ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՏՐՈՆ ԴԱՎՈՅԻ ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ուշագրավ իրավիճակ է ստեղծվել գործարար Դավիթ Գալստյանի կալանավորման մասով: Բանն այն է, որ իրավապահ համակարգը ամեն գնով գործարար Դավիթ Գալստյանին` Պատրոն Դավոյին, ցանկանում է պահել կալանքի տակ։

 

Նախ՝ հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ գործերով մեղադրյալի կարգավիճակ ունի Պն նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով, որը վերաբերում է 2018 թվականի մատակարարումներին, ինչպես նաեւ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՊՆ նախկին կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի գործին միացրած դատական գործով, որը արդեն վերաբերում է 2011 թվականի մատակարարումներին։

Արդյունքում 2011 թվականի մատակարարումներին վերաբերող քրեական գործով Դավիթ Գալստյանը այս տարվա հունվարի 31-ից կալանավորվել էր, գործը դատարան ուղարկելուց հետո 1 ամսով կալանքի ժամկետը ապօրինի երկարացվել էր, սակայն արդեն հունիսի 28-ին Հակակոռուպցիոն դատարանը Դավիթ Գալստյանին 40 միլիոն գրավի դիմաց ազատ էր արձակել՝ մերժելով կալանքի ժամկետը մեկ ամսով երկարացնելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը նախ առաջին մեկ ամսվա կալանքի երկարաձգման մասով պաշտպանական կողմի ներկայացված բողոքով արձանագրում է, որ Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամիս անհիմն է կալանքի տակ պահել Դավիթ Գալստյանին, իսկ, ահա, երեկ արդեն գրավի դեմ դատախազության կողմից ներկայացված բողոքի հիման վրա նույն դատավորը որոշման մեջ նշել է, որ Հակակոռուպցիոն դատարանը, Դավիթ Գալստյանին 40 միլիոն գրավի դիմաց ազատ արձակելով, թույլ է տվել խախտում։ Ստացվում է, որ Վերաքննիչ դատարանի նույն դատավորը մեկը մյուսի հետեւից հակասում է իրեն այն պատճառով, որ միգուցե հրահանգ են ստացել ամեն գնով կրկին կալանավորել գործարարին:

Բայց սա դեռ ամենը չէ:

Բանն այն է, որ սույն ապօրինի որոշման կայացման մեջ ներգրավված են եղել նաեւ իրավապահ մարմինները: Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ աշխատակիցը, հավանաբար դատախազության պատվերով, կազմում է կեղծ տեղեկանք, ըստ որի՝ իբր, Դավիթ Գալստյանը, հայտնվելով ազատության մեջ, միջոցներ է ձեռնարկում, որպեսզի ներազդի քրեական վարույթով իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ապացուցողական ցուցմունքներ տված անձանց վրա։ Մեր ունեցած տեղեկություններով՝ նշված անձինք են ՊՆ ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանը եւ փորձագետ Արտակ Սուքիասյանը։ Սակայն նկատենք, որ այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ վերոնշյալ անձինք՝ ՊՆ ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանը եւ փորձագետ Արտակ Սուքիասյանը, ներգրավված են եւ ցուցմունք են տվել 2018 թվականի մատակարարումների մասով քննվող քրեական գործով, այլ ոչ թե 2011 թվականի մատակարարումների գործով, որով Դավիթ Գալստյանը ապահովել էր ենթադրյալ վնասի փոխհատուցումը ամբողջությամբ։ Անգամ 2018թ. մատակարարումների մասով քննվող քրեական գործով նշված 2 անձինք ո՛չ ցուցմունք, ո՛չ էլ վկայություն են տվել Գալստյանի դեմ: Այս դեպքում, փաստորեն, այն աստիճան են իրավապահ մարմինները տարված եղել ամեն գնով կալանքի կեղծ հիմքեր ստեղծելու գործով, որ նույնիսկ շփոթել են գործերը եւ դրանցով անցնող անձանց տվյալները։

Ստացվում է, որ գործարարի դեմ շարունակվում են ապօրինի ճնշումները, որի արդյունքում Դավիթ Գալստյանը պետք է ստիպված շարունակի կրել ապօրինի կալանք:

 

 

 

ՀԱՆՑԱՆՔԸ ԹԱՔՑՐԵԼ ԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գրիգոր Լյովայի Եսայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի մայիսի 4-ին՝ Գյումրի քաղաքի տանը Գ. Մելքոնյանի կողմից Ա. Ավագյանին սպանելուց` ապօրինաբար վերջինիս կյանքից զրկելուց հետո, հիշյալ հանցագործությունը, հանցանք կատարած անձի բացահայտմանը, հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության եւ պատժի ենթարկելուն խոչընդոտելու նպատակով, առանց նախնական խոստման, պարտակել է հանցագործությունը, աջակցել Գ. Մելքոնյանին:

Այսպիսով, Գ. Եսայանին մեղսագրվում է ՀՀ քրեական 474-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարում:

 

 

 

«ՀԱՄՄԵՐԻ» «ԱՆՈՐՍԱԼԻ» ՎԱՐՈՐԴԻ ԳՈՐԾԸ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Համմերի» «անորսալի» վարորդի գործով ավարտական փուլ է հայտարարվել, եւ գործն առաջիկայում կուղարկվի դատարան:

Հիշեցնենք, որ 2023թ. փետրվարի 11-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին հաղորդում էր ստացվել այն մասին, որ փետրվարի 10-ին` ժամը 23։30-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում Պարեկային ծառայության ծառայողներին է մոտեցել «Համմեր» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենան լիցքավորելու համար գումար է պահանջել պարեկներից։

Մերժում ստանալուց հետո, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, նա մեքենան վարել է Աբովյան փողոցով՝ երթեւեկությանը հանդիպակաց, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների` «կա՛նգ առ» ազդանշանին, մեքենան շարունակել է վարել Արամի, Փ. Բյուզանդի, Վ. Սարգսյանի, Ագանթագեղոսի, Տիգրան Մեծի, Ամիրյան փողոցներով, այդ թվում նաեւ` հետիոտնի համար նախատեսված վայրով՝ դիտավորյալ վնասելով փողոցներում կայանված թվով 8 քաղաքացիական մեքենաներ։

Այնուհետեւ նա երթեւեկել է ՀՀ կառավարության վարչական շենքի հանդիպակաց՝ ոչ երթեւեկելի հատվածով, որտեղ, շարունակելով չենթարկվել պարեկային ծառայության օրինական պահանջին, վրաերթի է ենթարկել Պարեկային ծառայության աշխատակցին, դիտավորյալ վնասել Պարեկային ծառայության թվով 3 ավտոմեքենա։

Այդ գործողությունները կանխելու համար պարեկային ծառայողներն իրենց ամրակցված ատրճանակներով մոտ տարածությունից մի քանի անգամ կրակել են վերոհիշյալ ավտոմեքենայի անվադողերի ուղղությամբ՝ փորձելով կանգնեցնել այն, սակայն վարորդը շարունակել է երթեւեկությունը, խույս տալով պարեկներից` մեքենան թողել է Երեւանի Ագաթանգեղոս 7-րդ շենքի կամարանցման տակ եւ դիմել փախուստի: Վարութային գործողությունների արդյունքում պարզվել էր, որ «Համմեր» մակնիշի ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ Գեղամ Ս.-ին, որը եղել է ենթադրաբար թմրանյութի ազդեցության տակ:

Պարզվել էր, որ տեղյակ լինելով որդու՝ թմրամոլ լինելու մասին` հայրն ավտոմեքենայի բանալիները թաքցրել է նրանից, սակայն երիտասարդը փնտրել ու գտել է ավտոմեքենայի պահեստային բանալին, որից հետո ավտոմեքենայով մարզից եկել է Երեւան։

Նախաքննությունը շարունակվում է: Գեղամ Ս.-ն կալանավորված է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը գաղտնալսման արդյունքում աշխատանքից ազատեց Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին եւ Կոտայքի մարզի դատախազ Ապրես Գրիգորյանին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ուժային կառույցները Հայաստանում աշխատում են գաղտնալսման պայմաններում: «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ գաղտնալսման արդյունքում դատախազներ են ազատվել աշխատանքից, իսկ ոմանց մասով ծառայողական քննություն է սկսվել, որն էլ ունեցավ իր ելքը. նրանց ազատեցին:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի լուրերի համաձայն՝  Գլխավոր դատախազությունը կասեցրել է Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանի եւ Կոտայքի մարզի դատախազ Ապրես Գրիգորյանի լիազորությունները եւ ծառայողական քննություն է սկսել նրանց նկատմամբ։ Իսկ ինչու՞։ Բանն այն է, որ իրավապահները, գաղտնալսելով Արմավիրի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին եւ Կոտայքի դատախազ Ապրես Գրիգորյանին, պարզել են, թե ինչպես են նրանք նեղսրտած խոսում, քննադատում ու տարբեր կարծիքներ արտահայտում Արմավիրի դատախազ Վահան Սարգսյանի կամ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին։

Այս ներքին քննարկումն էլ ճակատագրական է դարձել երկու դատախազների համար, ու նրանց լիազորությունները գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դադարեցրել է ու սկսել ծառայողական քննություն։

Այսքանով Դատախազությունում «վհուկների որսն» ու ներքին «խժռոցը» չեն ավարտվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ ԱԱԾ-ն այս գաղտնալսման արդյունքում մտել է Կոտայքի ու Արմավիրի մարզերի Դատախազություն, դատախազներին պառկեցրել գետնին ու սկսել գործողություններ: Այստեղ էլ հասունացել է դրամայի երկրորդ մասը. Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանի գործելաոճը դատախազների մոտ սկսել է քննարկվել Սերժ Սարգսյանի գործը քննող դատախազ Արսեն Մարտիրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատախազ Պետրոս Պետրոսյանի հետ ունեցած խոսակցությունների ժամանակ: Նրանք ոչ այդքան հաճելի կարծիքներ են արտահայտել Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանի հասցեին, ինչպես նաեւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին։ Եվ, ահա, այս գաղտնալսումն էլ պատճառ դարձավ, որ օրերս աշխատանքից ազատվեն դատախազներ Արսեն Մարտիրոսյանը,Պետրոս Պետրոսյանը եւ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը։ Իրավիճակը ցույց է տալիս, որ դատախազները ներքին միջանձնային խոսակցության համար ազատվում են աշխատանքից:

Այլ կերպ ասած, Հայաստանը վերածվել է գաղտնալսումների երկրի, որտեղ քաղաքական իշխանությանը ընդդիմացողների խոսքի ազատությունը ոտնահարվում է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 




Լրահոս