Լոռու և Արմավիրի մարզերում խորհրդակցություններ են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ օգոստոսյան խորհրդակցությունների հերթական փուլն անցկացվել է Լոռու և Արմավիրի մարզերում: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության բաժնից:

Լոռու մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ հանդիպել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ՀՄԿ-ի, Կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներ:

Արաքսիա Սվաջյանը խորհրդակցության սկզբում նախ ներկայացրել է միասնական քննությունների և բուհերի ընդունելության Լոռու մարզի վիճակագրությունը: «Գնահատման և թեստավորման կենտրոնի» կողմից ստացված ամփոփ տվյալների համաձայն՝ Լոռու մարզից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլին միասնական և ներբուհական քննություններով մասնակցելու հայտ է ներկայացրել 1035 դիմորդ: Հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքում բուհ է ընդունվել 795 դիմորդ, որոնցից 173-ը (21.8 %)՝ անվճար հայտով:

«Շատ լավ ցուցանիշներ են, շնորհակալություն նման արդյունք ապահովելու համար»,- դպրոցի ղեկավարներին ուղղված իր խոսքում ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Մարզի դիմորդներն ամենաշատն ընդունվել են հետևյալ բուհերը՝ ՎՊՀ (287), ԵՊՀ (115), Երևանի բժշկական համալսարան (64) և Երևանի տնտեսագիտական համալսարան (58): Առավել մեծ հետաքրքրություն են ներկայացրել «Կառավարում», «Բուժական գործ», «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունները: Լոռու մարզից 10 դիմորդ ընդունվել է տարկետման իրավունք ունեցող մասնագիտություններով ուսանելու համար, նրանցից 3-ը «Քիմիա», 3-ը՝ «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» մասնագիտացումներով:

Քննարկումների օրակարգում ընդգրկված էին նաև 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում նոր չափորոշիչների ներդրմանն առնչվող մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են ուսուցիչների վերապատրաստմանը և նոր դասագրքերի ստեղծմանը։ Նախարարի տեղակալը նշել է, որ որոշ դասագրքեր փորձաքննության արդյունքում երաշխավորվել են, սակայն մի քանի դասագրքերի վերաբերյալ կան բողոքարկումներ և դրանք ուղարկվել են լրացուցիչ փորձաքննության։

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է նաև, որ սեպտեմբերից մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների, ինչպես նաև Հայաստանում ԲՏՃՄ (բնագիտություն, ՏՀՏ, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների ուսուցիչները կստանան հավելավճար՝ բացառությամբ մաթեմատիկա դասավանդողների։

Քննարկվել են նաև պարտադիր և կամավոր ատեստավորմանը, ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը, համընդհանուր ներառական կրթության կազմակերպմանն առնչվող հարցեր: Ա. Սվաջյանը հավելել է, որ առաջիկա սեպտեմբերից ներդրվող ֆինանսավորման նոր մոդելով բոլոր դպրոցներում պարտադիր է լինելու հոգեբանի հաստիքը։

Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում ևս մեկ հանդիպում անցկացվել է Արմավիրի մարզում: Այն մեկնարկել է փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի ողջույնի խոսքով, որից հետո նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ամփոփ ներկայացրել է Արմավիրի մարզից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթին մասնակցած դիմորդների ցուցանիշները:

Այնուհետև նախարարի տեղակալը ներկայացրել է հանրակրթական նոր չափորոշչի ներդրման, նոր դասագրքերի ստեղծման, ուսումնական նյութերի կիրառման, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխության, դպրոցների ֆինանսավորման և կառավարման նոր մոդելի վերաբերյալ մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև դպրոցներում աշակերտների մասին տեղեկատվության ու նրանց իրավունքների պաշտպանությանը՝ շեշտադրելով թե՛ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար լավագույն պայմանների ապահովման, և թե՛ բուլինգի, ընտանիքում երեխայի բռնության և այլ արատավոր երևույթների վերահսկման և կանխարգելման բացառման կարևորությունը։

Քննարկվել է նաև պարտադիր և կամավոր ատեստավորմանը, ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը, համընդհանուր ներառական կրթության կազմակերպմանն առնչվող հարցեր:

Հնչած հարցերի շուրջ տնօրենները ներկայացրել են հարցադրումներ, ծավալվել է քննարկում։




Լրահոս