Արցախում իրավիճակը մոտ է հումանիտար աղետի վերածվելուն․ Միրզոյանը՝ Նիդերլանդների դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ իրականացված և նախանշվող քայլերին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին:

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել վերջին երեք տարներին այս ուղղությամբ դեսպանի կողմից ներդրված ջանքերը՝ հանձնելով ՀՀ ԱԳՆ պատվո մեդալ և մաղթելով հաջողություն հետագա դիվանագիտական աշխատանքում:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի՝ մասնավորապես քննարկելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը: Կարևորելով միջազգային կազմակերպությունների, երկրների, այդ թվում՝ Նիդերլանդների կողմից արտահայտված հստակ դիրքորոշումները՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման ուղղությամբ քայլեր իրականացնելու հրատապությունը։

Նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը մոտ է հումանիտար աղետի վերածվելուն և կարող է էականորեն խաթարել տարածաշրջանում կայունության հաստատման գործում Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին:




Լրահոս