ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել բուհերում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակի չափերի սահմանման և պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկի հաստատման մասին որոշումը, որոնցով սովորելու դեպքում տրվում է պետական կրթաթոշակ:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարն ընդգծել է, որ առաջարկվող նախագծով շարունակվում է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» սահմանված միջոցառումների իրականացումը, որի կարևորագույն թիրախներից է բարձրագույն կրթության ֆինանսավորման գործող սկզբունքների և մեխանիզմների վերանայումը։
«Ոլորտում ներկայում կիրառվում է կրթաթոշակային քաղաքականություն. պետական բյուջեից միայն բուհերում կրթաթոշակների համար տրամադրվում է տարեկան շուրջ 846 մլն դրամ, որը, սակայն, որևէ կերպ խթան չի հանդիսանում սովորողների առաջադիմության և կրթական արդյունքի բարելավման համար՝ հաշվի առնելով մեկ ուսանողին հատկացվող կրթաթոշակի չափը՝ ամսական 4-5 հազար դրամ։ Այսինքն՝ ուսանողների կրթաթոշակը էական ազդեցություն չի գործում ո՛չ կրթության մատչելիության, և ո՛չ էլ կյանքի որակի վրա, մինչդեռ դրա համար պետության կողմից բավականին զգալի միջոցներ են հատկացվում: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել առավել նպատակային օգտագործել այս ծրագիրը և վերանայել կրթաթոշակային քաղաքականությունը՝ մեծացնելով յուրաքանչյուր ուսանողին տրվող կրթաթոշակի չափը և հստակեցնելով կրթաթոշակի տրամադրման պայմաններն ու պահանջները»,-նշել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախագիծը երկու հիմնական ուղղություն է նախատեսում, մասնավորապես՝ պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունների սահմանում՝ դրանք դարձնելով ավելի խրախուսելի և խթանող, որի արդյունքում կմեծանա դրանցով սովորողների թիվը: Ըստ նախարարի՝ առաջին փուլում այս քաղաքականության իրականացման համար ընտրվել են ԲՏՃՄ ուղղություններով մասնագիտական մանկավարժության ծրագրերը. «Սա ունի պարզ նպատակ՝ վերջին տարիներին ունենք մտահոգիչ ցուցանիշներ. գրեթե ոչ ոք չի դիմում այս ուղղություններով ուսուցիչ դառնալու համար: Միաժամանակ, ուսուցիչների միջին տարիքը ցույց է տալիս, որ առաջիկայում կարիք ենք ունենալու մեծ թվով երիտասարդ ուսուցիչների, որպեսզի դպրոցներում այս առարկաները դասավանդվեն»:
Հետևաբար, այս ուղղություններով մանկավարժության ծրագրերի բոլոր ուսանողների համար առաջին կուրսում կսահմանվի 70 000 դրամ կրթաթոշակ։ Հաջորդ կուրսերում՝ ըստ առաջադիմության՝ նախորդ ուսումնական տարվա արդյունքներով կրթաթոշակ կտրվի հետևյալ սկզբունքով․
միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90,01% և բարձր ՄՈԳ ունեցողներին՝ 77 000 դրամ,
80,01-90,00% ՄՈԳ ունեցողներին՝ 70 000 դրամ:
Նախարարը հույս է հայտնել է, որ սա էական ազդեցություն կունենա այս ուղղություններով սովորող ուսանողների թվի աճի վրա՝ հաշվի առնելով, որ նրանց մեծ մասը մարզաբնակ է և լրացուցիչ սոցիալական խնդիրներ կարգավորելու կարիք ունի՝ կեցության, տրանսպորտի և այլն:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախատեսվում է, որ 2023-2024 ուստարում բակալավրի կրթական ծրագրով նպատակային մասնագիտություններով կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը կլինի 58, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առավելագույնը 169՝ հաշվի առնելով, որ վերջինիս վճարովի տեղերի ընդունելությունը դեռևս չի ամփոփվել:
Նախագծով բարելավվել է նաև օրենքներով կրթաթոշակի իրավունք ունեցող սոցիալական խմբերի համար կրթաթոշակի չափերը՝ հաշմանդամություն ունեցող անձանց կրթաթոշակը սահմանելով 50 000 դրամ: Ըստ նախարարի՝ սա կարող է օգտագործվել նաև նրանց կրթության կազմակերպման լրացուցիչ ծախսերի համար, որոնք խելամիտ հարմարեցումների հնարավորություններ են պահանջում:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան սովորողներին կրթաթոշակ կտրամադրվի ՀՀ կառավարության սահմանած կարգով:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ Կառավարության այսօրվա նիստում ներկայացված է նմանատիպ մեկ այլ որոշում, որը վերաբերում է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի հաստատություններում կրթաթոշակի տրամադրմանը: Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատված առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկով (այս տարի՝ արդյունաբերություն, շինարարություն և գյուղատնտեսություն) հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին կտրամադրվի 50000 դրամ, իսկ գերազանց առաջադիմության սովորողներին՝ լրացուցիչ ևս 5000 դրամ կրթաթոշակ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով նախագծերի ընդունումը, նշել է, որ այս ոլորտում իրականացվող քաղաքականությունը փոխարինվում է թիրախային ծախսերի տրամաբանությամբ՝ գումարները ծախսելով առավել նպատակային: Նրա խոսքով՝ պետբյուջեի գումարի ծախսը պետք է լինի՝ ըստ իրականացվող քաղաքականության:
Նշենք, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ցանկում ընդգրկված մասնագիտության համապատասխան կրթական ծրագրերով 2023-2024 ուստարում բուհ ընդունված ուսանողները կստանան որոշմամբ սահմանված կրթաթոշակը: Որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ ներառյալ 2022-2023 ուստարին բուհեր ընդունված սովորողների (այդ թվում՝ նաև անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով կազմակերպվող բժշկական մասնագիտությունների համար) նկատմամբ, սահմանված կարգով և ժամկետներում՝ մինչև նրանց ուսումնառության ավարտը, շարունակվելու են կիրառվել ՀՀ վարչապետի 1999 թվականի ապրիլի 14-ի N 217 որոշման կարգավորումներն ու պետական կրթաթոշակի չափերը։