Գավառ-Սևան մարզային ավտոճանապարհն արդեն մեկ ամիս է՝ անմխիթար վիճակում է, այս կարևոր նշանակության մարզային ճանապարհը գրեթե ամբողջությամբ անանցանելի է, այն տեղ-տեղ քանդված է, ամբողջությամբ փոշու մեջ կորած, ինչի հետևանքով մշտապես խցանումներ են ճանապարհին, իսկ վթարների թիվն ավելացել է:
ArmLur.am-ը բողոքներ ստացավ այն մասին, որ ճանապարհը քանդել են, իբր վերակառուցեն, բայց արդեն ամսից ավելi սայլը տեղից չի շարժվում, ճանապարհը քանդված վիճակում է ու այդպես էլ չի վերակառուցվում:
Նշենք, որ ճանապարհների կառուցումը Գնել Սանոսյանի ղեկավարած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տիրույթում է, բայց նախարար Սանոսյանն, այս օրերին իր բանը ու գործը թողած, քարոզարշավով է զբաղված։ Նա ՔՊ նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալն է. հավանաբար, նախարարը մոռացել է իր բուն պարտականությունների մասին, դրա համար էլ մարզային ավտոճանապարհները նման անմխիթար վիճակում են;
Նոր ճանապարհների կառուցմամբ մշտապես հպարտացող հեղափոխական իշխանությունները հավաբար այնքան են տարված քարոզարշավով, որ հիմա անգամ ճանապարհների կառուցումն են աչքաթող արել ու իրենց էլ հպարտանալու ու գլուխ գովելու տեղ չեն թողել:
ArmLur.am-ը դիմեց «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ՝ պարզելու, թե ճանապարհի վերակառուցման աշխատանքներն ինչու՞ են կանգնեցված, ինչու՞ չեն շարունակվում դրանք և ե՞րբ ճանապարհն ամբողջությամբ պատրաստ կլինի: Հիմնադրամից մեզ պարզաբանեցին․ «Իրականացվում են Մ10, Սևան -Մարտունի -Գետափ ավտոճանապարհի տեսանելիության բարելավման աշխատանքներ՝ հիմնանորոգմանը զուգահեռ։ Նման աշխատանքներ տարվում են 4 տեղամասում։ Դրանք վթարավտանգ կետեր են։ Վթարավտանգ իրավիճակներից խուսափելու համար նման միջոցառում է արվում։ Երկայնական պրոֆիլի փոփոխության արդյունքում երթեւեկության տեսադաշտն է բարելավվում, պրոֆիլը՝ ուղղվում, որպեսզի երթեւեկությունն ավելի անվտանգ լինի։ Նման աշխատանքները պահանջում են մեծածավալ հողային աշխատանքներ, որոնք ժամանակատար են։ Տվյալ հատվածում ժայռային գրունտներ են, որոնք հնարավոր չէ պայթեցնել, տեխնիկայի միջոցով է փխրեցվում։ Արդեն տեղադրվում է շեբեն, հետո կասֆալտապատվի։ Հաշվի առնելով այն փաստը, որ երթևեկությունը չի դադարեցվում՝ այլընտրանքային ավտոճանապարհ չունենալու պատճառով, դա ազդեցություն է ունեցել աշխատանքների իրականացման գրաֆիկի վրա»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան