Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ազատ միջոցներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 4.0 մլրդ դրամի չափով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար:
Գործադիրը հավանություն է տվել նաև 2023 թվականի հունիսի 23-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության մաքսային ծառայությունների միջև փոխհամագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար։ Ըստ այդմ՝ նախատեսվում է մաքսային գործին վերաբերող հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման և այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանում։