Երեկ, վարչապետի որոշմամբ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տեղակալ է նշանակվել Հրաչյա Սարգսյանը։ Հրաչյա Սարգսյանն իր աշխատանքային կարիերան սկսել է դեռ 2010 թվականից՝ աշխատելով «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ում, «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ տարբեր հաստիքներով։
Թվում է, թե նման կրթություն եւ աշխատանքային փորձ ունեցողը կապ չի ունենա քաղաքականության հետ, սակայն 2018 թվականը շրջադարձային եղավ Սարգսյանի կյանքում։ Նա «Իմ քայլը» դաշինքով ընտրվեց Երեւանի ավագանու անդամ, ապա դարձավ քաղաքապետի առաջին տեղակալ, հետո՝ քաղաքապետ։ Քանի որ իշխանությունները սիրում են անակնկալներ մատուցել, Սարգսյանի նոր նշանակումն ավելին էր, քան անակնկալ։ Ինչպե՞ս եղավ, որ բանկային համակարգում աշխատողը հանկարծ դարձավ քաղաքապետ, հետո՝ վարչապետի խորհրդական, իսկ այժմ՝ Պաշտպանության նախարարի տեղակալ։
«Ժողովուրդ» օրաթերթը խոսել է նախկին պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հետ՝ իմանալու՝ ինչ կարծիք ունի նա այս նշանակման վերաբերյալ։
«Այս հարցը պիտի տանք ներկայիս իշխանություններին, թե ինչ արժանիքների համար է նշանակվել, ինչ ճանապարհ է անցել եւ ինչ ուղղություն է համակարգելու ՊՆ-ում։ Ես Հրաչյա Սարգսյանին չեմ ճանաչում, բայց միանշանակ է, որ իշխանությունները ցանկացած պաշտոնի նշանակում են իրենց քաղաքական թիմից՝ իրենց քմահաճույքները կատարելու համար։ Բայց, կարծում եմ, գնահատականներից մեկն այն պետք է լինի, որ Պաշտպանության նախարարությունը չպետք է լինի այն կառույցը, որ երբ մարդկանց համար գործ չեն կարողանում գտնել, այնտեղ նշանակեն պաշտոնի»։
Սեյրան Օհանյանը փաստում է, որ այս նշանակումը միանշանակ քաղաքական բնույթ է կրում, եւ իրենց քաղաքական թիմի անդամներից են նշանակում այնպիսի մարդկանց, ովքեր իրենց քաղաքական թիմի առաջադրանքներն է կատարելու։ Հարցին, թե որքանով է ճիշտ ընտրել նախարարի տեղակալ այն դեպքում, երբ 5 ամիս թափուր է ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնը, 7 ամիս՝ ՀՀ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի պաշտոնը, 2 տարի 7 ամիս՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի 2 տեղակալի պաշտոնը, Օհանյանը պատասխանեց. «Միանշանակ անընդունելի է, որ դրանք թափուր են։ Սահմանապահ զորքերի հրամանատարը պետք է իրականացնի ազգային անվտանգության սահմանապահ զորքերի ողջ կառավարումը, այն էլ՝ այն ժամանակ, երբ մենք լուրջ սահմանային խնդիրներ ունենք։ ՀՀ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնները հանդիսանում են ուղեղը որոշումներ կայացնելու հարցում, եւ սա առաջին դեպքը չէ, որ այս պաշտոնները թափուր են։ Սա խոսում է նրա մասին, որ այսօր ՀՀ իշխանությունները լուրջ չեն վերաբերվում Զինված ուժերի կարեւոր պաշտոնների համալրվածությանը եւ այդ պաշտոններում նշանակված մարդկանց կողմից քաղաքական իրավիճակներում ճիշտ որոշումներ ընդունելու, իրականացնելու գործին»։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ ՍՆՆԴԻ ՔԱՐՏԵՐ
Սոցիալապես անապահով եւ արտակարգ իրավիճակներից տուժած 13,000 քաղաքացու կտրամադրվեն սննդի քարտեր՝ 3 ամիս ժամկետով, ամսական 9 հազար դրամի չափով։
Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերում ծրագիրն իրականացնելու նպատակով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ու Միավորված ազգերի կազմակերպության Պարենի ու համաշխարհային ծրագիրը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Առաջնահերթ համարելով խոցելի խմբերի պարենային ապահովության բարելավման ուղղությամբ արդյունավետ ծրագրերի իրականացումը՝ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կարեւորեց Պարենի համաշխարհային ծրագրի դերը: Նախարարը հույս հայտնեց, որ անհրաժեշտ ջանքերի ու ռեսուրսների համախմբմամբ եւ համագործակցության հստակ մեխանիզմների ձեւավորմամբ հնարավոր կլինի լիարժեք ապահովել ծրագրով սահմանված արդյունքները:
Պարենի համաշխարհային ծրագիրն իր հերթին պարտավորվել է իրականացնել շուկայի ֆունկցիոնալության գնահատում, վերապատրաստել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների սոցիալական աշխատողներին, մշակել սննդի աջակցության քարտի համար անհրաժեշտ ստանդարտ գործառնական ընթացակարգ եւ այլն:
Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ եւ տնօրեն Նաննա Սկաուն, ընդգծելով այս համագործակցության կարեւորությունը, նշեց, որ ոգեւորված են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ իրականացվող «Սննդի աջակցության քարտ» ծրագրի մեկնարկի համար:
«Այս համագործակցությունը նպատակ ունի օգնել խոցելի ընտանիքներին գնել սննդարար մթերք՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք վերջին տարիների ընթացքում ենթարկվում են բազմաթիվ ցնցումների, այդ թվում՝ պարենային գնաճի: Միասին մենք զորեղացնում եւ հույս ենք տալիս կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքներին՝ պարտավորվելով սննդի աջակցության քարտերի ծրագիրը հանձնել կառավարությանը՝ որպես աղետներից տուժած մարդկանց աջակցության գործիք»,- ասաց Նաննա Սկաուն:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն այս աջակցությամբ ցանկանում է բարելավել եւ ուժեղացնել հնարավոր ցնցումներին դիմակայելու պետական ռազմավարությունը, ինչպես նաեւ խթանել սոցիալական աջակցության մեխանիզմները պարենային խնդիրներ ունեցող բնակչության խմբերի համար:
ԵՐԱՇՏ ԵՂԵ՞Լ Է
Հայաստանի Հանրապետություն հացահատիկը գրեթե ամբողջությամբ (99.9%) ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից: 2022 թվականին ՀՀ է ներմուծվել 533.6 հազար տոննա հացահատիկ, որից 379.0 հազար տոննան ցորեն է, 57.5 հազար տոննան՝ գարի, 97.1 հազար տոննան՝ եգիպտացորեն։ Ներկայացված տվյալներից պարզ է դառնում, որ ՀՀ-ն հացահատիկի պահանջարկը մեծամասամբ լրացնում է ներկրման միջոցով։ Իսկ արդեն տեղական շուկայում պատկերը փոքր-ինչ այլ է:
Այսպես, 27 տարբեր բնակիչներ միեւնույն վայրից՝ Սյունիքի մարզի Շիկահող բնակավայրից, ահազանգում են. «Ցորեն ենք ցանել, երաշտի պատճառով չորացել է, ապագհովագրական ընկերությունն էլ՝ «Լիգա Ինշուրանս»-ը, հրաժարվում է փոխհատուցել»:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «Լիգա Ինշուրանս»-ի հետ՝ հասկանալու, թե ինչու չի տրամադրվել ընկերության կողմից փոխհատուցում: Մեզ պատասխանեցին, որ Հայաստանի տարածքում երաշտ չի հայտարարվել, հավանաբար հենց այս պատճառով էլ չի տրամադրվել փոխհատուցում:
«Ժողովուրդ» օրաթերթին Շրջակա միջավայրի եւ բնապահպանության նախարարությանը ենթակա «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնեցին, որ իրենք տեղյակ են խնդրին, եւ այժմ այդ դեպքը ուսումնասիրվում է որպես մասնավոր դեպք բոլոր մանրամասնություններով:
ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեում կազմակերպվել է ««Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հանրային լսում, որին մասնակցել են շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը համառոտ ներկայացրել է նախագիծը, որից հետո քննարկման մասնակիցները հնչեցրել են իրենց կարծիքները ծրագրի վերաբերյալ եւ մի շարք հարցեր ուղղել ոլորտի պատասխանատուներին:
Կոմիտեի նախագահը նշել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի քննարկումները հանրային լսումով չեն սահմանափակվելու. առաջիկայում նախատեսվում են այցելություններ տարբեր գիտական կենտրոններ ու բուհեր՝ ծրագրի քննարկման եւ նախագծման փուլերում հնարավորինս շատ շահառուներ ներգրավելու եւ տարբեր ոլորտների առանձնահատկությունների հետ կապված խնդիրներին մանրամասնորեն ծանոթանալու նպատակով:
Նախատեսվում է սեպտեմբերից սկսել «Ակադեմիական քաղաք»-ի նախագծման փուլը, որը, համաձայն ժամանակացույցի, կտեւի երկու տարի: Կառուցման փուլը նախատեսվում է մեկնարկել 2025 թ. հոկտեմբերից եւ, նախնական գնահատմամբ, ավարտել 2029 թ. դեկտեմբերին: