ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի հրատապ նիստում Արցախի շրջափակման վերաբերյալ քննարկումը ոչինչ չի տվել։ Այս մասին ասել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը։
«Արցախում աղետ է։ Այսօր 120 հազար բնակիչ զրկված է սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումից, ինչի հետեւանքով արդեն մահվան դեպքեր են գրանցվում»,– ասել է կոնգրեսականը։
Նա հիշեցրել է, որ Արցախում ապրող հայերը շարունակում են մնալ շրջափակման մեջ, քանի որ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, եւ կոչ է արել հրատապ արձագանքել ստեղծված իրավիճակին։
Շիֆը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանի հետ, խոսել Անվտանգության խորհրդի նիստի մասին։
«Անհրաժեշտ է բանաձև, որը կպահանջի դադարեցնել միջազգային իրավունքի այս խախտումը, անհրաժեշտ է ապահովել պարենի և դեղորայքի անարգել մատակարարումը, ինչպես նաև մարդկանց ազատ տեղաշարժը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ԱՄՆ վարչակազմը պետք է շատ ավելին անեն։ Պետք է դադարեցնեն ռազմական օգնությունն Ադրբեջանին եւ հավաստիանան, որ ապօրինի շրջափակումը կդադարեցվի։ Ադրբեջանին ոչ մի կոպեկ պետք չէ տրամադրել, համենայն դեպս հիմա, երբ այդ աղետը շարունակվում է։ Մենք չենք կարող լուռ մնալ, վարչակազմը պետք է խոսի և գործի, ինչ–որ քայլեր պետք է ձեռնարկվեն, այլապես մարդիկ կշարունակեն մահանալ»,- հայտարարել է կոնգրեսականը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում արդեն հազարավոր մարդիկ են զոհվել, Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել ռազմագերիներին ՝ խախտելով միջազգային իրավունքը. «Ես խորապես մտահոգված եմ հայերի նոր ցեղասպանության վտանգի առկայությամբ»։