Փետրվարի 16-ին Թբիլիսիի հայկական համայնքում գրանցված միջադեպից հետո, երբ մոտ երկու հարյուր հոգի գնացել էին Վրաստանի նախագահին կից ազգային և կրոնական փոքրամասնությունների խորհրդի անգամ Գեորգի Էլիբեգովի տան մոտ և ծեծկռտուք հրահրել, Ամենայն Հայոց կաթողիկոսի հանձնարարությամբ հանձնաժողով է ձևավորվել և գործուղվել Վրաստանի Հայկական Թեմ ` տեղում պարզելու իրավիճակը: Հիշեցնենք, որ Էլիբեգովը տևական ժամանակ վրացական ԶԼՄ-ներով մեղադրում էր վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին` եկեղեցուն տրվող գումարները մսխելու և հակավրացական գործունեություն ծավալելու մեջ: Թբիլիսիի հայկական համայնքում ներկայումս տիրող մթնոլորտի ու միջադեպի հետագա զարգացումների շուրջ Armlur.am-ը զրուցել է «Բազմազգ Վրաստանը» հասարակական կազմակերպության ղեկավար Արնոլդ Ստեփանյանի հետ:
– Պարոն Ստեփանյան, ինչպես եք գնահատում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան:
– Խոսել եմ բազմաթիվ ընկերներիս հետ, ովքեր ապրում են Հայաստանում, ինչպես նաև վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Միանշանակ դրական հույզեր: Հարևան երկրների հետ հարաբերությունները առաջնահերթություն են իմ երկրի համար, և հույս ունեմ, որ նախագահ Մարգվելաշվիլին միջտարածաշրջանային համագործակցության զարգացման մեջ նոր էջ կբացի:
–Սակայն կարծես թե Մարգվելաշվիլիի` Հայաստան այցից առաջ, բացասական մթնոլորտ ստեղծելու նպատակով որոշ փորձեր արվեցին:
-Չեմ նկատել նման բան:
-Այդ դեպքում ինչպես եք բացատրում փետրվարի 16-ի միջադեպն ու ՀԱԵ վիրահայոց թեմի առաջնորդի հասցեին հնչեցված մեղադրանքները` կապված նրա հակավրացական գործունեության հետ: Ինքը` Վազգեն Եպիսկոպոսը, իր հարցազրույցներում նշում է, որ Գեորգի Էլիբեգովի մեջքին տարբեր մարդիկ են կանգնած:
– Չեմ կարծում, որ Գոգա Էլիբեգովը նպատակ ունենար մթնոլորտ ստեղծել: Բացի դա, եթե որևէ քաղաքական կամ աշխարհաքաղաքական մասնակիցներ նման նպատակ ունենային, ապա սցենարը այլ կերպ կզարգանար, ինչպես նախորդ տարիներին պատահել է բազմիցս:
-Եպիսկոպոսն ասել է, թե Էլիբեգովի ետևում գործարարներ ու հայ համայնքի հասարակական գործիչներ են կանգնած եղել: Գիտեք` ովքեր են և ինչու:
-Եթե այդպես լիներ, Էլիբեգովի խոսքերի մեջ կլինեին առավել իմաստալի բնույթի իրավական և քաղաքական շեշտադրումներ, այլ ոչ թե էմոցիաներով, անհիմն ու ենթադրյալ մեղադրանքներ: Չնայած, մյուս կողմից էլ դա կդառնար մի կաթիլ մեղրի պատմությունը, որը առաջնահերթորեն կվկայեր Վրաստանում հայ համայնքային կառույցների հաշմանդամության և խորը խոցելիության մասին: Եթե նպատակը հենց դա էր, ապա շրջանակը նեղանում է, և կարելի է կոնկրետ մարդկանց մասին մտածել, ովքեր քաղաքականորեն շահագրգիռ են, որոնք հեղինակություն չունեն հայ համայնքում ու կորցրել են իրենց քաղաքական խթաննները:
Վստահ եմ, որ հարցը կուսումնասիրվի Էջմիածնից ուղարկված եկեղեցական խորհդի կողմից նաև: Ամեն դեպքում, դաս քաղեցինք:
-Իսկ հանձնաժողովը ինչով է զբաղվում և որքանով է ներկայանալի այն:
-Ելնելով Վրացական թեմի Հայկական Եկեղեցու պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունից ` հանձնաժողովի գործառույթն է թեմի գործունեության ուսումնասիրությունը, և իմ տիրապետած տեղեկատվության համաձայն` հանձնաժողովը անուղղակիորեն հետաքրքրված է կոնֆլիկտի պատճառներով, որոնք հանգեցրել են անախորժ իրավիճակին: Ներկայացուցչականության մասին դժվարանում եմ որևէ բան ասել, քանի որ առայժմ հանդիպում չի կայացել:
-Այդ դեպքում ում հետ են հանդիպում, գուցե տեղյակ եք:
-Տրամաբանորեն ` Եպիսկոպոսի հետ, հոգևոր առաջնորդների հետ, կոնֆլիկտին կողմ հանդիսացող այլ` ոչ հոգևորական անձանց հետ:
-Ինչպես եք գնահատում Վրաստանի չորս կրոնական կազմակերպություններին, այդ էվում և ` Հայկական Թեմին, փոխհատուցման տեսքով մոտ չորս միլիոն ԱՄՆ դոլար հատկացնելու Վրաստանի Կառավարության որոշումը:
– Հաշվի առնելով, որ վրացական ուղղախառ եկեղեցին տարիներ շարունակ պետական բյուջեից ստանում է 26մլն. լարի (մոտավորապես 15մլն. դոլար), այս նախաձեռնությունը միայն վերականգնում է պատմակական արդարությունը Վրաստանի չորս կրոնական կազմակերպությունների հանդեպ:
-Իսկ արդյոք այդ գումարների հատկացումը նաև հնարավորություն չէ վրաց կառավարության համար` վերահսկելու Ձեր նշած կրոնական կազմակերպությունների գործունեությունը:
-Կարծում եմ ` հայկական թեմի դեպքում սա անհնարին է: Սակայն այլ ռիսկեր էլ կան ` կապված այն բանի հետ, որ թեմը կդառնա կոնկրետ գումար ստացող կողմ, շատ ընկերներ ի հայտ կգան, բայց նաև թշնամիներ էլ, կամ, ավելի ճիշտ` միջհամայնքային թշնամիներ:
-Թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոսը հայտարարում է, որ այդ գումարները կուղղվեն թեմի հզորացման գործընթացին, իսկ բաշխմամբ ու վերահսկմամբ կզբաղվի թեմական խորհուրդը:
-Կարծում եմ ` դա այդպես կլինի այն դեպքում, եթե թեմական խորհորդ ստեղծելիս հաշվի առնվի շահերի բազմազանությունը , որը կնպաստի ռեսուրսների և ծախսերի արդյունավետությանն, ինչպես նաև թափանցիկության ապահովմանը:
-Այնուամենայնիվ` Ձեր գնահատմամբ Էլիբեգովի տան մոտ տեղի ունեցած կռվի իրական դրդապատճառը որն էր:
– Ես ունեմ շատ հարցեր, որոնք ես հնարավորություն ունեցա տալ երկու կողմերի մասնակիցներին էլ, սակայն հարցերից առավել ունեմ պատասխաններ: Միանշանակ կարող եմ ասել, որ սա լուրջ սխալ է և 21-րդ դարի ժողովրդավարական պետության համար գործունեության անհարիր մեթոդ: Վրաստանը պետություն է, համապատասխանաբար, առկա են պետական կառավարման բոլոր ինստիտուտները, ինչպիսիք են` դատարանը, ոստիկանությունը: Ի վերջո, բռունցքներով, հավկիթներով և կացնով հարցին լուծում տալն այն ուղին չէ, որը մարդուն տանում է դեպի Աստված: Պատկերացրեք, որ արյուն թափվեր, կամ մասնակիցներից մեկը կամ ոչ մասնակից որևէ մեկը, այն օրինակ համարելով` նույնն աներ ուրիշի հասցեին: Կարևոր չէ, թե ում ` կազմակերպիչների, ընդդիմախոսների, հայկական համայնքի այլ ներկայացուցիչների կամ այլ անձանց հանդեպ: Շատ մեծ վտանգ է, որը կարող է առաջացնել ավելի լայնածավալ և գլոբալ գործընթացներ: Համոզված եմ, որ Էջմիածնում այս ամենը հասկանում են, չնայած չգիտեմ, թե հանձնաժողովն այս հարցում ինչ կարծիքի է:
– Այսինքն , դուք կարծում եք, որ ջինը շշից բաց է թողնված:
-Կցանկանայի հուսալ, որ այն շշում առհավետ ամուր փակված է: Հայկական եկեղեցին 17-դարյա պատմություն ունեցող ինստիտուտ է, որը հանդուրժողականության կայուն և հարուստ ավանդույթ ունի, այնպես որ այս թյուրիմացությանը, տրամաբանորեն, պետք է վերջ տրվի:
– Ինչու հիշատակեցիք եկեղեցին: Խաղաղ ցույցի կազմակերպումն, ըստ էության, ծխականների որոշումն էր:
– Ես չեմ խոսում այն մասին, որ թեմը հանդիսանում էր կազմակերպիչ: Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ թեմի քահանաներից մեկը ցուցարարների առաջատար շարքերում էր: Ցուցարարների թվում եղել են աշխարհիկ մարդիկ, թեմի աշխատակիցներ, ըստ իմ ենթադրություն նա, հավանաբար, պետք է արշավի խաղաղ բնույթի երաշխավորը հանդիսանար: Թեմի եպիսկոպոսը նշել է, որ որոշումը կիրակի կեսօրին թեմի բակում հավաքված հոգևորականներինն է եղել, և ինքը փորձել է կանգնեցնել նրանց: Եվ ես հավատում եմ նրան: Ցավալի է, որ նրա կարծիքը ոչ ոք չի լսել, հակառակ դեպքում, այս դեպքերը կարող էին տեղի չունենալ:
-Ինչ եք կարծում, միջադեպն այդքանով ավարտված է , թե հնարավոր են նոր զարգացումներ:
-Ինձ դժվար է խոսել այն մասին, թե որքանով է միջադեպը ավարտված: Ցավոք, կրքերը մինչ օրս չեն հանդարտվել: Վերջիվերջո, միջադեպին մասնակից թեմական ներկայացուցչի կողմից քրեական գործ է հարուցված Էլիբեգովի դեմ: Այնպես որ, սպասենք վարույթի արդյունքներին, եթե իհարկե այն որպես այդպիսին կայանա, և եթե կողմերը մինչ այդ չեն կարգավորի ցավալի թյուրիմացությունը: Էջմիածնի հանձնաժողովը, երևի թե, նաև այս հարցով կզբաղվի, և եզրակացությունը իհարկե կախված կլինի այն հանգամանքից, թե որքանով պատասխանատու են նրանք մոտեցել իրենց առաքելությանը, որքանով բովանդակալից են եղել նրանց հարցերը, մարդկանց քանակը, ում հետ հանդիպել են, և համապատասխանաբար, արված եզրակացությունների քանակը: Հուսամ ` վերջին տարիներին թույլ տրված սխալները Վրաստանի Հայ համայնքի բոլոր առաջնորդներին հասարակական կարծիքը հաշվի առնել կսովորեցնեն, և եզրակացություններն էլ համարժեք կլինեն: Շահերի բախումը պառակտված հայ համայնքում այն դարձնում է զգայուն և խոցելի մարտահրավերների հանդեպ: Կարծիքների բազմազանությունր և սթափ գործելու ունակությունը, պրագմատիկ, հեռատեսական և հանդուրժողական վերաբերմունքը հակառակորդների հանդեպ. ահա հայ համայնքի ցանկացած առաջնորդի հաջողության գրավականը մերօրյա Վրաստանում: Իսկ զգացմունքային որոշումները կարող են էլ ավելի վատթարացնել առանց այն էլ խրթին իրավիճակը համայնքի ներսում:
Տիգրանուհի Ղարաբաղցյան