում անասելի փոփոխություններ: Կոնկրետ հումանիտար առումով, ես չգիտեմ, սրանից ծանր էլ ինչ պիտի լինի: Արդեն կան ընտանիքներ, որոնցից մեկը նաեւ իմ ընտանիքն է, որոնք հաց գնել են երկու օր առաջ: Այսինքն՝ մենք ամենաքիչը հացի խնդիր ունենք՝ կապված վառելիքի հետ, եղանակային պայմանների հետ. ցորենը չի հասցրել չորանա: Բավական մեծ թվով արտադրամասեր փակվել են ալյուր չունենալու պատճառով: Կոնկրետ այն փողոցը, որտեղ ես եմ ապրում, այստեղ հացի ընդամենը մեկ արտադրամաս կա, որը երեկ երեկոյան արդեն չէր աշխատում: Փաստորեն, մի ամբողջ մեծ թաղամաս հաց գնելու հնարավորություն արդեն չունի: Մնացած ապրանքների մասին խոսելն արդեն անիմաստ է, եւ չենք էլ խոսում, որովհետեւ պարզապես չկա: Չկա կաթնամթերք, բանջարեղեն կարելի է հանդիպել հազվադեպ, այն էլ՝ շատ բարձր գնով՝ կապված եղանակային պայմանների եւ մի շարք այլ խնդիրների հետ: Բնակչության մեծ մասը դա ձեռք բերել պարզապես ի զորու չէ: Մենք անհասկանալի ձեւով դեռեւս գոյատեւում ենք: Կարծում եմ՝ սա նաեւ փոխօգության գործոնի առկայությունն է: Ցավոք, ես ինքս ականատես եմ եղել, որ մարդիկ մեկ հացը բաժանել են երկու եվ ավելի անձանց միջեւ, պարզապես որպեսզի երեխաները ունենան հնարավորություն տանը մի կտոր հաց ուտելու: Առողջապահությունը ամենավատ վիճակում է գտնվում: Դեղատների մեծ մասն արդեն իսկ դատարկ է:
Առաջին անհրաժեշտության դեղորայքը՝ հակաբորբոքայիններ, ջերմիջեցնողներ եւ այլն, ուղղակի բացակայում են, չկան:
-Տիկի՛ն Հակոբյան, իսկ հումանիտար բեռների մասին ի՞նչ կասեք, որոնք ուղարկվել են Արցախ. ադրբեջանական կողմը չի թողնում՝ Կոռնիձորից առաջ անցնեն բեռները:
-Մենք քանի որ ֆիզիկապես այդ ամենը տեսնելու հնարավորություն չունենք, մենք էլ ենք մամուլից տեղեկանում, թե ինչ է կատարվում, եւ որ այսօր եւս երկու մեքենա է միացել շարասյանը, բայց տեսնելով Ադրբեջանի դիրքորոշումը՝ հասկանալի է դառնում, որ նրանք, միեւնույնն է, չեն թողնելու, որ այս ամենը մուտք գործի Արցախ:
-Տիկի՛ն Հակոբյան, ադրբեջանական կողմը արդեն երկրորդ անգամ քաղաքացու է առեւանգում:
-Այդ ուղղությամբ առավել ակտիվ աշխատում է Մարդու իրավունքների պաշտպանը, որի հետ ես անընդհատ կապի մեջ եմ. ահռելի աշխատանք է կատարում եւ անընդհատ կապի մեջ է թե՛ միջազգային կառույցների հետ եւ թե՛ հայաստանյան շահագրգիռ կազմակերպությունների հետ, ինչպես նաեւ, իր իսկ հավաստմամբ, Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանի հետ: Երեկ ես կոնկրետ մի հարցադրումով եմ խոսել իր հետ. արդյոք վստա՞հ են, որ Վագիֆ Խաչատրյանը կենդանի է: Ինձ մոտ առաջին հարցը, որ առաջացել է, եղել է՝ կապված այն հանգամանքով, որ այն ախտորոշումը, որը տրված էր նրան, բավականին լուրջ էր, եւ այդ ամենը մինչեւ Բաքու է հասել:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը Ազգային ժողովի 8-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր է ընտրվել 2021 հունիսի 20-ին:
Ըստ պատգամավորի հայտարարագրի՝ նրա հետ համատեղ բնակվող անձինք նրա ծնողներն են, իսկ ամուսինն այդ հայտարարգրում չկա։ Նա չի հայտարարգրել որեւէ անշարժ գույք եւ տրանսպորտային միջոց, սակայն Ջուլհակյանը վատ ֆինանսական միջոցներ չի հայտարարագրել։
Նրա պարտքային եւ այլ արժեթղթերը կազմել են 10 մլն եւ 10 հազար դոլար, հանձնված եւ վերադարձված փոխառությունները կազմել են 22 մլն 715 հազար դրամ, որից 19 մլն 114 հազար դրամը բնակարանի հիպոտեկի մնացորդ գումարն է։ Բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 7 մլն 026 հազար դրամ եւ 330 դոլար, իսկ կանխիկ դրամները՝ 9 հազար դոլար։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 9 մլն 765 հազար դրամ, որից 7 մլն 998 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Ազգային Ժողովի աշխատակազմից։
Պատգամավորի հետ համատեղ բնակվող հայրը՝ Թովմաս Ջուլհակյանը, որպես դասախոս աշխատում է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։ Համալսարանից նա ստանում է տարեկան 1 մլն 457 հազար դրամ աշխատանքի վարձատրություն, իսկ որպես կենսաթոշակ՝ 960 հազար դրամ։ Իսկ նրա հետ համատեղ բնակվող Մարիետտա Պողոսյանը նույն համալսարանում աշխատում է որպես լաբորատորիայի վարիչ։ Աշխատանքի վարձատրության դիմաց նա ստանում է 958 հազար դրամ, իսկ որպես կենսաթոշակ՝ 780 հազար դրամ։ Պետրոսյանը հայտարարագրել է բնակարան Նոր Նորք վարչական շրջանում, որը գնվել է 1994 թվականին։
Ըստ Ջուլհակյանի՝ մեծամասնական ընտրակարգը չարիք է։ «Այն կարված էր «Հանրապետական» իշխանության համար եւ կարված էր նրանց իշխանությունը հավերժացնելու համար։ Սա «տասովչիկների» ընտրական համակարգ է, եւ այս չարիքն օր առաջ պետք է մեզ մոտ չեղարկվի». այս հայտարարությամբ 2021 թվականին Ազգային Ժողովում հանդես է եկել Ջուլհակյանը։ Առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններն են. տեսնենք՝ հենց այդ ընտրական համակարգն ինչ նոր գործողություններ կծավալի։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
«Սյունիքի մարզպետ պարոն Ռոբերտ Ղուկասյանի հետ քննարկեցինք Ֆրանսիայի հետ տնտեսական, մշակութային, առողջապահական ոլորտներում, ինչպես նաեւ Հայաստանի տարածքի՝ ռազմավարական կարեւորություն ունեցող այս մարզի հետ ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Օլիվիե Դըկոտինյին:
ԿԱՅԱՑԵԼ Է
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ կայացել է Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի խորհրդի արտահերթ նիստը. հայտնում են ԱՆ-ից։ Օրակարգի գլխավոր հարցը տեսչական մարմնի խորհրդի ղեկավարի թեկնածության առաջադրումն էր: Խորհուրդը ներկայացրել է Սլավիկ Սարգսյանի թեկնածությունը, որը տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն էր եւ 2022 թվականի նոյեմբերից ղեկավարի պաշտոնակատարը: 6 ամսվա աշխատանքների մասին Սլավիկ Սարգսյանի ամփոփ հաշվետվությունը լսելուց հետո, նրա բացակայությամբ, նորից մանրամասն քննարկվել է նրա թեկնածությունը, որից հետո խորհուրդը միաձայն որոշում է կայացրել վարչապետին ներկայացնել Սլավիկ Սարգսյանի՝ Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակվելու թեկնածությունը:
ՎԻՃԱԿԸ՝ ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ
Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակիչների մեծ մասն անգամ իրազեկված չեն՝ օդային տագնապի դեպքում որտեղ պետք է ապաստանեն. ասում են, որ շենքերի մուտքերի մոտ թռուցիկների չեն հանդիպել, որպեսզի տեղեկանան՝ որտեղ պետք է պատսպարվեն վտանգի դեպքում։
Բնակիչները ենթադրում են, որ, որպես ապաստարան, պետք է օգտագործվեն շենքերի նկուղները:
«Ժողովուրդ» օրաթերթը եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի քանի շենքերում եւ արձանագրել, որ շենքերի նկուղներն ամխիթար վիճակում են:
Նախ՝ դրանք կողպված են, իսկ ներսում աղբ է, լուսավորություն չկա, ուստի անհնար է պատկերացնել, թե ինչպես դրանք կարող են որպես ապաստարան օգտագործվել:
Հետաքրքիր է՝ ինչով են զբաղված քաղաքային իշխանությունները, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանը, որ չեն կարողանում անգամ բնակիչների անվտանգությունն ապահովել. պատերազմական վիճակում գտնվող մեր երկրում ապաստարանները կարգի չեն բերում ու բնակիչներին պատշաճ ձեւով չեն իրազեկում անվտանգության կանոնները:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի հետ, որպեսզի պարզի՝ ինչու այս հարցերով չեն զբաղվում։ Վերջինս հայտնեց, որ վարչական շրջանում պարբերաբար տեղեկատվական թռուցիկներ փակցվում են, սակայն դրանք հաճախ պոկվում են:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ