Մի քանի դասագրքերի վերաբերյալ կան բողոքարկումներ, որոնք ուղարկվել են լրացուցիչ փորձաքննության․ խորհրդակցություն Արարատի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզպետարանում անցկացվել է 2023-2024 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը։

Կրթական համակարգի բարեփոխումների, նոր ուսումնական տարվանից կիրառվելիք նորարարական մոտեցումների վերաբերյալ քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, նախարարության և մարզպետրանի պաշտոնատար անձինք, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզի դպրոցների և նախադպրոցական հաստատությունների տնօրեններ։

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է Արարատի մարզից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթին մասնակցած դիմորդների արձանագրած ցուցանիշները։ Ըստ այդմ՝ 2023 թվականին Արարատի մարզից տարբեր բուhական հաստատություններ ընդունվելու դիմում-հայտ է լրացրել 920 դիմորդ։ Մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերի հանրագումարում ընդունվել է 682 դիմորդ (75,6%), որոնցից 132-ը (ընդունվածների 19,4%-ը)՝ առաջին անվճար հայտով (127-ը հիմնական փուլով, 5-ը՝ լրացուցիչ)։ Երկու միասնական քննությունից դրական միավորի շեմը հաղթահարել է 596 դիմորդ։

Խորհրդակցությանը քննարկվել են 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում նոր չափորոշիչների ներդրմանն առնչվող մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են ուսուցիչների վերապատրաստմանը և նոր դասագրքերի ստեղծմանը։

Արաքսիա Սվաջյանը նշել է, որ որոշ դասագրքեր փորձաքննության արդյունքում երաշխավորվել են, սակայն մի քանի դասագրքերի վերաբերյալ կան բողոքարկումներ, որոնք ուղարկվել են լրացուցիչ փորձաքննության։

«Պետք է վստահ լինենք, որ այս կամ այն դասագիրքը, որը երաշխավորվել կամ չի երաշխավորվել, հիմնավոր է։ Պետք է վստահ լինենք, որ դպրոց մտնող ցանկացած դասագիրք իսկապես համապատասխանում է բոլոր սահմանված չափանիշներին»,- նշել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ դասագրքերը տպագրման փուլում են։

Նշվել է նաև, որ սեպտեմբերից մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների, ինչպես նաև Հայաստանում ԲՏՃՄ առարկաների՝ բացառությամբ մաթեմատիկական առարկաներ դասավանդողների, ուսուցիչները կստանան հավելավճար։

Քննարկվել են նաև պարտադիր և կամավոր ատեստավորմանը, ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը, համընդհանուր ներառական կրթության կազմակերպմանն առնչվող հարցեր:

«Դպրոցն այն միջավայրն է, որը ոչ միայն գիտելիքներ, հմտություններ պետք է տա երեխաներին, այլև արժեքներ պետք է ձևավորի, ապահովի անվտանգ միջավայր, որտեղ երեխաները կկարողանան արդյունավետ ուսումնառություն իրականացնել։ Ցավոք, դպրոցներում համընդհանուր ներառման հետ կապված խնդիրներ կան, և այդ ուղղությամբ պետք է աշխատանք տանենք»,- նշել է Արաքսիա Սվաջյանը և հավելել, որ առաջիկա սեպտեմբերից ներդրվող ֆինանսավորման նոր մոդելով բոլոր դպրոցներում պարտադիր է լինելու հոգեբանի հաստիքը։

Առանձին խորհրդակցություն է անցկացվել նաև նախադպրոցական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ։

Նախարարի տեղակալը ներկայացրել է պարզաբանումներ նախադպրոցական կրթության համակարգի բարեփոխումների վերաբերյալ: Այս համատեքստում նշվել է, որ ներդրվել է ղեկավարման իրավունքի հավաստագրման համակարգ: Ըստ այդմ՝ նախադպրոցական հաստատությունների տնօրենների հավակնորդները պետք է հանձնեն հավաստագրման քննություններ, ձեռք բերեն ղեկավարման իրավունքի հավաստագիր: Նախադպրոցական հաստատությունների այն տնօրենները, որոնք աշխատում են աշխատանքային անժամկետ պայմանագրերով, մինչև 2024 թվականի հունիսի 1-ը պետք է հասցնեն ձեռք բերել ղեկավարման իրավունք: Տնօրենների հավակնորդների հավաստագրման գործընթացը կազմակերպում է ԿԳՄՍ նախարարությունը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման և ատեստավորման, ներառական կրթության համատեքստում ձեռնարկվելիք միջոցառումներին առնչվող մի շարք այլ հարցեր։ Խորհրդակցության ավարտին նաև հարց ու պատասխան է անցկացվել։




Լրահոս