Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր անսպասելի հրաժարականի վերաբերյալ մի քանի հաստատագրումներ արեց, որոնցից առանձնացնում ենք ամենակարեւորները. ինքը մեծ նշանակություն է տալիս ՀՀԿ կուսակցության նախընտրական շտաբի պետի պաշտոնին, որտեղ տեսնում է իր եւ կուսակցության ապագան, ոչ մի վատ բան չի տեսնում, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունները մնացած 5-6 ամսվա ընթացքում փոխվի խորհրդարանի նախագահը, կարծում է, որ թիմի հաջողության դեպքում «Աբրահամյան Հովիկն ավելի ցածր պաշտոն չի ստանալու» եւ այլն: «Իսկ ինչ վերաբերում է Քոչարյանի եւ իմ հարաբերություններին, Քոչարյանի հետ ամենասերտ հարաբերություններն ունի Սերժ Սարգսյանը, այնպես որ դուք այդ հարաբերությունների մասին խոսեք։ Ես ընդհանրապես իրենց հարաբերությունների մեջ ո՛չ մտել եմ, ո՛չ էլ ցանկություն ունեմ մտնելու, եւ դա որեւէ կապ չունի Աբրահամյան Հովիկ-Ռոբերտ Քոչարյան հարաբերությունների հետ։ Ես ներկա, գործող այս թիմի հետ եմ, եւ իրենց հետ էլ գնալու եմ մինչեւ վերջ»,-«Ազատությանն» ասել էր Հովիկ Աբրահամյանը, ով երեկ հերքեց նաեւ իր դեմ եղած ձայնագրության գոյությունը. «Ես դավ նյութող չեմ»:
Երեկ դեռեւս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առանձին պատասխանեց «Ժողովուրդ»-ի հարցերին:
-Պարո՛ն Աբրահամյան, ճեպազրույցի ժամանակ ասացիք, որ տեղեկացված եք եղել եւ նախագահի հետ դեռ 15 օր առաջ քննարկել եք Ձեր հրաժարականի հարցը: Բայց այն կարծես թե Ձեր թիմի համար անակնկալ էր:
-Այո՛, մենք քննարկել ենք միասին, հետո տեղյակ ենք պահել թիմին եւ հիմա որոշում ենք կայացրել: Եւ այլ որեւէ պատճառ չի եղել: Կրկնում եմ` նախագահն առաջարկել է շտաբը ղեկավարել, ես ընդունել եմ այդ առաջարկը եւ ասել եմ, որ ճիշտ կլինի, որ ԱԺ նախագահի պաշտոնը թողնեմ, քանի որ մնում է 5-6 ամիս: Եւ ավելի ազատ կլինեմ կազմակերպելու, այցելելու մարզեր, հանդիպելու տեղական մարզային շտաբների հետ: Իմ կարծիքով՝ այս հարցի հիմքում նաեւ դրված է պատասխանատվության խնդիրը: Ես ասեմ, որ շնորհակալ եմ, շտաբը ղեկավարելը մեծ վստահություն է իմ նկատմամբ:
-Այնուամենայնիվ, անընդհատ մեկնաբանվում է, որ Ձերը եւս պաշտոնանկության նույն շղթայի օղակներից էր. Կարեն Կարապետյաններ, Ալիկ Սարգսյան …
-Սա ուրիշ օպերա է, սա կապ չունի որեւէ շարքի հետ: Նույնիսկ ես Ձեզ ասեմ` մեր ամբողջ թիմը զարմացած էր, որ լսեց, որովհետեւ ոչ մեկը չգիտեր: Բայց մենք հո հինգ ամսով չենք, մենք հեռանկարներ ունենք, մենք ապագայում գործեր ունենք, մենք պետք է կիսատ գործերն ավարտենք, եւ մեզ համար կարեւոր է ապագան, որ կախված է մայիսի ընտրություններից: Եթե մենք չունենանք մեծամասնություն, մենք խնդիրներ կունենանք. հնարավորություն չի լինի կառավարություն ձեւավորել, խնդիրներ կունենանք նախագահական ընտրություններում, դրա համար մեզ համար կարեւոր, առաջին մեխը պառլամենտական արդար ու ազնիվ ընտրություններ կազմակերպելն ու մեծամասնություն ունենալն է:
-Այնուամենայնիվ, համաձայնե՛ք` Ձեր հրաժարականի դեպքում կար չէ՞ ինտրիգ, խոսակցություններ, որ վարչապետի հնարավոր թեկնածուները չեզոքացված են: Կամ էլ` դավադրության տեսությունը, վերջապես` ձայնագրություն, որը համարեցիք մի լրատվամիջոցի կողմից նետված խայծ: Ձեր հրաժարականի լուրից անմիջապես հետո տեղեկություններ տարածվեցին, որ ԲՀԿ-ն էլ է դուրս գալիս կոալիցիայից: Ձեր մեկնաբանությունը` էլի մամո՞ւլն է հորինել:
-Այո՛, ես Ձեզ ասեմ` մամուլը միշտ էլ սիրում է ինտրիգներ սարքել, որպեսզի հետաքրքիր դառնա իրա գրածը, բայց այս պահին նման որեւէ խնդիր չկա, գոնե ԲՀԿ դուրս գալու մասով: Եւ ԲՀԿ-ն, իմ կարծիքով, ընդհանրապես կապ չունի. դա իմ որոշումն է, մեր կուսակցության ներքին խնդիրն է:
-Իսկ ճի՞շտ են լուրերը, որ օրերս Դուք, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Արթուր Բաղդասարյանը ռեստորաններից մեկում քննարկել եք խնդիրներ…
-Ո՛չ, ես գոնե ներկա չեմ եղել:
-Ձեր ապագա աշխատանքը կուսակցական տեսանկյունից իրոք կարեւոր է: Այսուհանդերձ, հնարավո՞ր է՝ մարդիկ լինեն, որ համարեն, որ այսպես ասած` «օպալում» եք հայտնվել: Ի դեպ, Ձեր կուսակիցները հրաժարականից հետո զանգե՞լ, աջակցություն հայտնե՞լ են:
-Չէ՛, ասեմ, ավելի շատ մարդիկ զարմացած են, ուզում են ինձնից լսել պատճառը, թե ինչու եմ հրաժարական տվել: Բայց պատճառը շատ հստակ է` ինչպես ասացի լրատվամիջոցներին: Բոլորը կհասկանան, որ ես ինքս եմ առաջարկը ընդունել եւ հրաժարական տվել:
-Դուք հայտարարեցիք, որ կոռեկտ չի քննարկելը, թե Ձեզ ով է փոխարինելու, որովհետեւ պաշտոնապես Ձեր հրաժարականը չեք ներկայացրել եւ մինչեւ նոյեմբերի 14-ն ու եւս 5 օր էլ, ըստ կանոնակարգի, դեռ ԱԺ նախագահ եք: Դրանից անմիջապես հետո՞ եք անցնելու ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարմանը, թե՞ ավելի ուշ:
-Այո՛, 20-ից հետո կգնամ շտաբ, եւ կսկսենք աշխատանքները:
-Իսկ ընտրություններից հետո, այնուամենայնիվ, Ձեզ որտե՞ղ եք տեսնում:
-Որտեղ կուսակցությունը կորոշի, ես խնդիր չունեմ, ես գործադիրի փորձ էլ ունեմ, օրենսդիրի էլ, որտեղ էլ որոշեն… եթե ես կարողանամ այդ գործը կատարել, շատ լավ, կհամաձայնեմ, եթե ոչ` կհրաժարվեմ:
-Ընտրվելիս Դուք խոստացել էիք բարձրացնել ԱԺ-ի դերը, որքանո՞վ դա Ձեզ հաջողվեց:
-Ես չէ, որ դրա գնահատականը պետք է տամ, բայց իմ կարծիքով` գոնե կարողացանք ԱԺ-ն դարձնել բազմակարծության ամբիոն: Նրա դռները բացվեցին բոլոր հասարակական, քաղաքական, ուսանողական շերտերի, դպրոցների առջեւ: Մարդիկ կարողացան պատկերացում կազմել պառլամենտի մասին: Ամեն ինչ հասցրել եմ անել, ինչ չենք հասցրել` անելու ենք:
-Ձեր թիմի ճակատագիրն ի՞նչ է լինելու: Իրենք մնալո՞ւ են, հեռանալո՞ւ են:
-Ո՞ր թիմի:
-Աշխատակազմ, մարդիկ, որ Ձեզ հետ են եկել:
-Չեմ կարծում, մեր թիմից են` ԱԺ նախագահի, Հանրապետական կուսակցության, այդ թիմը կշարունակի աշխատել: Որեւիցե խնդիր չեմ տեսնում:
ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆԸ ԼՐԻՎ ՈՒՐԻՇ ՕՊԵՐԱՅԻՑ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ