ԱՀ կառավարության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնից հայտնում են, որ երեկ ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան, որն առաջին դեպքն է հունիսի 14-ից ի վեր: ՌԴ քաղաքացիները վաղուց սպասում էին իրենց տեղափոխությանը, իսկ Արցախի քաղաքացիները ուսանողներ են, որոնք ընդունվել են ՀՀ եւ արտասահմանյան բուհեր: Ըստ խաղաղապահների հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության՝ առաջիկա օրերին շարունակվելու է ուսանողների եւ ՌԴ քաղաքացիների տեղափոխությունը:
Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը շարունակում է խոչընդոտել բազմաթիվ անձանց երկկողմանի տեղաշարժը: Այս պահի դրությամբ հարյուրավոր քաղաքացիներ Հայաստանում սպասում են Արցախ վերադարձին, շտապ եւ պլանային առողջական հիմքերով 333 անձ հերթագրված է Կարմիր խաչի միջոցով Հայաստան տեղափոխվելու համար՝ չհաշված հումանիտար, աշխատանքային եւ այլ նպատակներով երկկողմանի տեղաշարժի անհրաժեշտությունը հազարավոր անձանց մոտ:
Նշենք, որ ադրբեջանական կողմը շարունակում է նվաստացուցիչ պայմաններ ստեղծել Հակարիի կամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետում՝ ի լրումն Արցախի քաղաքացիների նկատմամբ անօրինական հսկողության ու խոչընդոտների: Մասնավորապես, անձանց կամքին հակառակ՝ ադրբեջանցիները եւ իրենց հրավիրած լրագրողները հերթական անգամ նկարահանել են նրանց դեմքերը եւ օգտագործել քարոզչական նպատակներով: Բացի դրանից, ադրբեջանական կողմը թույլ չի տվել ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաները անցնեն Հակարիի կամուրջը՝ ստիպելով ուղեւորներին իրենց բեռներով հանդերձ ոտքով անցնել կամուրջը, որից հետո Գորիսից ընդառաջ եկած մեքենաներով շարունակել են ճանապարհը:
Հավելենք, որ հունիսի 15-ից առ այսօր Ադրբեջանը շարունակում է արգելել Հայաստանից Արցախ բոլոր հումանիտար բեռների տեղաշարժը, ինչի հետեւանքով օրեցօր խորանում է հումանիտար աղետն Արցախում: Իսկ ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ, հուլիսի 26-ից շարունակում է կասեցված մնալ Արցախի համար ՀՀ կառավարության կողմից ուղարկված շուրջ 400 տոննա հումանիտար աջակցությունը:
Ադրբեջանական ապօրինի անցակետով քաղաքացիների անցումը որեւէ կերպ չի փոխում Արցախի Հանրապետության կառավարության դիրքորոշումը Լաչինի միջանցքում գործող այդ անցակետի եւ ադրբեջանական մնացած խոչընդոտների վերաբերյալ: Արցախի Հանրապետության կառավարությունը շարունակում է պնդել, որ պետք է ամբողջությամբ վերականգնվի անձանց, մեքենաների ու բեռների անխափան ու երկկողմանի տեղաշարժը Լաչինի միջանցքով, առանց ադրբեջանական որեւէ միջամտության՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ի հրամանների:
ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքապետի թեկնածու, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը քարոզարշավի մեկնարկի օրը՝ օգոստոսի 23-ին, նախընտրական դրամահավաք է կազմակերպելու: Դրամահավաք-երեկոն տեղի կունենա «Հոլիդեյ ինն» հյուրանոցում, Մարությանն անձամբ է մասնակցելու դրան:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ Հայկ Մարությանն իր քարոզարշավը կսկսի օգոստոսի 24-ից: Հավելենք, որ միջոցառումը փակ է լինելու լրատվամիջոցների համար:
Հիշեցնենք, որ Հայկ Մարությանն ավագանու ընտրություններին մասնակցելու է «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ԹՎԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 8-ով եւ հասել է 392-ի:
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տարածած հաղորդագրությունից։
«Վարակվածներից 3-ը հոսպիտալացվել է, 243-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,- ասված է հաղորդագրությունում:
Վարակվածներից 275-ը երեխաներ են, 117-ը` մեծահասակ:
ՊՆ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն օգոստոսի 21-ին՝ ժամը 10:25-10:30-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է ՊՆ կողմից տարածված հաղորդագրության մեջ:
ՆՈՐ ՇԱՐԺԱԿԱԶՄԵՐ
Շուտով Երեւանի մետրոպոլիտենում շահագործվող 1976 թվականի արտադրության շարժակազմերը կփոխարինվեն նորերով։ Այս մասին հայտնում են Երեւանի մետրոպոլիտենից:
Երեւանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում ուղեւորափոխադրումների թիվը կազմել է 414 հազար 040 ուղեւոր:
Գիծ են դուրս բերվել 2785 շարժակազմ:
Փոխարինվել են 59 փայտակոճեր:
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
Առաջիկա շաբաթները քաղաքական դաշտում թեժ են լինելու: Ինչպես հայտնի է, Երեւանի ավագանու հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: Օգոստոսի 23-ից մեկնարկում է ընտրական քարոզարշավը, այն կավարտվի սեպտեմբերի 15-ին: Քվեարկության եւ դրան նախորդող օրը ցանկացած քարոզչություն արգելվում է:
Իսկ ովքե՞ր են
առաջադրված թեկնածուները
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է։ Նա 2022 թվականի սեպտեմբերի 23-ին ընտրվել է Երեւանի փոխքաղաքապետ։
ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածուն է:
2021-ի ամռանը հիմնադրված «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը։
Հայաստանի Եվրոպական կուսակցության քաղաքապետի թեկնածուն կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանն է։
2021-ին հիմնադրված «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն փաստաբան Նորայր Նորիկյանն է։
«Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն է, նախընտրական շտաբը կղեկավարի կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի Դավիթ Խաժակյանը։ 2018 թվականից նա Երեւանի ավագանու անդամ է, ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը։
«Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Վիկտոր Մնացականյանն է:
«Ուժը հայրենյաց» կուսակցության թեկնածուն իրավաբանական գիտությունների թեկնածու Նելլի Հարությունյանն է:
«Միացյալ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակն էլ կգլխավորի կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։
Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը եւս կմասնակցի սեպտեմբերին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին՝ գլխավորելով «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը:
«Հանրային ձայն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ուրիխանյանն է:
Հավելենք, որ ավագանու ընտրություններին առաջադրվել են 14 ուժ: