Նոր մանրամասներ 8 ամիս քննվող քրեական գործից․ ինչ է բացահայտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի՝ ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառների վերհանման վերաբերյալ հանձնարարության՝ Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում քննության առարկա է դարձել Կոտայքի մարզային քննչական վարչությունում 8 ամսից ավելի քննվող քրեական վարույթը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքացի Ս.Բ.-ի դիմումի հիման վրա՝ դեռևս 2019 թվականի հուլիսի 8-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախանական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ հանցավորին վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը յուրացնելը կամ վատնելը), 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը):

Նախաքննությամբ պարզվել է, որ Արդարադատության նախարարության կողմից սնանկության կառավարչի գործունեության թույլտվություն ունեցող և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված Տ.Հ.-ն Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով նշանակվել է քաղաքացի Ա.Ս.-ի սնանկության գործերով կառավարիչ:

Տ.Հ.-ն, սնանկ ճանաչված Ա.Ս.-ի և Ս.Բ.-ի համատեղ սեփականություն հանդիսացող 285 մլն 755 դրամ արժողությամբ գույքերը հափշտակելու դիտավորությամբ, համաձայնության է եկել «Անիկոմ» ՍՊԸ աշխատակից, գնահատող Պ.Գ.-ի հետ և պայմանագիր կնքել: Պ.Գ.-ն «Արցախբանկ» ՓԲԸ-ում գրավադրված՝ Ա.Ս.-ի և Ս.Բ.-ի համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքերն ուսումնասիրելով՝ կեղծել է գույքերի իրական բնութագիրը, կազմել ակնհայտ կեղծ բովանդակությամբ գնահատման հաշվետվություն:

Մասնավորապես՝ «Անիկոմ» ՍՊԸ-ի գնահատող Պ.Գ.-ն, անշարժ գույքերի բնութագրերում չի ներառել հողատարածքները ոռոգման ցանցով համալրված լինելու և պտղատու այգի հանդիսանալու փաստը, գույքերը բնութագրել է որպես չորացած ծառերով անջրդի հողատարածքներ և գնահատել ակնհայտ ցածր՝ 14 մլն 700 հազար դրամ: Այնուհետև, սնանկության գործով կառավարիչ Տ.Հ.-ն, այդ արժեքով գույքերն աճուրդով օտարելու նպատակով՝ միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Դատարանը, հիմք ընդունելով անշարժ գույքերի գնահատման հաշվետվությունը, բավարարել է գույքերը 14 մլն 700 հազար դրամով մեկնարկային աճուրդով ներկայացնելու վերաբերյալ Տ.Հ.-ի միջնորդությունը: 2015 թվականի նոյեմբերի 12-ին երկու աճուրդով՝ ակնհայտ ցածր արժեքներով՝ 10 մլն 800 հազար դրամով և 3 մլն 900 հազար դրամով, գույքերը վաճառվել են Մ.Հ.-ին:

Արդյունքում` սնանկության կառավարիչ Տ.Հ.-ն, վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված անշարժ գույքերը՝ գույքի սեփականատերեր Ա.Ս.-ին և Ս.Բ.-ին պատճառելով 270 մլն 955 հազար դրամի գույքային վնաս:

2021 թվականի հոկտեմբերի 25-ին Տ.Հ.-ին մեղադրանք է ներկայացվել (հանրային քրեական հետապնդում) 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն թվականի նոյեմբերի 17-ին Պ.Գ.-ին մեղադրանք է ներկայացվել 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով գույքը յուրացնելուն կամ վատնելուն օժանդակելը):

2023 թվականի օգոստոսի 18-ին հսկող դատախազը հաստատել է քրեական վարույթով կազմված մեղադրական եզրակացությունը և հանձնել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Քրեական վարույթով 2023 թվականի հուլիսին կատարված ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ վարույթով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի պաշտոնատար անձը, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և շահադիտական նպատակով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել ծառայողական պարտականությունները և դրսևորել է անգործություն:

Մասնավորապես, վերոնշյալ սնանկության գործով, դատարանի պաշտոնատար անձը, ունենալով տեղեկություններ, որ վերոնշյալ սնանկության գործով հողատարածքների շուկայական արժեքը 285 մլն 755 հազար դրամ է, բավարարել է փաստացի այգի հանդիսացող հողատարածքները որպես անջրդի դատարկ հողատարածք ակնհայտ ցածր՝ 14 մլն 700 հազար դրամ մեկնարկային արժեքով աճուրդի ներկայացնելու վերաբերյալ սնանկության գործով կառավարչի միջնորդությունը: Դրանից հետո հողատարածքները ներկայացվել են աճուրդի և կայացված աճուրդում ակնհայտ ցածր արժեքով հաղթող է ճանաչվել պաշտոնատար անձի հետ կապերի մեջ գտնվող Մ.Հ.-ն:

2015 թվականի դեկտեմբերի 12-ին Արմավիրի նոտարական գրասենյակում սնանկության գործերով կառավարիչ Տ.Հ.-ի և աճուրդում հաղթող ճանաչված Մ.Հ.-ի միջև հողատարածքների վերաբերյալ կնքվել են առուվաճառքի պայմանագրեր, իսկ 2016 թվականի հունվարի 18-ին Կադաստրի կոմիտեում կատարվել է պետական գրանցում և որպես սեփականություն հաշվառվել է Մ.Հ.-ի անվամբ: Մ.Հ.-ն 2016 թվականի հունվարի 19-ին 3 մլն դրամով հողատարածքները վաճառել է Հ.Պ.-ին, ստացել պետական գրանցում, որից հետո այգին չի մշակվել, այն վերածվել է ամայի դաշտի: Արդյունքում՝ սեփականատերերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 270 մլն 955 հազար դրամի գույքային վնաս, ինչպես նաև նրանք զրկվել են այգուց ստացված եկամուտով պարտքերը հետագայում մարելու հնարավորությունից:

Հաշվի առնելով նախաքննությամբ ձեռք բերված տվյալները՝ հսկող դատախազի հանձնարարությամբ, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դրվագի կապակցությամբ 2023 թվականի հուլիսի 31-ին նախաձեռնվել է քրեական վարույթ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:




Լրահոս