Քաղաքապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի շտաբը չի գործում. այսպես ասած՝ շտաբը գործում է միայն ֆորմալ, զուտ որպես գրասենյակ, բայց որևէ գործունեություն այն չի իրականացնում:
ArmLur.am-ը երեկ՝ քարոզարշավի մեկնարկի առաջին օրը, եղել է ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մի քանի ուժերի նախընտրական շտաբներում, մասնավորապես, երեկ եղել ենք «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան»-ի և «Հանրապետություն» կուսակցությունների շտաբներում ու ներկայացրել ենք նրանց աշխատանքը:
Երեկ կապ հաստատեցինք նաև Հայկ Մարությանի նախընտրական շտաբի ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանց շտաբ նույնպես գնանք և հանրությանը հետաքրքրող հարցերն ուղղենք: Առանց այդ էլ նկատենք, որ Հայկ Մարությանը թերևս ամենափակ ու անհասանելի թեկնածուն է երևանցիների համար, որը ոչ հստակ իր առաջարկներն է ներկայացրել երևանցիներին, արդեն քարոզարշավի օրն է, բայց դուրս չի եկել ու չի հանդիպել քաղաքացիների հետ: Հետևապես, սա նաև առիթ կլիներ հարցեր ուղղել Մարությանի թիմին:
Բայց Հայկ Մարությանի շտաբը, կարծես, ոչ թե նախընտրական շտաբ լինի, այլ ընդամենը ընկերական նեղ շրջանակ: Մարությանի շտաբի խոսնակը շատ զարմացավ մեր զանգից, կարծես արտասովոր բան էինք խնդրում, հետո բավականին կոպիտ ու անհարիր ձևով արձագանքեց, թե իրենք մեզ շտաբ չեն հրավիրել:
Նկատենք, որ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի գործունեությունը, հատկապես քարոզարշավի ժամանակ, բաց է լուսաբանման համար, իսկ լրատվամիջոցը, առհասարակ, պարտավոր չէ որևէ շտաբից թույլտվություն վերցնել, կարող ենք ցանկացած ժամանակ գնալ ու մեր հետաքրքրող հարցերը տալ նրանց:
Թե ինչու՞ է Հայկ Մարության այսքան փակ ու կաշկանդված հանրության հետ շփումներից, անհասկանալի է, մեկ այլ հարց է նաև, որ եթե հիմա է խուսափում շփումներից, ընտրվելու դեպքում ինչպե՞ս է շփվելու քաղաքացիների հետ:
Ք․Մ․