ՀՀԿ վերնախավում տեղի ունեցող փոփոխությունները ներքաղաքական դաշտն այն աստիճան են ցնցել, որ հայ հավաքական միտքն արդեն սկսել է անեկդոտներ հորինել: Ասում են` Սերժ Սարգսյանը նկարահանում է «Թոմ եւ Ջերի» մուլտֆիլմի երկրորդ սերիան:
Այնուամենայնիվ, ինչպե՞ս են կատարվածը գնահատում կոալիցիայից դուրս կամ նրանում գտնվող քաղաքական ուժերը, որոնք ակնհայտորեն նույնքան հետաքրքրված էին, որքան լրագրողները. որպես հռոմեական պալատին բնորոշ ներքաղաքական ինտրիգնե՞ր, դրանց հանգուցալուծո՞ւմ, թե՞ այլ քայլեր, որոնք միտված են իշխող ՀՀԿ-ի ներքին խնդիրների լուծմանը: «Ժողովուրդ»-ի այս հարցին պատասխանեցին մի քանի պատգամավորներ:
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, «Ժառանգություն»
«Իշխանությունը պատաստվում է խորհրդարանական ընտրությունների, նախագահական ընտրությունների եւ ըստ դրա` իրականացնում է քայլեր, որոնք համապատասխանում են իրենց ծրագրերին: Եւ հետո, ես չեմ կարծում, որ թիմի համար սա շոկային էր, որովհետեւ բավական ժամանակ է` քննարկվում է փոփոխությունների հարցը, եւ մենք տեսնում էինք այդ քննարկումների որոշակի հրապարակայնացում` տարբեր գործողությունների ձեւով»:
ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ, ԲՀԿ
«Խմորում ես չեմ համարում, աշխատանքի կազմակերպման արդյունավետությամբ պայմանավորված պրոցեսներ եմ համարում սա: Եւ բոլոր դեպքերում` որոշում կայացնողները հասկանում են` արդյունավետության կայացման համար ինչ է պետք, եւ շարժվում են այդպես»:
ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ, ՀՀԿ
«Հանրապետականի ռեսուրսն այնքան մեծածավալ է, որ որեւէ խնդիր չունի, եւ եթե մարդիկ իրենց կամքով հրաժարական են տալիս եւ գնում են մեկ այլ աշխատանքի, դա չի նշանակում, որ շոկային ինչ-որ… Եւ հետո, չեմ կարծում, որ մամուլն ինչ գրում է, այդպիսի խնդիր կա, առավել եւս Հովիկ Աբրահամյանը կուսակցության ղեկավար մարմնում է, երկար տարիներ կուսակցության անդամ է: Բացառում եմ նման բաները»: