ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող մի խումբ դասական երաժիշտներ, փորձելով իրենց աջակցությունը հայտնել շրջափակված Արցախին, առցանց հարթակում կանցկացնեն «Արցախի խաղաղության փառատոն»-ը (Artsakh Peace Festival):

 

Նախաձեռնությանը, որի մասին տեղեկությունը հրապարակվել է փառատոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում, միացել են սոպրանո Ռուզան Մանթաշյանը,  բարիտոն Նավասարդ Հակոբյանը, օպերային երգիչներ Ակսել Դավեյանը,  Գուրգեն Բավեյանը, օպերային երգչուհի Լիաննա Հարությունյանը եւ այլք:

Փառատոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակվել է մանիֆեստ՝ հանուն Արցախի:

«Մենք` աշխարհի տարբեր բեմերում հանդես եկող երաժիշտներս, այսօր մեր ձայնն ենք բարձրացնում՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության ժողովրդի, որը կանգնած է աննախադեպ հումանիտար ճգնաժամի առաջ։ Ութ ամիս շարունակ 120 հազար մարդ համատարած շրջափակման մեջ է՝ իրական ցեղասպանության սպառնալիքի ներքո։

Արցախի բնակիչները 3 տարի առաջ բախվեցին ավերիչ պատերազմին, պատերազմ, որտեղ հազարավոր մարդիկ զոհվեցին, իսկ տասնյակ հազարները ստիպված եղան լքել իրենց տները՝ հարկադրաբար հեռանալով իրենց նախնիների հազարամյա գյուղերից ու քաղաքներից:

Արցախի մնացած հատվածն այժմ գտնվում է Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման մեջ։ Արցախն այսօր, ասես պաշարված ամրոց, դիմակայում է ծանրագույն դժվարությունների, սակայն մարդիկ չեն ցանկանում լքել իրենց պապերի երկիրը։ Պաշարումը մարդկանց զրկել է բոլոր իրավունքներից եւ ազատություններից, տեղաշարժման հնարավորությունից, սննդի եւ դեղորայքի մատակարարումից, վառելիքից եւ խաղաղ, արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ մնացյալ ամեն ինչից։ Փոխարենը արցախցին ամենօրյա սպառնալիքներ է ստանում Ադրբեջանից, որը կրակում է անգամ գյուղտեխնիկայի վրա՝ գյուղացուն թույլ չտալով մշակել սեփական հողը։

Մենք՝ երաժիշտներս, որ մեր կյանքը նվիրել ենք ամենաբարձր ու գեղեցիկ արվեստին, այսօր ցանկանում ենք Արցախի մեր հանդիսատեսի հետ կիսել մեր լավագույն զգացմունքները եւ կարեւորագույն մտքերը: Մենք ուզում ենք նվագել ու երգել արցախցիների համար, որպեսզի նրանց վերադարձնենք ՀՈՒՅՍԸ։

Մենք` երաժիշտներս, այսօր նույնպես զրկված ենք Արցախի մեր հանդիսատեսի համար ելույթ ունենալու հնարավորությունից։

Այդ պատճառով մենք հայտարարում ենք Արցախի խաղաղության փառատոնի մեկնարկը՝ վիրտուալ փառատոնի, որը կոչված է երաժշտության միջոցով պատմելու պաշարված ժողովրդի մասին, կոտրելու լռության պատը, մեր ձայնը դարձնելու Արցախի ձայնը: Ինչպես բոլորովին վերջերս, երբ մարդիկ իրարից բաժանված էին կովիդի պատնեշով, այսօր էլ այս բաց աշխարհում մենք ստիպված ենք Արցախի մեր հանդիսատեսի համար ելույթ ունենալ՝ օգտագործելով ինտերնետային միջոցները։

Մեր սիրելի՛ հանդիսատես,

մենք երկար տարիներ լցրել ենք ձեր սրտերը գեղեցիկ մեղեդիներով եւ ներդաշնակությամբ։

Այժմ էլ, ահա, խնդրում ենք, որ դուք բաց պահեք ձեր ականջներն ու սրտերը պաշարված արցախցիների ձայնի համար։ Մեզ հետ եղե՛ք այս ծայրահեղ պահին, եկե՛ք միասին ավելի բարձր հնչեցնենք Արցախի ժողովրդի ձայնը։

Թույլ չտանք, որ տեղի ունենա վատագույնը:

Օգնե՛ք բացել Կյանքի ճանապարհը:

Տարածե՛ք այս մանիֆեստը։

Եկե՛ք արժանի լինենք երաժշտության՝ մեզ շնորհված բարձր առաքելությանը»:

 

 

 

 

ԿՄԱՐՄՆԱՎՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍՈՒՀՈՒՆ

Իտալացի ականավոր կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտ» օպերայում, որը հանդիսատեսը հերթական անգամ դիտելու հնարավորություն կունենա օգոստոսի 6-ին, Տուրանդոտի դերում հանդես կգա նշանավոր սոպրանո, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանը:

Հայաստանյան եւ աշխարհի տարբեր հեղինակավոր բեմերի հանդիսատեսի հիշողություններում անջնջելի են երգչուհու անզուգական երգեցողությունը, փայլուն խաղն ու առինքնող եւ անմոռանալի կերպարները: Այս բեմելը առանձնահատուկ է, քանի որ Մխիթարյանն առաջին անգամ է անդրադառնում Տուրանդոտին:

Արքայադուստր  Տուրանդոտի եւ Կալաֆի սիրո պատմությունը ներկայացնող օպերայի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 1926 թվականին Միլանի «Լա Սկալա» թատրոնում, որից հետո այն տարածում է գտել աշխարհի տարբեր անկյունների ամենահեղինակավոր համերգասրահներում եւ թատրոններում: Կալաֆը երիտասարդ արքայազն է, որը փորձում է գրավել արքայադուստր Տուրանդոտի սիրտը, ինչն էլ նրան հաջողվում է:

Երեւանի օպերային թատրոնի «Տուրանդոտ» ներկայացման մեջ ընդգրկված են թատրոնի ինչպես արդեն անվանի, այնպես էլ երիտասարդ մեներգիչները, թատրոնի երգչախումբը, սիմֆոնիկ նվագախումբը:

Բեմադրությունն իրականացրել է ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Նովոսիբիրսկի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր, Նովոսիբիրսկի պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Վյաչեսլավ Ստարոդուբցեւը, գեղեցիկ դեկորացաների եւ շքեղ հագուստների հեղինակն է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի Պրիմորսկիի բեմի գլխավոր դիզայներ Պյոտր Օկունեւը, իսկ հագուստները պատրաստել է «Գաբաջյան նորաձեւության տուն»-ը: Ներկայացման լուսային ռեժիսորն է Սերգեյ Սկորնեցկին, իսկ վիդեո կոնտենտի բեմադրիչը՝ Վադիմ Դուլենկոն:

 

 

 

 

ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՂԱՐԿՎԵՑ

Ամերիկյան Disney Plus հոսքային ծառայությունը չեղարկել է Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մասին «Աթաթուրք» սերիալի  ցուցադրությունը: Այս մասին գրում է թուրքական yenisafak.com կայքը՝ մանրամասնելով, որ սերիալի ստեղծման վրա ծախսվել է 8 մլն դոլար:

Աղբյուրի պնդմամբ՝ սերիալի ցուցադրությունը չեղարկվել է ԱՄՆ հայկական լոբբիի ճնշման արդյունքում, թեեւ ավելի վաղ հաղորդվել էր, որ այն հարթակում կցուցադրվի 2023 թվականի հոկտեմբերի 29-ից։

Այժմ հայտարարվել է, որ 6 դրվագից բաղկացած սերիալը նոյեմբերի 3-ին կցուցադրվի որպես գեղարվեստական ֆիլմ եւ միայն Թուրքիայի կինոթատրոններում։

Նշվում է, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը սոցցանցերի իր էջերում գրառումներ է կատարել եւ պահանջել չեղարկել «Աթաթուրք» սերիալի ցուցադրությունը։

 

 

ՏԻԿՆԻԶՅԱՆԻ ՎԱԽԵՐԸ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը պատմել է իր ֆոբիաների մասին։

«Հիմնական վախերս են սարդերը, ինքնաթիռով թռչելը եւ մթությունը։ Երբ թիմի հետ թռչում ենք, ինքնաթիռի ամեն ցնցումից ես էլ եմ ցնցվում։ Մթության հետ կապված մանկուց վախենում եմ քնել մթության մեջ։ Միշտ թույլ լուսավորություն եմ թողնում, այլապես չգիտեմ՝ ինձ կարող են ինչ-որ անդրկողմյան ուժեր գողանալ։ Այդպես է իմ գլխում։ Սարդերի հետ կապված՝ հավանաբար սարդերից շատերն են վախենում»,- ասել է Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» մամուլի ծառայության հետ զրույցում։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջին երկու տուրերում Տիկնիզյանը խփել է երեք գոլ։

 

 

 

 

ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԸ

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում պայքարը կշարունակի հայկական միայն մեկ ակումբ: «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում մրցել է հունական «Արիս»-ի հետ ու զիջել նվազագույն հաշվով: Թիմերի երեւանյան հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1 հաշվով: «Արարատ-Արմենիա»-ն դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլից:

Հայաստանի չեմպիոն «Ուրարտու»-ն մրցել է ռումինական «Ֆարուլ»-ի հետ: Երեւանում կայացած խաղում Հայաստանի չեմպիոնը պարտվել է 2:3 հաշվով, ինչպես առաջին խաղում էր: Դմիտրի Գունկոյի թիմը դուրս է մնացել եվրագավաթային մրցաշարից: Երեւանի «Ալաշկերտ»-ը հյուրընկալվելիս հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում զիջել է հունգարական «Դեբրեցեն»-ին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 1:2 հաշվով եւ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավել դիպուկ են եղել «Դեբրեցեն»-ի ֆուտբոլիստները` 3:1: Հայկական ակումբներից ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլ է դուրս եկել միայն «Փյունիկ»-ը, որը Աբովյանի քաղաքային մարզադաշտում հյուրընկալելով շվեդական «Կալմար»-ին՝ հաղթել է 2:1 հաշվով (ինչպես առաջին խաղում): Եղիշե Մելիքյանի թիմը դուրս է եկել երրորդ փուլ, որտեղ նրանց մրցակիցը նորվեգական «Բուդյո-Գլիմտ»-ն է:

 

 

 

ՄԵՐ ԸՆՏՐԱՆԻՆ՝ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

Հայաստանի կանանց բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Խմբում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը՝ Հայաստանի թիմն անցել է կիսաեզրափակիչ փուլ:  Կայացած երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 53-62 հաշվով պարտվեց Ալբանիայի հավաքականին: Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 23 միավորով: Նա նաեւ 8 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին եւ կատարել է 2 արդյունավետ փոխանցում:

Կիսաեզրափակիչ փուլի հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 5-ին: Հայաստանի հավաքականի մրցակիցը Մալթայի հավաքականն է:

 

 




Լրահոս