ՀՀ Արարատի մարզի Զորակ համայնքի ղեկավարի ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա մարտի 9-ին: Համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել են երկու թեկնածու ՝ ներկայիս ՀՀԿ-ական համայնքապետ Մանուկ Մալոյանը և ԲՀԿ-ական Էդուարդ Հարությունյանը: Նշենք, որ ԲՀԿ-ական թեկնածուն երկրորդ անգամ է առաջադրում իր թեկնածությունը:
-Պատրաստվո՞ւմ եք ընտրություններին:
-Արձակուրդի մեջ եմ, ճիշտն ասած, այդքան էլ չեմ հետաքրքրվում:
-Ե՞րբ եք վերադառնալու արձակուրդից:
-Մարտի 7-ին կվերադառնամ, իսկ 9-ին էլ ընտրությունը կանենք:
-Պայքարո՞ւմ եք:
-Ինչի՞ համար պայքարեմ:
-Գյուղապետի պաշտոնի համար:
-Ո՞վ ուզում է թող նա պայքարի:
-Բայց դուք առաջադրել եք ձեր թեկնածությունը:
-Ի՞նչ անենք: Ես ի՞մ հետ կռիվ անեմ: Ասեմ ՝ ուզում եմ գյուղապետ դառնալ:
-Իսկ Ձեր ԲՀԿ-ական մրցակի՞ցը:
-Հա, դե թող պայքարի, ի՞նչ անեմ: Պայքարում ա էլի ինքը: Ուժեղ լարվածություն չկա:
-Այնուամենայնիվ, դուք ՀՀԿ-ական եք, իսկ նա ՝ ԲՀԿ-ական:
-Այո, դա չի խանգարում ու ոչ էլ օգուտ է տալիս:
-Ցանկանո՞ւմ եք նորից վերընտրվել:
-Ո՞ր մի սալդատը չի ուզում գեներալ դառնա (ծիծաղում է-Ս.Հ.):
-Քանի՞ տարի է, ինչ գյուղապետ եք:
-Լենինը ո՞ր թվից է (ծիծաղում է-Ս.Հ.):
-Հումորի զգացում ունեք:
-1994 թվականից գյուղապետ եմ:
-Այս ընթացքում, ի՞նչ եք արել գյուղի համար:
-Գյուղի ճանապարհներն ենք խճապատել, փողոցների լուսավորությունն ենք կարգավորել, խմելու և ոռոգման ջրերի խնդիրներն ենք լուծել:
-Իսկ ընտրվելուց հետո ի՞նչ խնդիր եք լուծելու:
-Մի հատ մանկապարտեզ եմ ուզում բացել, դպրոցի վերանորոգման աշխատանքները պետք է կատարենք, ջեռուցման խնդիրը լուծենք, հետո ՝ որոշ ընտանիքների բնակարանները պետք է գազաֆիկացենք:
-Մեծ ծրագրեր ունեք, ուզած-չուզած պետք է ընտրվեք:
-Եթե աչքով չտաք ՝ կընտրվեմ (ծիծաղում է-Ս.Հ.):
-Ես աչքով չեմ տա, այ Ձեր մրցակիցը…
-Եթե աչքով տա, իր կնոջը պետք է աչքով տա, իմ հետ ի՞նչ գործ ունի:
-Ուժե՞ղ մրցակից է: Չե՞ք վախենում:
– Չէ, դժվար: Ինքը սկզբում ՀՀԿ- ական է եղել, հետո ընկել է ԲՀԿ-ի գիրկը:
-Իսկ գյուղացիները Ձե՞զ են հավատում, թե՞ նրան:
-88 թվականից մարդիկ ինձ ճանաչում են, կարո՞ղ է ինձ չհավատան: Մի անեկդոտ պատմեմ. ապարանցին իր թութակն ուսին ուզում է գնա ու մտնի ռեստորան, դռնապանն ասում է կենդանիներով թույլ չենք տալիս ռեստորան մտնել, այդ ժամանակ թութակը ծիծաղում է, ասում է ՝ բա՞ էս էշին որտե՞ղ կապեմ:
-Ինչո՞ւ պատմեցիք անեկդոտը:
-Ինքը ցանկանում է գյուղապետ դառնալ, բայց չի կարողանում:
Սյունէ Համբարձումյան