ՍԱՌԵՑՐԵԼ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շատ անդամներ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան  Լիլիթ Մակունցի հետ լարվել են: Բանն այն է, որ Մակունցը ԱՄՆ տեղափոխվելուց հետո կապը կտրել է բոլոր ՔՊ-ականների հետ. ինչպես իշխանական մեր աղբյուրներն են պատմում՝ եթե նախկինում որեւէ հարց էր լինում, դիմում էին Լիլիթ Մակունցին, նա անպայման ընդառաջում էր թիմակիցներին, կատարում էր նրանց խնդրանքը, բայց հիմա Մակունցն այլեւս առաջվանը չէ. նախկին խմբակցության անդամների հետ չի շփվում, անգամ նրանց զանգերին չի պատասխանում, միայն իշխանական վերնախավի հետ է շփվում, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի, նրան է զեկուցում ամեն ինչ, նրանից է հրահանգներ ստանում, Արարատ Միրզոյանի հետ շփվում է ի պաշտոնե՝ որպես արտգործնախարարի: Սրանից ՔՊ-ականները խիստ վրդովվել են, ասում են, որ երբ աշխատանքային այցով տարբեր երկրներ են գնում, դեսպանները գրկաբաց ընդունում են իրենց, ուղեկցում ժամանցի վայրերով, խանութներով, մինչդեռ Մակունցը շատ դեպքերում չի դիմավորում, սառն է: ՔՊ-ականների համար տարօրինակ է Լիլիթ Մակունցի այս պահվածքը, քանի որ նա թիմում այն քչերից է եղել, որ բոլորի հետ լավ հարաբերություններ է ունեցել, մինչդեռ հիմա դարձել է արհամարհող:

 

 

 

 

 

Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության փոխնախարար, շոկ առաջացավ: Պարզվում է՝ Պաշտպանության նախարարությունում էլ են խիստ անակնկալի եկել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մինչ Հրաչյա Սարգսյանին ՊՆ փոխնախարար նշանակելը նախարարությունում խոսակցություններ են եղել՝ ինչ կապ ունի 38-ամյա Սարգսյանը Զինված ուժերի կամ ռազմական գերատեսչության հետ: Փաստացի, բացի զինծառայությունից, ոչ մի ընդհանրություն չունի նա բանակի հետ: Քաղաքական իշխանությունները, որ այդպիսի շոկային որոշմամբ Սուրեն Պապիկյանին նշանակեցին նախարար, հանգստացրել են բարձրաստիճան զինվորականներին, թե փոխնախարարը անվտանգության ոլորտի հետ կապ չունի, ու նա տնտեսական հարցերով է աշխատանք տանելու։ Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պաշտպանության փոխնախարարներից մեկն է: Երբ նա քաղաքապետ էր աշխատում, նրա օրոք Երեւանի մետրոպոլիտենում ահռելի չարաշահումներ են եղել, որի առիթով քրգործ է հարուցվել: Չարաշահումները եղել են, ըստ տեղեկությունների, 2018-2021 թվականներին՝ Հայկ Մարությանի իշխանավարման օրոք։  ՊՎԾ-ն այդ լուրերը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է։ Գուցե Մարությանից հետո իշխանության գալով՝ Հրաչյա Սարգսյանը չէր սպասում, որ Երեւանի քաղաքապետարանում իրավիճակն այդքան վատ է, գուցե նաեւ հենց այդ պատճառով էլ Հրաչյա Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։

 

 

 

 

 

Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը 2022 թվականի հայտարարատու տարում հայտարարագրել է ամուսնու հետ համատեղ սեփականությամբ մեկ բնակարան Երեւանի Արաբկիր վարչական շրջանում։ Նա 2022 թվականին Արաբկիր վարչական շրջանում հողամաս է նվիրատվություն ստացել։ Ում կողմից է նվեր ստացել՝ չի նշել դատավորը: Նշենք, որ Թադեւոսյանի բանկային ավանդները տարեսկզբին կազմել են 12 մլն, որոնք տարեվերջին զրոյացել են։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 7 մլն 742 հազար դրամ, 1 հազար 337 դոլար եւ 411 եվրո։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 44 մլն 360 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտներ  54 մլն 036 հազար դրամ, որից 18 մլն 085 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ աշխատակազմի դատական դեպարտամենտից։ Նա դասախոսում է Սլավոնական եւ Երեւանի պետական համալսարաններում՝ 704 հազար դրամ ստանալով: Թադեւոսյանը նման գումարների հետ միասին հիփոթեքով բնակարան եւ ավտոտնակ է հայտարարագրել՝ 34 մլն 891 հազար դրամ ընդհանուր արժեքով։ 2 մլն  դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող միանվագ ծախսել է 23 մլն 500 դրամ։  Թադեւոսյանի ամուսինը՝ Վահագն Գրիգորյանը, ըստ կնոջ հայտարարագրի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետն է։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1մլն 200 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝  28 մլն, իսկ հաշվետու տարվա եկամուտները կազմել են  2 մլն 283 հազար դրամ։ Հիշեցնենք նաեւ, որ Լիլիթ Թադեւոսյանը «Մարտի 1»-ի գործը քննող դատավորներից մեկն է։ Նիկոլ Փաշինյանին եւ մյուսներին 2008-ին համարում էր հանցագործ, ոչ թե քաղբանտարկյալ, իսկ հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությանն է ծառայում:

 

 

 

 

Շուտով կլրանա մեկ տարին, ինչ Աժ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ (առավել հայտնի ալրաղացի Լյովիկ) գործով քննությունը իրականացվում  է ՀՀ վերաքննիչ դատարանում, սակայն մեկ տարվա ընթացքում ընդամենը 3 նիստ է կայացել: Մեզ հայտնի դարձավ, որ մեկ նիստը չի կայացել. կոլեգիալ կազմի դատավոր Ա. Բեկթաշյանի վատառողջ լինելն է եղել  պատճառը, մյուս դեպքերում նախագահող դատավոր Ա? Նիկողոսյանի՝ որպես Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի՝ Ազգային ժողովում կայանալիք ընտրությանը հնարավոր մասնակցության, ինչպես նաեւ պաշտպանի կողմից դատական նիստը հետաձգելու վերաբերյալ ներկայացված միջնորդության պատճառով չի կայացել: Ու մինչ նիստերը հետաձգվում են, ԱԺ նախկին պատգամավորը շարունակում է մնալ կալանքի տակ ԱԱԾ մեկուսարանում։ Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը դատապարտվել է  ազատազրկման՝ 9 տարի ժամկետով։ Նա կալանավորվել էր 2020 թվականի օգոստոսի 10-ին, եւ երեք տարի է արդեն՝ կալանքի տակ է։

 




Լրահոս