Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը չի մասնակցի աշնանը սպասվող ավագանու ընտրություններին, թեեւ տարբեր կուսակցություններից առաջարկներ ստացել է:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին հայտնեց ինքը՝ Թեհմինա Վարդանյանը:
Ավագանու ընտրություններում նրա ֆավորիտ թեկնածուն «Լուսավոր Հայաստան» խմբակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանն է: «Մի քանի կուսակցություններից առաջարկ եմ ստացել, այդ թվում՝ ինձ շատ հոգեհարազատ կուսակցությունից: Ինձ մոտ այս պահին անձի երկակիություն է, իմ մի մասն ասում է, որ չպետք է մասնակցեմ ընտրություններին, մյուս մասն ասում է, որ երկար տարիներ աշխատել եմ քաղաքապետարանում, պետք է գնամ ու իմ փորձը կիսեմ ավագանու նոր անդամների հետ: Ես գրեթե ամբողջականացրել եմ իմ մտքերը եւ կարծում եմ, որ չեմ մասնակցի ավագանու ընտրություններին, եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի»,-ասաց նա:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս ընտրություններից: Հնարավո՞ր է՝ սրանք նոր փոփոխությունների սկիզբ դառնան:
-Սպասումները պայմանավորված են երեւի թե ոչ քաղաքային ընտրություններով, այսինքն՝ Երեւանի ավագանու նոր ընտրություններով, այլ սպասումները կապված են հիմնականում աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ, որը ուղիղ անդրադառնալու է նաեւ մեր երկրի վրա: Այդ մասով ավելի ծանր իրավիճակում ենք, եւ ավագանու ընտրություններ քննարկելը, եթե սրանք լինեին արտահերթ ընտրություններ, ես առնվազն կաղաղակեի, բայց սրանք հերթական ընտրություններ են, եւ անձնապես սպասումներ չունեմ, որովհետեւ դժվարին իրավիճակ է այդուամենայնիվ: Տարբեր քաղաքական թեւեր կան, եւ որքան էլ ինձ համար ցավալի է, ես ավելի հակված եմ որոշ իշխանական կամ մերձիշխանական կուսակցություններին մեր օրերում, քան ընդդիմադիր կոչված որեւէ կուսակցությանը թեկուզ մտովի սատարելուն:
-Արդեն կան քաղաքական ուժեր, որոնք հստակ հայտարարել են, որ մասնակցելու են ավագանու ընտրություններին: Ունե՞ք ֆավորիտ թեկնածու:
-Այս պահին պետք է ասեմ, որ որեւէ մեկի համար գաղտնիք չեն իմ եւ պարոն Խաժակյանի անձնական հարաբերությունները եւ յոթ տարվա աշխատանքային հարաբերությունները: Նա իմ լավագույն ընկերներից է՝ անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ վերջինիս կուսակցական ելույթներից ու քաղաքական ելույթներից: Ես պարոն Խաժակյանին դիտարկում եմ որպես քաղաքային գործիչ առնվազն այս պահի դրությամբ, եւ եթե որեւէ կետում պարոն Խաժակյանին սկսեմ դիտարկել որպես քաղաքական գործիչ ընդհանուր հանրապետության մասշտաբով, գուցեեւ վերաբերմունքիս մեջ ինչ-որ բան փոխվի, բայց Դավիթն իմ ընկերն է, այդ թվում՝ քաղաքային ընկերը, ում հետ երկար տարիներ ձեռք ձեռքի տված կռիվ ենք տվել բոլորի դեմ: Բայց, այդուամենայիվ, ես խոսում եմ այս պահի դրությամբ իմ ֆավորիտի մասին. սա որեւէ մեկի համար գաղտնիք չէ, կարծում եմ, սպասելի է: Թե անմիջապես վաղը ինչ կարող է փոխվել, այս պահին չեմ կարող ասել:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈԻՇԵՂՅԱՆԸ
ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺ՝ ՄԻՋԱՆՑՔՈՎ
Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոնն (Global Centre For The Responsiblity To Protect) անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։
Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ավելի քան 7 ամիս Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ հարուցելով հումանիտար ճգնաժամ։
«Շրջափակումը Լեռնային Ղարաբաղում ապրող շուրջ 120 հազար հայերի, այդ թվում՝ 30 հազար երեխաների, զրկել է կենսական նշանակության այնպիսի ռեսուրսներից, ինչպիսիք են սնունդը, դեղորայքը, էլեկտրականությունը, վառելիքը։ Հուլիսի 28-ին Հայաստանի կառավարությունն Ադրբեջանին մեղադրեց շուրջ 400 տոննա հումանիտար օգնությունը Լեռնային Ղարաբաղ հասցնելուց հրաժարվելու համար: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հուլիսի 25-ին տարածած հայտարարությամբ հաղորդեց, որ, չնայած համառ ջանքերին, ԿԽՄԿ-ին վերջին անգամ շաբաթներ առաջ է թույլատրվել դեղորայք եւ անհրաժեշտ սնունդ հասցնել։ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն Լաչինի միջանցքի արգելափակումը եւ ապահովեն մարդկանց եւ ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչպես նաեւ երաշխավորեն հումանիտար հասանելիությունը՝ միջազգային իրավունքի եւ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը համապատասխան։ Պետությունները պետք է երկխոսություն վարեն բոլոր կողմերի հետ, ինչպես նաեւ աջակցեն տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար անկախ փաստահավաք առաքելություն ուղարկելու վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կոչին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոնի հաղորդագրությանը «Թվիթեր»-ում կատարած գրառմամբ արձագանքել է նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոնն արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը հազարավոր մարդկանց է ռիսկի տակ դնում Լեռնային Ղարաբաղում»,- գրել է Բադալյանը։
ՄԻԵԴ ԴԱՏԱՎՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ դատավոր Արմեն Հարությունյանի ժամկետի ավարտին քիչ է մնացել, եւ քաղաքական իշխանության ներսում կռիվ կինո է հասունանում: Բանն այն է, որ Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ դատավոր դառնալու համար իշխանության ներսում 3 թեկնածուի անուն է պտտվում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատավոր դառնալու համար պայքարում են ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը եւ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, իսկ թե ի վերջո որ թեկնածուին հավանություն կտա քաղաքական իշխանությունը, դժվար է ասել, սակայն փաստ է մեկ բան՝ դատական համակարգում երեք անուն է շրջանառվում։ Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր է ընտրվել Արմեն Հարությունյանը: Վերջինս ընտրվել է 9 տարով:
ՄՈՒՏՔԸ ԲԱՑԵՑԻՆ
Արցախցի երիտասարդները երեկ՝ վաղ առավոտից, փակել էին Կարմիր խաչի մուտքը եւ չէին թողնում աշխատակիցներին մտնել ներս։ Նրանց միացավ նաեւ օրեր առաջ առեւանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը, որը պահանջում էր որեւէ տեղեկություն տալ իր հոր մասին։ Ոստիկանները փորձում էին բանակցությունների միջոցով երիտասարդներին համոզել բացել մուտքը։ Արցախցի երիտասարդները ոստիկանության հետ բանակցություններից հետո թույլ տվեցին Կարմիր խաչի աշխատակիցներին մտնել շենք։
Համաձայնության եկան աշխատակիցների հետ. ներս մտնելու դեպքում պետք է ընդունեն Վագիֆ Խաչատրյանի դստերը՝ Վերային։ Վերջինիս հրավիրեցին՝ խոսելու Կարմիր խաչի աշխատակիցների հետ։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ որեւէ նոր բան չեն ասել Վերային, նրան հուսադրել են, որ աշխատանքներ կտարվեն նրա հայրիկի հետ կապ հաստատելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հակարի կամրջի մոտ գտնվող անցակետից ադրբեջանցիների կողմից առեւանգվել էր Վագիֆ Խաչատրյանը։ Նրա դուստրը՝ Վերան, արդեն մի քանի օր շարունակ միջազգային կազմակերպություններին է դիմում իր հոր մասին տեղեկություններ ստանալու համար, սակայն որեւէ արձագանք չկա։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ