«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հուլիսի 31-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքին Հայաստանի բոլոր խոշոր գործարարներին հանձնարարված է եղել կլորիկ գումար հանգանակել կուսակցությանը. ՔՊ-ի դրամահավաք-երեկոյին 987 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է շուրջ 506 532 950 ՀՀ դրամ, այսինքն՝ 1մլն 322 հազար դոլար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ին կլորիկ գումար փոխանցած գործարարների թվում է Արցախից փախած, Հայաստանում իր բիզնեսը ծաղկեցնելով զբաղված Արման Հակոբջանյանը:
Իշխանությունների «սրտի գործարար» Նարեկ Նալբանդյանը, որը հայտնի է իր աղմկահարույց գնումներով, եւս վճարել է ՔՊ ֆոնդին: Հիշեցնենք, որ վերջինս արտոնյալ պայմաններով գնել էր Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը 5 մլրդ դրամով, ինչպես նաեւ նախկին վարչապետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող շքեղ բնակարանի գնորդն էր՝ «փակովի տարբերակով»:
ՔՊ-ի դրամահավաքին մասնակցած գործարարներից են նաեւ «Արտ Լանչ» սննդի ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը, «Վիվառո» ընկերության սեփկանատերեր Վահե եւ Վիգեն Բադալյանները, որոնցից Վիգեն Բադալյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերն է: Նրանք, չի բացառվում, ուղիղ իրենց անունով արած չլինեն պարտադիր նվիրատվությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ողջ օրը փորձեց պարզել, թե որ գործարարը որքան գումար է հանգանակել ՔՊ-ին: Արման Հակոբջանյանը կտրականապես հրաժարվեց պատասխանել մեր հարցին, Նարեկ Նալբանդյանն ասաց, որ առաջին անգամ է լսում դրամահավաքի մասին, ինքը որեւէ մասնակցություն չի ունեցել դրան, Դավիթ Երեմյանը նույնպես վստահեցրեց, որ մասնակցություն չի ունեցել այդ դրամահավաքին, իսկ Բակուր Մելքոնյանը մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց: Արտակ Թովմասյանի գրասենյակից մեզ ասացին, որ մինչեւ օրվա ավարտը կպատասխանեն մեր հարցերին, բայց դեռ որեւէ արձագանք չկա:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, բացի նրանցից, մի քանի գործարարների վրա էլ է դրված եղել, որ որեւէ կերպ մասնակցեն ՔՊ դրամահավաքին եւ գումար փոխանցեն:
Առաջիկայում մենք կհրապարակենք նաեւ մյուս նվիրատուների ցանկը:
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այն երիտասարդներից էր, որ «թավշյա հեղափոխության» օրերին մտերիմ էր Մխիթար Հայրապետյանի հետ, ինքնամոռաց ելույթներ էր ունենում, որի արդյունքում դարձավ իշխանության սիրելին խորհրդարանում: Ինչպես մնացած անտուն ՔՊ-ականները, նա եւս, իշխանության գալով, հիփոթեքով տուն է գնել եւ գումարներ է դիզում: Նա 2020թ. ձեռք է բերել հիփոթեքով բնակարան Երեւանի Արաբկիր վարչական շրջանում, սակայն եւս մեկ տուն է հայտարարագրել Կենտրոն վարչական շրջանում, որը փաստացի իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է պատգամավորի կողմից։ Թե ում տանն է մնում, ինչի դիմաց, պատգամավորը չի գրել: Այս պահին Հակոբյանը նշել է, թե ավտոմեքենա չունի, սակայն 2018 թվականին ձեռք բերած մեքենան, ըստ 2021 թվականի հայտարարագրի, վաճառել է 7 հազար 900 դոլարով։ 2021 թվականի հայտարարագրում նրա հանձնված եւ վերադարձված փոխառությունները կազմել են 30 մլն դրամ, որից 26 միլիոնը հիփոթեքի գումարն է, որը ձեւակերպված է «ՀայԷկոնոմ» բանկում, իսկ 2022 թվականի հայտարարագրում այդ դաշտում ոչինչ գրված չկա։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 935 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 17 հազար դոլար եւ 11 մլն դրամ։ Նկատենք, որ Վաղարշակ Հակոբյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 8 մլն 234 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից։ Նախորդ տարիների համեմատ՝ նրա աշխատանքի վարձատրությունը գրեթե մեկ միլիոնով աճել է, քանի որ Աժ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականություններն է կատարում: Իսկ թե ինչպես է պատգամավորի աշխատվարձով այսքան գումար եւ ունեցվածք կուտակել, իշխանական պատգամավորը խնամքով թաքցրել է: Այս առիթով կոռուպցիան բարեւներ է ուղարկել Հակոբյանին եւ Նիկոլ Փաշինյանին:
Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը դարձել է Նիկոլ Փաշինյանի խոսափողն Արցախում կամ արցախցիների համար: Արդեն տեւական ժամանակ է՝ Փաշինյանի քարոզչական թեզերն է առաջ տանում ու փորձում արցախցիներին համոզել, թե պետք է օգտվել Աղդամի ճանապարհից, բեռներ տեղափոխել այդ ճանապարհով, ավելին՝ երկխոսել Ադրբեջանի հետ՝ պատճառաբանելով, թե միայն այդպես վերջնական «խաղաղություն կհաստատվի»: Տպավորություն է՝ Սամվել Բաբայանն այսպիսով փորձում է իրենց կամքին հակառակ արցախցիներին ինտեգրման տանել Ադրբեջանի հետ՝ տեսնելով անգամ, թե ինչպես է Ադրբեջանը հիվանդ արցախցուն առեւանգում, տանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ձեռքից: Իհարկե, խաղաղությունն անհրաժեշտություն է, բայց որ ինտեգրվելու գնով այն ժողովրդի հետ, որը քեզ ատում է ու ցանկանում ցեղասպանել: Ադրբեջանում Հայաստանի նկատմամբ ատելությունը պետական քաղաքականության մաս է, ադրբեջանական դպրոցներում դեռ մանկուց են քարոզում հայատյացություն, իսկ Ադրբեջանի նախագահն էլ ամենօրյա ռեժիմով սպառնալիքներ է հնչեցնում՝ հայտարարելով, թե չկա Հայաստան, չկա Արցախ, ամենուր Ադրբեջան է: Սամվել Բաբայանը, սակայն, նրանց հետ առեւտրի եւ ինտեգրացիայի է ուղղորդում արցախցիներին:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը համակարգի համար շարունակում է օտար մնալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շատ դատախազներ, դատախազությունում տարբեր պաշտոն զբաղեցնողներ, վարչության պետեր եւ այլք մինչ «գլխավորին զանգահարելը» մեկը մյուսին զանգահարում խորհրդակցում են՝ ինչ անել. եթե զանգահարեն ՀՀ գլխավոր դատախազին, հանդիպում խնդրեն, կմերժի՞, թե՞ կնդունի: Ասել է թե՝ գլխավոր դատախազը համակարգի զգալի մասի հետ շփվում է բացառապես պաշտոնական գրությունների միջոցով, եւ դատախազներից շատերի հետ մարդկային շփում, անգամ հեռախոսային քննարկում չկա: Դատախազության շատ աշխատակիցներ չգիտեն՝ ում դիմել, իրենց խնդիիրների ու առաջացած հարցերի դեպքում ում հետ քննարկել: Ինչո՞ւ է գլխավոր դատախազը այնպիսի դիրք ընդունել, որ համակարգում շփվում է բացառապես իր մտերիմների, համակարգի նորեկների հետ, իսկ մարզային դատախազների, անգամ վարչության պետերի համար հասանելի չէ: Այս հարցի շուրջ մեկնաբանություն խնդրեցինք ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանից: Գլխավոր դատախազի խորհրդականը հերքեց «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունը՝ նշելով, որ գլխավոր դատախազի ղեկավարությամբ յուրաքանչյուր օր տեղի են ունենում հանդիպումներ եւ աշխատանքային քննարկումներ, որոնց մասնակցում են Գլխավոր դատախազության վարչությունների, Երեւան քաղաքի եւ մարզերի տասնյակ դատախազներ: