ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը: Նիստի սկզբում վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Կոռնիձորում գտնվող հումանիտար օգնության՝ ԼՂ տեղափոխելու արգելափակմանը, ինչպես նաեւ խաղաղ գործընթացը վիժեցնելու Ադրբեջանի գործողություններին:

 

Մասնավորապես, վարչապետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցության համար Հայաստանի Հանրապետության կառավարական աշխատանքային խմբի որոշմամբ նախորդ շաբաթ Լեռնային Ղարաբաղ ուղարկված 361 տոննա հումանիտար օգնությունը շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի հատվածում՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որովհետեւ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, ապօրինաբար արգելափակում է այդ հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ: Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռներ ուղարկելու որոշում կայացրեց այն բանից հետո, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարեց իր կողմից Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռներ տեղափոխելու անհնարինության մասին, քանի որ Ադրբեջանն ապօրինաբար խոչընդոտում է նաեւ այդ ջանքերին:

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը համառորեն շարունակում է պնդել, թե Լաչինի միջանցքի փակման պատճառներից մեկը սույն թվականի հունիսի 15-ին, ինչպես ինքն է ձեւակերպում, հայկական կողմի ռազմական սադրանքն է: Այդ օրն Ադրբեջանը փորձել էր դրոշ տեղադրել Հակարի կամրջի եզրին՝ Հայաստանի տարածքում՝ արժանանալով Հայաստանի սահմանապահ զորքերի օրինական հակազդեցությանը: Հենց Ադրբեջանի վերը նշված գործողությունն է սադրանքը, առավել եւս՝ այն պայմաններում, երբ երկու երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները դեռ մեկնարկի փուլում են: Տարբեր տեղերում ինքնակամ եւ հաճախ ուժի գործադրմամբ դրոշներ դնելու Ադրբեջանի գործելակերպը սահմանազատման եւ, ընդհանրապես, խաղաղ գործընթացը վիժեցնելու գործողության է նման:

«Նախորդ օրը սա երեւաց նաեւ Ադրբեջանի նախագահի՝ «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում: Հայտարարելով, թե, իբր, Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջներ չունի՝ Ադրբեջանի նախագահն ասում է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանները որոշված չեն: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանները որոշվել են 1991թ. Ալմաթիի հռչակագրով, եւ դա վերահաստատվել է 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներով, որտեղ Ալմաթիի հռչակագիրն ընդունվել է որպես երկու երկրների միջեւ սահմանների սահմանազատման եւ սահմանագծման հիմք: Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանը հետեւյալն է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Ալմաթիի հռչակագրով ֆիքսված սահմանը վիճարկելու տեղ թողնող դրույթներով խաղաղության պայմանագիր ստորագրել եւ հետագայում արդեն սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել Հայաստանի Հանրապետությանը: Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանները որոշված չեն, ի՞նչ տարածքների հարց է բարձրացնում Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում: Եթե նման հարց բարձրացվում է, ուրեմն սահմանները որոշված են, իսկ այդ սահմանի գծից զորքերի հայելային հետքաշման Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ: Իսկ սահմանների սահմանազատումը եւ սահմանագծումը ոչ թե սահմանի բացակայության մասին է վկայում, այլ հակառակը՝ որոշված, այսինքն՝ Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջեւ Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած վարչական սահմանագծերի վերահաստատման եւ հողի վրա դրանց արտացոլման գործընթացն է՝ որպես պետական սահման:

Այդ առումով ուզում եմ ընդգծել Հայաստանի հավատարմությունը միմյանց՝ 86,600 եւ 29,800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության  ճանաչման հիման վրա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղություն հաստատելու պայմանավորվածությանը: Սպասում ենք Ադրբեջանի կողմից այդ պայմանավորվածության հրապարակային վերահաստատմանը»:

 

 

 

ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ

Կառավարությունն օգոստոսի 3-ի նիստում գնման պայմանագրում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին որոշում կայացրեց, որով նախատեսվում է, «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի օգոստոսի 24-ին կնքված պայմանագրով, /Մ-12/-Կոռնիձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի կմ 9+000- կմ11+779.75 հատվածի վերակառուցման համար սահմանված ընդհանուր աշխատանքների ժամկետը երկարաձգել մինչեւ 2023 թվականի օգոստոսի 30-ը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՏԿԵ նախարարություն է դիմել /Մ-12/-Կոռնիձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի կմ 9+000- կմ11+779.75 հատվածի վերակառուցման աշխատանքներ իրականացնող «Ճանապարհ» ՍՊ ընկերությունը, տվյալ հատվածում իր կամքից անկախ պատճառների հետեւանքով հնարավորություն չի ունեցել աշխատանքներն ավարտին հասցնել պայմանագրով սահմանված ժամկետներում եւ խնդրել է երկարաձգել Կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետը, ինչպես նաեւ ապահովել աշխատանքների ավարտման համար (ծածկի վերին շերտի տեղադրման եւ կահավորման աշխատանքներ) անհրաժեշտ պայմաններ:

 

 

 

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հրաչյա Սարգսյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ:

Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանը նախկինում զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետի պաշտոնը, սակայն հրաժարական տվեց այս տարվա մարտի 17-ին, իսկ ապրիլի 4-ին նշանակվեց վարչապետի խորհրդական:

 

 

 

 

 

ԴՐԱՄԱՀԱՎԱՔ-ԵՐԵԿՈՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն: Մեզ հայտնի դարձավ, որ թվով 987 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է 506 532 950 ՀՀ դրամ: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը ներքին կարգով պատգամավորներին հրահանգել էր՝ ամեն մեկն իր կողմից առնվազն 5 հյուր բերեր, որպեսզի հավաքույթը մարդաշատ անցներ. բացի սա, պատգամավորներին ասվել էր, որ իրենց բերած հյուրերից յուրաքանչյուրը 20.000-ական դրամ պիտի նվեր տար իշխող կուսակցությանը դրամահավաքի անվան տակ:

 

 

 

 

 

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԼԻՆԵԼԸ՝ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը համոզված է, որ լինելով ՔՊ հիմնադիր անդամ՝ կկարողանա ապահովել Երեւանի ավագանու ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ:

«Այո, կարող եմ, որովհետեւ մինչեւ ՔՊ անդամ լինելը ես եղել եմ լրագրող, եւ երկար տարիներ իմ գործունեությունը նվիրված է եղել ազատ, թափանցիկ, մրցակցային  ու արդար ընտրություններ ունենալուն: Կուսակցական լինելը չի ենթադրում լինել հանցագործ, որովհետեւ ԿԸՀ նախագահի կողմից արդար, ազատ ու թափանցիկ ընտրությունների ապահովման համար իր պարտավորությունների չկատարումը կլինի հանցագործություն: Ես կարող եմ եւ ապահովելու եմ, որ Հայաստանում, քանի դեռ ես ԿԸՀ նախագահն եմ, ընտրությունները լինեն ազատ, արդար, թափանցիկ»,-ասաց նա:

Անդրադառնալով քարոզչությանը՝ Հովակիմյանն ասաց. «Ամենամեծ մոլորությունը մեր հասարակական հարաբերություններում այն է, որ մրցակցությունն սկսվում է այն պահին, երբ նշանակվում են ընտրություններ: Մրցակցությունը քաղաքական ուժերի միջեւ առկա է միշտ: Այն ուղղակի քարոզչության տեսքով իրավունք չունեն արտահայտել քվեարկության օրը եւ դրա նախորդ օրը: Մեր քաղաքական դաշտին շատ կնպաստի, եթե մեր քաղաքական ուժերը ընտրությունների միջեւ ընկած 5 տարիները օգտագործեն իրենց գաղափարները, հայացքները տարածելու, համախոհներ ներգրավելու ուղղությամբ:

Եթե օրենսդրությունն ուսումնասիրեք, կտեսնեք, որ քարոզարշավի փուլը ոչ թե հնարավորությունների եւ իրավունքների, այլ սահմանափակումների փուլ է: Այդ փուլում ընտրական օրենսգիրքը հստակ ամրագրում է, թե քաղաքական ուժերն ինչպես կարող են քարոզչություն իրականացնել, մինչդեռ դրան նախորդող 5 տարիներին քարոզչություն իրականացնելիս ավելի ազատ են»:

Անդրադառնալով ընտրական բուն գործընթացին՝ Հովակիմյանը նշեց, որ օգոստոսի 3-ից քաղաքական ուժերը կարող են իրենց առաջադրման փաստաթղթերը ներկայացնել ԿԸՀ։ «Տեղեկացնեմ, որ գոնե այս պահի դրությամբ դեռեւս ոչ մի քաղաքական ուժ չի առաջադրվել։ Ովքեր ընտրությունները պարբերաբար լուսաբանում են, գիտեն, որ քաղաքական ուժերը միշտ էլ չեն շտապում ու առաջադրումները գրանցում են նույնիսկ ժամկետի ավարտին մոտ»։

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 17-ին: Երեկվանից սկսվել է կուսակցությունների առաջադրումը:

 




Լրահոս