Ներքաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես, իշխանական ճամբարում սկիզբ առած պաշտոնանկությունները որոշակի անդրադարձ կունենան նաեւ ընդդիմության առաջիկա մարտավարության վրա:
Դեռ ուրբաթ օրը Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բավական հետաքրքիր հայտարարություն էր արել. «Միապաղաղ թվացող իրավիճակը կարող է կտրուկ փոխվել ցանկացած պահի` կապված ոչ միայն հավանական, այլեւ բոլորովին անսպասելի որեւէ իրադարձության հետ: Մենք մտնում ենք քաղաքական պայքարի մի դինամիկ շրջան, որը մեր նպատակներին հասնելու նոր հնարավորություններ է ընձեռում: Հայ ազգային կոնգրեսի խնդիրն է, արդ, ճշտորեն հաշվարկել իր քայլերը եւ առավելագույնս օգտվել այդ հնարավորություններից»:
Կարճ ժամանակ անց իրականություն դարձան Տեր-Պետրոսյանի նախազգուշացումները. հենց հանրահավաքի օրը հրաժարական ներկայացրեց Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, երկուշաբթի` ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, երեքշաբթի ՀՀԿ-ում որոշվեց, որ հրաժարական է ներկայացնելու նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Իշխանական ճամբարն, իհարկե, այս պաշտոնանկությունները փորձում է ներկայացնել իրեն ձեռնտու լույսի տակ՝ որպես ընտրություններից առաջ ՀՀԿ դիրքերի ամրացում: Ու փաստորեն, ստացվում է, որ Սերժ Սարգսյանը, մի կողմից անելով իրեն ձեռնտու քայլեր, մյուս կողմից, ըստ էության, բավարարում է ընդդիմության պահանջները: Կոնգրեսը թեեւ իշխանական դաշտում կատարվողը համարում է իր քայլերի հետեւանք, մյուս կողմից շոյված չէ ու պնդում է, որ էլ ավելի է մոբիլիզացնելու իր ռեսուրսները՝ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու համար: Ընդ որում, Կոնգրեսը չի էլ թաքցնում, որ փորձելու է օգտագործել ներիշխանական այս ողջ գզվռտոցն իր նպատակներին հասնելու համար:
Երեկ ՀԱԿ-ում տեղի է ունեցել քաղխորհրդի հերթական նիստը: Քննարկվել են ներքաղաքական վերջին զարգացումներն ու նոյեմբերի 25-ի հանրահավաքին ընդառաջ Կոնգրեսի հետագա անելիքները: Ի դեպ, իսկ առավոտյան Կոնգրեսի գրասենյակում է եղել անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով հանդիպում ու քննարկում է ունեցել ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամների հետ:
ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ անկախ իշխանական ճամբարում տեղի ունեցող գործընթացներից, Կոնգրեսն ընթանալու է իր ճանապարհով: Իսկ ներիշխանական անցուդարձին Մուսինյանն առայժմ չի շտապում գնահատական տալ: Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Դավիթ Մաթեւոսյանը կարծում է, որ իշխանական ճամբարում տեղի ունեցողը հենց ընդդիմության մարտավարության արդյունք է: «Կարող եմ միայն ասել, որ ընդդիմության մարտավարությունը արդյունք է տալիս, եւ չեմ կարծում, որ ընդդիմությունն իր մարտավարությունը կփոխի»,-ասաց պարոն Մաթեւոսյանը:
Կոնգրեսի մեկ այլ ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը տեսակետ հայտնեց, որ Սերժ Սարգսյանն ընդամենը դիրքային տեղաշարժեր է կատարում՝ փորձելով լուծել իր խնդիրները: «Սակայն կարծում եմ, այդ ամենն անիմաստ է, քանի որ խորտակվող նավին չի հաջողվի հասնել ինչ-որ կառամատույցի ու խարիսխ գցել: Սերժ Սարգսյանը հիմա ընդամենը կառամատույց է փնտրում»,-ասաց Սմբատ Այվազյանը: Նրա կարծիքով` իշխանությունն այսօր սարսափած է ընդդիմությունից: «Այս քայլերով ուզում են զսպել իրենց վախը, ինչ-որ վիճակի գալ: Բայց այդ ամենը բացարձակ որեւէ արդյունք չի տա: Այնքան են անհեթեթ քայլերի դիմում, ընդհուպ գնում են երկրի երկրորդ դեմքի փոփոխության այն դեպքում, երբ երեք տարի առաջ էին նրան «նշանակել» այդ պաշտոնին՝ որպես իրենց ամենահավատարիմ մարդ, իսկ հիմա ստորացնում են նրան, նվաստացնում»,-ասաց Այվազյանը: Ինչ վերաբերում է ընդդիմության մարտավարությանը, Այվազյանի խոսքերով` «Կոնգրեսը զգում է, որ հաղթանակը շատ մոտ է, իր հաղթելու շանսերն այս ամենի հետեւանքով ավելի են մեծանում»:
Իսկ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի կարծիքով` իշխանական դաշտի իրավիճակը լայն հնարավորություններ է բացում ընդդիմության հետագա ակտիվ գործունեության համար: «Երբ նավի վրա վտանգ է հասունանում, մկներն ու առնետները լքում են նավը: Նրանց թիմում խուճապ է, թիմում փորձում են մեղավորներ գտնել ձախողումների համար, թիմը ճաքեր է տալիս, եւ դա պրոցեսի մեջ է: Եթե հիշում եք՝ վերջին հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ չեն բացառվում նման զարգացումները»:
ԿՈՆԳՐԵՍՆ ՕԳՏՎԵԼՈՒ Է ԱՅՍ ԱՄԵՆԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ