ՕԴԱՆԱՎԻ ԵՐԹՈՒՂԻ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՆՈՒՆՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին այցելել էր Սյունիքի մարզ Երեւան-Կապան մեկնարկային ավիաչվերթով: Այնտեղ նա ծանոթացել էր «Սյունիք» օդանավակայանում ստեղծված պայմաններին:

 

Համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց այն հանգամանքը, որ Flightradar24 հավելվածը Նիկոլ Փաշինյանին Կապան տանող օդանավի թռիչքի երթուղին ամրագրել է ոչ թե Կապան, այլ Զանգիլան:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին:

-Տիկի՛ն Բաղդասարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք, որ թռիչքներ ամրագրող Flightradar հավելվածն իր կայքում մեր ինքնիշխան տարածքը՝ Կապանը, ներկայացնում է ադրբեջանական տեղանունով:

-Համացանցում տարածված նկարների առնչությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ թռիչքն իրականացվել է Երեւանից Կապան, այդ մեկնարկային թռիչքին մասնակցել է նաեւ վարչապետը: Ինչ վերաբերում է տեղանվանման նշմանը, ասեմ, որ Flighradar-ը չի հանդիսանում պաշտոնական կայք, իսկ տեղանվանման նշումը մեր տիրույթից դուրս է: Մեր Քաղավիացան թրեկերները ճշտում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) հետ, այս ընթացակարգով ամեն ինչ հստակ է: Կրկնում եմ՝ Flightarad-ը պաշտոնական տեղեկություն չի տալիս թռիչքների վերաբերյալ, այն ինտերնետային ռեսուրս է, ուստի թրեկերների կամ տեղանվանման ճշգրտման խնդիրը չի կարող պաշտոնական համարվել:

-Իսկ ե՞րբ եք նկատել խնդիրը եւ ի՞նչ քայլեր եք ձեռնարկել, արդյոք կապվե՞լ եք այդ կազմակերպության հետ՝ պարզաբանում պահանջելու:

-Ես ձեզանից եմ տեղեկացել խնդրի մասին: Ի պատասխան՝ կարող եմ ասել, որ Քաղավիացիայի կոմիտեն զբաղվում է դրանով, այդ հարցերը ճշտում է ԻԿԱՕ-ի հետ:

-Տիկի՛ն Բաղդասարյան, փաստացի ստացվում է, որ մեր պաշտոնյաները, օգտվելով այդ թռիչքուղուց, լեգիտիմացնում են Իլհամ Ալիեւի համաշխարհային կեղծիքները, որը ջանք ու եռանդ չի խնայում Հայաստանի ինքնիշխան տարածքը որպես ադրբեջանական ներկայացնելու համար:

-Ես էլի եմ նշում՝ ամրագրման ու մյուս գործընթացների ժամանակ պաշտոնական կայքը նման անվանում չի նշել, իսկ թե ինչ-որ այլ կայք ինչ անվանում է նշել, դա մեր տիրույթում չէ: Ամրագրումը Flightradar-ով չի արվել. եթե պաշտոնական լիներ կայքը, այդ դեպքում մեկնաբանելը տեղին կլիներ, բայց, հղում տալով նաեւ Քաղավիացիայի տեսակետին, իրենք թռիչքի ամրագրման բոլոր գործընթացներով աշխատել են ԻԿԱՕ-ի հետ, եւ որեւէ խնդիր չի եղել, այնտեղ հստակ նշվում է Կապան, իսկ թե այլ կայքում ինչ է նշվում, չեմ կարող մեկնաբանել:

Ի դեպ, հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի այցից հետո՝ օգոստոսի 18-ի գիշերը, հենց օդանավակայանի հատվածում հերթական միջադեպը եղավ. Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ եւ հեռացել։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը եւ տանիքը։ Այդ մասին հայտնել էին  ՀՀ ԱԱԾ-ից։

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՄԻՋԱՆՑՔԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ՔԱՅԼԵՐ

«ՄԱԿ ԱԽ՝ տարածաշրջանում իրական, երկարատեւ կայունության հարցում շահագրգռված անդամները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն, համադրեն ջանքերը՝ առկա մեխանիզմների արդյունավետ կիրառմամբ խնդրի անմիջական կարգավորմանն ուղղորդելու նպատակով»,- հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին կայացավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական իրավիճակի առնչությամբ: Երկրներն արտահայտեցին իրենց դիրքորոշումները, բայց դա որեւէ փաստաթղթով չարձանագրվեց։ Ինչո՞ւ որեւէ որոշում չընդունվեց։ Հայաստանը չէր ներկայացրե՞լ նման փաստաթուղթ։ «Ինչպես արդեն նշել ենք, մենք բարձր ենք գնահատում ինչպես այս եւ ՄԱԿ ԱԽ նախորդ՝ դեկտեմբերին կայացած նիստի ժամանակ, այնպես էլ մինչ օրս միջազգային այլ հարթակներում մեր գործընկերների, միջազգային կառույցների կողմից հնչեցված սկզբունքային դիրքորոշումները, որոնք համահունչ են միջազգային անվտանգության ու խաղաղության պահպանման հարցում ՄԱԿ ԱԽ առաջնային մանդատին, մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր արժեքներին եւ, որ գուցե ամենահրատապն է այս պահին, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների եւ ԼՂ-ում նոր մարդասիրական աղետի կանխարգելման գիտակցմանը: Ընթացակարգային առումով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ձեւաչափը քննարկում է, այն չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի (բանաձեւի կամ հայտարարության) ընդունում։ Բացի այդ, ՄԱԿ ԱԽ բանաձեւերի նախագծեր ներկայացնելու եւ քվեարկության դնելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունեն ՄԱԿ ԱԽ 15 (մշտական եւ ոչ մշտական) անդամները. Հայաստանը, չլինելով ՄԱԿ ԱԽ անդամ, նման իրավասություն չունի։ Այդքանով գործընթացն ավարտվե՞ց։ Բոլորովին ոչ. սա շարունակական գործընթաց է։ ՀՀ ԱԳ նախարարությունը շարունակում է ակտիվ աշխատանքները ՄԱԿ եւ այլ հարթակներում։ Այսօր միջազգային հանրությունը, ՄԱԿ ԱԽ՝ տարածաշրջանում իրական, երկարատեւ կայունության հարցում շահագրգռված անդամները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն, համադրեն ջանքերը՝ Լաչինի միջանցքի վերաբացման կարեւորության հարցում ձեւավորված ընկալումը, առկա մեխանիզմների արդյունավետ կիրառմամբ խնդրի անմիջական կարգավորմանն ուղղորդելու նպատակով»,- ասվում է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

 

 

 

ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆՆ ՈՒ ՈՒՂՂԱԹԻՌԸ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է իր շրջագայությունները: «Ինստագրամ»-ի իր էջում նա լուսանկարներ էր հրապարկել ուղղաթիռից:

Թե ում է պատկանում ուղղաթիռը, կամ որտեղ էր արված լուսանկարը, դրա մասին որեւէ տեղեկություն չկա: Լուսանկարին կից Սիմոնյանը միայն մակագրել է՝ Taxi Helicopter:

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանից հետաքրքրվեց՝ արդյոք ուղղաթիռը Սիմոնյանին է պատկանում, թե վարձել է, կամ ուր էր մեկնել ուղղաթիռով: Վերջինս էլ պարզաբանեց, որ հարցերն անձնական տիրույթում են, ուստի չի կարող պատասխանել: «Միայն կարող եմ նշել, որ ուղղաթիռը տաքսի է, իսկ լուսանկարը նոր չէ արված»,-ասաց նա:

Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԼՌՈՒՄ Է

Առուշ Առուշանյանը Վահե Հակոբյանի կուսակցության վարչության 2 անդամներից մեկն է: Մինչ հանրությանը շարունակում է ալեկոծել Առուշանյանի բարեւը Նիկոլ Փաշինյանին, զարմանալի լռություն է պահպանում Գորիսի քաղաքապետի հարազատ կուսակցությունը։ Գործարար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը առնվազն պետք է դիրքորոշում, ավելին` աջակցություն հայտնի Առուշանյանի քայլին, քանի որ Առուշանյանը այդ կուսակցության վարչության երկու անդամներից մեկն է: Իսկ եթե համաձայն չեն նրա հետ, պետք է դատապարտեն Առուշանյանի ջերմությունը Փաշինյանի հետ:

Սակայն ինքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, պատգամավորի մանդատը հանձնելուց հետո ընդդիմադիր դաշտում չի երեւում, մինչդեռ խոստանում էր շարունակել պայքարը Նիկոլ Փաշինյանի հանցախմբի դեմ:

Փաստորեն, Վահե Հակոբյանի, Առուշ Առուշանյանի պայքարը Նիկոլի ռեժիմի դեմ սահմանափակվում է նրա հետ հարաբերությունների ջերմացմա՞մբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը արձանագրել էր` ՎՀԿ-ն որպես կուսակցություն անցել է պատմության գիրկը՝ դարձյալ ներկայացնելով պատառիկներ հենց կուսակցության կայքից:

ՏԻԳՐԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

 




Լրահոս