Արդեն մի քանի օր է` Facebook սոցիալական ցանցում նախաձեռնություն է ստեղծվել, որտեղ միավորվել են քաղաքացիական ծառայության աշխատակիցները` պահանջելով աշխատավարձերի բարձրացում, ինչի վերաբերյալ, սակայն, 2012թ. պետական բյուջեում մի «տառ» անգամ չկա:
Նախաձեռնության անդամները հավաստիացնում են, որ իրենց միացածների թիվը հասնում է 850-ի, եւ այն անընդհատ աճում է:
Օրերս էլ քաղծառայողները բաց նամակ են գրել Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նամակը տեղադրվել է նաեւ Տ.Սարգսյանի ֆեյսբուքյան պատին, ինչին, սակայն, վարչապետը դեռ չի արձագանքել: Քաղծառայողները նշել են, որ իրենց նախընտրական ծրագրերում օրվա իշխանությունները խոստացել են շարունակաբար բարձրացնել աշխատավարձերը: Բողոքողների խմբին են միացել նաեւ ԱԺ պատգամավորներ` ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, ԲՀԿ անդամ Վահե Էնֆիաջյանը:
Բաց նամակում մասնավորապես նշվում է. «ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ հաստատված կայուն զարգացման ծրագրի 447-րդ կետով սահմանված է, որ պետական կառավարման համակարգի բարեփոխումների արդյունավետության, ինչպեu նաեւ հակակոռուպցիոն ռազմավարության հաջող իրագործման համատեքuտում կարեւորագույն դեր ունի պետական ծառայողների վարձատրության եւ խրախուuման համակարգը»:
Նամակում նաեւ նշվում է, որ ներկայումս քաղաքացիական ծառայողների աշխատավարձը մաuնավոր հատվածի համեմատ անմրցունակ է, ինչը հանգեցնում է բարձր որակավորման մաuնագետների արտահոuքին դեպի մաuնավոր ոլորտ: 2011թ. պետական ծառայողների միջին ամսական աշխատավարձի չափը նախատեսված էր հասցնել 184.000 դրամի, իսկ քաղաքացիական ծառայողների միջին ամսական աշխատավարձը միեւնույն ժամանակահատվածում նախատեսված էր հասցնել 184.500 դրամի:
2012 թվականին նախատեսված է միջին աշխատավարձերի չափի բարձրացում` համապատասխանաբար 207.800 դրամ` պետական ծառայողների եւ 208.500 դրամ` քաղաքացիական ծառայողների համար: Պետական ծառայողների միջին աշխատավարձի նման ցուցանիշ նախատեսված է նաեւ ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում, համաձայն որի` 2012 թվականին պետական ծառայողների միջին ամսական աշխատավարձի չափը պետք է կազմի 207.800 դրամ:
Քաղծառայողները պահանջում են 2012թ. հունվարի 1-ից սահմանել քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափի միասնական չափ` 111.000 դրամ եւ կոչ են անում Ս. Սարգսյանին կատարել իր խոստումը:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նախաձեռնությանը միացած ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հետ, ով ասաց, որ ինքը կապի մեջ է քաղծառայողների հետ եւ նրանցից նամակ է ստացել. «Ես կարծում եմ, որ եթե իշխանությունների մոտ քաղաքական կամքը լինի, ոչ միայն քաղծառայողների աշխատավարձը կբարձրանա, այլ նաեւ նվազագույն աշխատավարձի չափը: Բայց, անկեղծ ասած, հույս չունեմ, քանի որ այս օրերի ընթացքում տեղի ունեցող բյուջեի քննարկումները լավատեսությամբ չեն լցնում: Ես երեկ հարց եմ տվել՝ այդ խնդրի հետ կապված, իրենք միանշանակ բացառում են դա: Ժամանակին խոստումներ տրվել են, բայց դրանցից որեւէ մեկը կյանքի չի կոչվել, եւ սա եւս այդ իրավիճակում է` ճգնաժամ է, գումար չկա եւ այլն: Իսկ ես կարծում եմ` գումար կա, եթե ստվերները կրճատվեն, բավականին գումար կա»:
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ իրենք քաղծառայողների աշխատավարձերի բարձրացման խնդիրը ներկայացրել են ԱԺ, եւ այն հաջորդ քառօրյայում` որպես արտահերթ հարց, քննարկվելու է: «Մենք երեք տարուց ավելի պայքարում ենք, ցավոք, մինչ օրս մեզ չի հաջողվել կառավարությանը ստիպել իրականացնել այդ բարձրացումը: Եւ հաշվի առնելով, որ հաջորդ քառօրյայում մեր հարցը դրվել է արտահերթ քննարկման, կոչ եմ անում բոլորին, որպեսզի միանան եւ ստիպեն, որպեսզի այս նախագիծը ընդունվի»,-եզրափակեց ԱԺ պատգամավորը:
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Ժողովուրդ»-ին ասաց, թե միայն ԱԺ-ն եւ կառավարությունը կարող են քաղծառայողների աշխատավարձերի հետ կապված որեւէ փոփոխություն մտցնել: Պարոն Աբրահամյանը նշեց, որ իրենք եւս միշտ բարձրացրել են այդ հարցը. «Դա համակարգի զարգացման կարեւոր խթան է, եւ մենք միշտ բարձրացրել ենք այդ հարցը: 2008 թվականին է աշխատավարձերի բարձրացում եղել, իսկ հետո զուտ երկրի ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում հնարավոր չի եղել բարձրացնել, պատճառը դա է»:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ԻՐ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ