ՖՈՏՈ․ Վինգ Չունի (Ցունի) վարպետ դառնալու ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան երեք հարյուր տարի առաջ Հարավային Չինաստանից «Վինգ Չուն» յուրահատուկ մարտարվեստը նրբագեղորեն դուրս եկավ համաշխարհային ասպարեզ: Շաոլինյան տաճարում հինգ վանականների ուժերով ստեղծվում է «Քունգ Ֆու»-ի մի նոր մարտական ուղղվածություն, որն ավելի արդյունավետ էր, քան այդ ժամանակների «Կունգ Ֆու»-ի մյուս ուղղվածությունները: Հետագայում Շաուլինյան տաճարի կործանումից փրկված վանական (միանձնուհի) Նգ Մուին իր աշակերտներից երիտասարդ աղջնակի՝ Իմ Վինգ Չունին է փոխանցում այդ հանճարեղ մարտարվեստը՝ նրան վերածելով ինքնավստահ մարտիկի:Հետագայում մարտարվեստը, ի պատիվ նրա, անվանվում է «Վինգ Չուն»: Մարտարվեստի նպատակն է հնարավորինս արագ ոչնչացնել հակառակորդին: Չինարենից թարգմանաբար նշանակում է «հավերժական գարուն»: Վերջին տարիներին «Վինգ Չուն»-ը մեծ ճանաչում է ձեռք բերել Հայաստանում՝ դառնալով ամենակիրառական մարտարվեստներից մեկը, մեր երկիր բերելով «Վինգ Չուն»-ի նշանավոր վարպետների:

«Վինգ Չուն»-ը իր մեջ կրում է փիլիսոփայական եւ հոգեւվոր ասպեկտ: Այն դիտարկվում է ոչ միայն ինքնապաշտպանության ձեւ, այլ նաեւ ապրելակերպ, որն ընդգծում է անհատական աճ, հավատարմություն եւ ներքին հանգստություն:

«Վինգ Չուն»-ի էությունը ներդաշնակ երկակիություն է՝ միաժամանակյա հարձակում եւ պաշտպանություն՝ ստեղծելով անզիջում, սահուն հարձակում։ Հավատարիմ զուգընկերոջ փայտե մանեկենի՝ «Muk Yang Jong»-ի օգտագործումը այս մարտարվեստի վարպետներին օգնում է կատարելագործել իրենց տեխնիկան, ժամանակը եւ հասկանալ այս յուրահատուկ պարը:

Չնայած համաշխարհային ասպարեզ դուրս գալուն եւ համաշխարհային հանրաճանաչությանը՝ «Վինգ Չուն»-ը հավատարիմ է մնում իր արմատներին: Այն շարունակում է մնալ անթերի ինքնապաշտպանական համակարգ՝ համատեղելով դարավոր իմաստությունը արդիականության հետ: Նրա նրբագեղությունը կայանում է իր պարզության եւ արդյունավետության մեջ՝ դարձնելով այն համապարփակ պար, որը հասանելի է բոլորին՝ անկախ տարիքից եւ սեռից:

Հայաստանում «Վինգ Չուն»-ը լայնորեն կիրառվում է ոստիկանության եւ Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներում՝ իր՝ ինքնապաշտպանության ուղղվածության եւ իրական կենսական իրավիճակներում արդյունավետ կիրառման շնորհիվ: «Վինգ Չուն»-ը նախատեսված է իրական մարտական ​​իրավիճակների համար, այլ ոչ թե կանոններով կառավարվող սպորտային մենամարտերի համար: Նրա մեթոդները կենտրոնացած են հակառակորդի արագ եւ արդյունավետ չեզոքացմանը, որն իր մեջ ներառում է հարվածներ, որոնք անթույլատրելի են մրցակցային սպորտաձեւերում, քանի որ պարունակում են լուրջ վնասվածքներ ստանալու մեծ ռիսկ: Ի տարբերություն սպորտի ուղղվածություն ունեցող մարտարվեստներին, ինչպիսին են «Տեկվանդո»-ն կամ «Ձյուդո»-ն, «Վինգ Չուն»-ում չկա միավորների հաշվարկի ստանդարտ համակարգ, որը թույլ կտա արդար եւ հետեւողական դատել մրցումների ժամանակ: Դա է այն հիմնական պատճառներից մեկը, որ այն սովորաբար չի կիրառվում որպես մրցակցային մարզաձեւ, եւ թիմակիցների միջեւ ճանաչումը, տարբերությունը ձեռք է բերվում ոչ թե տիտղոսների եւ մրցանակաների, այլեւ գնահատականների, աստիճանների եւ, որ ամենակարեւորն է, սեփական տեխնիկայի կատարողականի եւ արդյունքների շնորհիվ: «Վինգ Չուն»-ի երկնակամարի ամենավառ աստղերից է հանդիսանում լեգենդար Բրյուս Լինը:

«Վինգ Չուն»-ի ամենահայտնի դպրոցներից մեկը Կովկասյան տարածաշրջանում գտնվում է այստեղ՝ Երեւանում: Դպրոցի առաջատար մարզիչ է հանդիսանում «Վինգ Չուն»-ի վարպետ Արման Արշակյանը: Արմանին Հայաստանի «Վինգ Չուն» (Ցունի)- «Քունգ Ֆու» ֆեդերացիայի կողմից շնորհվել է «Վինգ Չուն» մարտարվեստի վարպետի կոչում։ Նա հայկական հատուկ ջոկատայինների վետերան է եւ, որպես «Վինգ Չուն» վարպետ, Հայաստանում ոստիկանության եւ Զինված ուժերի հատուկ նշանակության զորքերին սովորեցնում է «Վինգ Չուն» մարտարվեստը։

«Ժողովուրդ» օրաթերթը, այս ամենի հետ կապված, զրուցել է Արման Արշակյանի հետ:

– Արմա՛ն, խնդրում եմ ասել, թե որոնք են Հայաստանում վերջին տարիներին «Վինգ Չուն»-ի հանրաճանաչության կտրուկ աճի պատճառները:

-Ես կարծում եմ, որ մեծամասամբ դա կապված է «Վինգ Չուն»-ի փիլիսոփայական հիմունքների հետ: Այն նպաստում է հանգստությանը, կարգապահությանը եւ ինքնաճանաչմանը: Դրանք հատկություններ են, որոնք անհրաժեշտ են գոյատեւման համար, եւ եկե՛ք նայենք իրականության աչքերին. մեր երկիրը տասնամյակներ շարունակ գտնվել է գոյատեւման ռեժիմում: 2020 թվականի պատերազմի, Արցախի ու Հայաստանի սուվերեն տարածքի վրա մշտական հարձակումների պայմաններում հանրային գիտակցությունը կենտրոնացած է այնպիսի բաների վրա, որոնք օգնում են գոյատեւել բարդ եւ կյանքի համար պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում:

-Ի՞նչ է պահանջվում անձից, որպեսզի նա կարողանա այս մարտարվեստի լավագույններից մեկը դառնալ:

– «Վինգ Չուն»-ում «Վարպետ» կամ «Սիֆու» տիտղոսը ունի մեծ կշիռ: Այն բնութագրում է մարդու, որը հասել է մարտարվեստի հմտության եւ ըմբռնման ամենաբարձր մակարդակին եւ իրավունք ունի ուրիշներին սովորեցնել: «Վինգ Չուն»-ի վարպետ դառնալու ճանապարհը ներառում է երկար տարիների ինտենսիվ մարզում եւ նվիրվածություն, ինչպես նաեւ պահանջում է ոչ միայն տեխնիկական հմտություններ, այլեւ արվեստի հիմնական փիլիսոփայությունների եւ սկզբունքների խորը ըմբռնում: Բացի այդ, Վարպետը պետք է մարմնավորի մարզումների հետ կապված այնպիսի արժեքները, ինչպիսիք են հարգանքը, կարգապահությունը, խոնարհությունը եւ ազնվությունը:

-Ինչպե՞ս կբնութագրեք «Վինգ Չուն»-ի վարպետ դառնալու Ձեր ուղին:

– Անձամբ ինձ համար դա խորը անձնական եւ վերափոխման գործընթաց էր, որն իր մեջ ներառում էր ավելի շատ, քան միայն տեխնիկայի ուսուցում: Խոսքը գնում է բնավորության զարգացման, արվեստի հետ խորը կապի ամրապնդման, ուսումնառության ձգտման ու ողջ կյանքի ընթացքում անհատական աճի մասին:

– Պատմե՛ք, խնդրում եմ, Հայաստանի ոստիկանության եւ Զինված ուժերի հատուկ ջոկատների հետ Ձեր աշխատանքի մասին: Ինչպիսի՞ ուսուցում եք Դուք նրանց առաջարկում:

– Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում «Վինգ Չուն»-ի փիլիսոփայության, հանգստի արդյունավետության եւ պարզության կոնցեպցիաների ուսուցմանը: Այս տարրերը մնացած ամեն ինչի հիմքն են, այդ թվում՝ մարտարվեստի գործնական կիրառման: Մարզումները ներառում են կպչուն ձեռքերի (Չի Սաո) տեխնիկան, որը զարգացնում է զգայությունը, ռեֆլեքսները եւ թույլ է տալիս մարտիկներին գերազանց կողմնորոշվել մերձամարտում: Ներառում են նաեւ փայտե մանեկենով մարզումներ, սպարինգներ եւ ուրիշ այլ տեխնիկաների ուսուցում:

Մարիամ Ղազարյան




Լրահոս