«Ժողովուրդ»-ն օրերս տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 28-ին հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մշակույթի տան առաջին հարկում: Տեղեկություններ են շրջանառվում, որ այդ հրդեհը կազմակերպված է եղել:
Մենք նաեւ իրազեկել էինք, որ նոյեմբերի 1-ին` ժամը 11:30-ին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ինչ-որ մեկը կրպակում եղած «Ժողովուրդ» օրաթերթի ամբողջ խմբաքանակն անմիջապես գնել էր: Պարզեցինք, որ թերթի «իրացումը» կազմակերպել է Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը` այդպիսով ջանալով թույլ չտալ, որ վարդենիսցիներն ընթերցեն «Ժողովուրդ»-ի այդ օրվա համարը: Իսկ պատճառը Վարդենիսի մշակույթի տան հրդեհի մասին թերթում տպագրված լուրն էր:
Ի դեպ, նշենք, որ Վարդենիսի մշակույթի տունն արդեն քանի ամիս է` վերանորոգվում է: Այն իսկապես անհուսալի վիճակում էր գտնվում` զուրկ մշակույթի տունն իր նպատակին ծառայեցնելու համար անհրաժեշտ տարրական պայմաններից: Զրուցել էինք Վոլոդյա Խլոյանի հետ: Վերջինս նշել էր, որ հրդեհի պատճառով այդքան էլ մեծ վնաս չի եղել, եւ հրդեհն առաջացել է անզգուշությունից: «Փայտ ա վառվել, ծխախոտ են գցել, հրդեհ ա բռնվել, իսկ վերանորոգման աշխատանքներն էլ շարունակվելու են: Փոքր հրդեհ ա եղել, որտեղ որ քանդվում է, այդտեղ փայտեր են այրվել, հրշեջ ա եկել, հանգցրել ա»,-հավաստիացրել էր քաղաքապետը:
Տեղեկացրել էինք, որ դեպքի վայր է մեկնել փրկարարների երկու մարտական հաշվարկ, որոնց ջանքերով հրդեհը մեկուսացվել ու մարվել է: Նշենք, որ հրդեհը բռնկվել էր մշակույթի տան առաջին հարկում, որտեղ 400քմ մակերեսով տարածքում այրվել էին կուտակված փայտերը: Երեկ տեղեկացանք, որ տարածքում առկա փայտերը մշակույթի տան հենց մուտքի դռների մոտից են սկսել այրվել:
Պարզվեց, որ քաղաքապետի այն հավաստիացումը, թե հրդեհը մեծ վնաս չի պատճառել, իրականությանն այդքան էլ չի համապատասխանում: Ականատեսները վկայում են, որ մշակույթի տան միջանցքից բռնկված հրդեհն ամբողջությամբ այրել է թե՛ դռները, թե՛ արդեն վերանորոգված պատուհանները (ժողովրդի խոսքով ասած` եվրոները):
Ականատեսները նշում են, որ կրակն այն աստիճան է բռնկվել, որ առաջին հարկն ամբողջությամբ սեւացել է: Երեկ անգամ տեղեկություններ տարածվեցին, որ այդ հրդեհը ոչ թե ծխախոտի հետեւանք է, այլ միտումնավոր է արվել: Փաստն այն է, որ տարածքում` կրակից մեծ հեռավորության վրա, գետնին դրված պատուհանները եւս հայտնվել են կրակի մեջ: Դա է եղել պատճառը, որ կասկած է առաջացել` արդյո՞ք հրդեհել են Վարդենիսի մշակույթի տունը, թե՞ այն անփութության պատճառով է բռնկվել: Մեր տեղեկություններով` Վարդենիսի քաղաքապետն անգամ դիմել է ոստիկանություն` պարզելու համար, թե ով է փորձել հրդեհել մշակույթի տունը: Ի դեպ, երեկ արդեն մշակույթի տան պատուհանները վերականգնվել էին` «սպիտակեցվել», եւ տեղի ունեցած հրդեհից այժմ որեւէ հետք չի մնացել: Իսկ Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի հետ մեզ չհաջողվեց զրուցել, քանի որ նրա հեռախոսն անհասանելի էր:
Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից էլ «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ քաղաքապետն իրավապահ մարմիններին չի դիմել:
ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ ՀՐԴԵՀԻ ՀԵՏՔԵՐԸ ՎԵՐԱՑՐԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ