ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԸ ԳԻՏԵՐ
«Իմ հրաժարականի պրոցեսը նոյեմբերի 21-ին նոր կավարտվի, հաշվենք, որ նոյեմբեր ամիսն ավարտվեց, եւ քիչ ամիսներ են մնում` մայիսի 6-ին Ազգային Ժողովի ընտրություններն են»,-«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու է ընտրություններից 5 ամիս առաջ հրաժարական տալիս: Այսպիսով, փաստորեն, ԱԺ նախագահը հրապարակել է խորհրդարանական ընտրությունների օրը:

ԽՈՍՏԱՑԵԼ Է ԱՍՈՐԻՆԵՐԻՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է տարբեր երկրների ասորական համայնքների ներկայացուցիչներին եւ խոստացել աջակցել Հայաստանում համաշխարհային ասորական գիտահետազոտական եւ մշակութային կենտրոնի ստեղծմանը:

ԱՐԴԱՐԱՄԻՊ
ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հրապարակային նամակով դիմել է ՀՀ արդարադատության նախարարին` մատնանշելով մեր երկրում արդարության պակասի պատճառները: «Վստահ եմ, որ եթե կարգապահական վարույթ հարուցող մարմինները, այդ թվում եւ Դուք, արդար լինեն, որից հետո արդար լինեն այն 13 մարդկանցից մեծամասնություն կազմող գոնե յոթը, ապա դատավորների պատժման այսչափ կարեւոր համակարգը կդառնա արդար: Այդ պարագայում իր բոլոր որոշումներում արդար կգործի դատավորը` վախենալով միայն օրինական եւ արդար պատժից: Այդ դեպքում արդար կգործի պետության ամեն պաշտոնյա` վախենալով արդար դատավորից: Իսկ մինչ արդարության այս շղթան լիարժեք կգործի, առայժմ վախենում է մարդը, ով որեւէ առնչություն պիտի ունենա դատավորի հետ: Արդարության ակնկալիքով սպասում եմ այն նույն երեք դատավորների գործերով Ձեր որոշմանը»,-ասված է ՄԻՊ նամակում:

«ԽԵՂՃ» ԲԱՆԿԵՐ
«Հայաստանի առեւտրային բանկերի շահութաբերությունը 10-11 տոկոս է` ի տարբերություն բիզնեսի որոշ ոլորտների, որտեղ շահութաբերությունը շատ ավելի բարձր է»,-NEWS.am-ին ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նրա տեղեկացմամբ` բանկերի ակտիվները հասել են այս պահին ՀՆԱ-ի 54 տոկոսին, այնինչ 2008թ. եղել է 28 տոկոս: Վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը նույն ժամանակահատվածում 16 տոկոսից աճել է մինչեւ 28 տոկոսի: Ընդ որում, 2011թ. կտրուկ աճել են արդյունաբերությանն ու բիզնեսին տրամադրված վարկերը, իսկ սպառողական վարկավորման աճի տեմպը հետ է մնում բիզնեսի վարկավորման աճի տեմպից:

ՀԱՆԴԻՊԵԼ Է
Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավորների բազմակուսակցական պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում առաջին նախագահն անդրադարձել է երկրում հաստատված համակարգային կոռուպցիային` նշելով նաեւ 76 պատգամավորների կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստը: Պատվիրակության անդամների խնդրանքով Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է ՀԱԿ մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, ինչպես նաեւ անդրադարձ է կատարել Հայաստանում մամուլի ազատության վիճակին:

ՆԱԽԱՆՑԱԾ ԴԱՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՎ
2012թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ պետպաշտոնյաների արտասահմանյան գործուղման ծախսերի հարցը մտահոգել է հատկապես Եվրախորհրդի հայաստանյան պատվիրակներին: «Կա՛մ պետք է այլեւս չանդամագրվենք միջազգային որեւէ կառույցի, կա՛մ եթե ծախսերը չեն ավելացվելու, մենք ստիպված ենք լինելու չմասնակցել այդ նիստերին եւ թողնել, որ առանց մեր ներկայության կայացվեն որոշումները»,-բողոքել է ԵԽ ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: ԲՀԿ անդամ, Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ դժգոհել է գործուղումների համար փոխհատուցում ստանալու կարգից. «Պետք է ազատվենք այդ քաշքշուկներից, մեզ մոտ գործում են չգիտեմ որ դարի չափորոշիչները»:




Լրահոս