Չպայթած զինամթերքով աղտոտված Ջերմուկը լիովին մաքրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ջերմուկ բնակավայրում տեղի է ունեցել չպայթած զինամթերքով աղտոտվածությունից մաքրված 126 795 մ2 մակերեսով տարածքի հանձնման պաշտոնական արարողությունը։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համագործակցությամբ, Եվրամիության կողից ֆինանսավորվող «Հայաստանում ականազերծման ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում Ջերմուկ բնակավայրում պայթյունավտանգ մնացորդներից մաքրել է 120 012 մ2 և «ՀԱՓԿ» պետական միջոցներով 6783 մ2, ընդհանուր առմամբ՝ 126 795 մ2 մակերեսով տարածք։

Մաքրված տարածքի հանձնման պաշտոնական արարողությանը ներկա են գտնվել ՀՀ Վայոց ձորի Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը, «ՀԱՓԿ» տնօրեն Վաղինակ Սարգսյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաննա Սկաուն, մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Ներկաները ծանոթացել են Ջերմուկ բնակավայրի մերձակայքում, մասնավորապես, ճոպանուղու հատվածում, «ՀԱՓԿ» ականազերծողների կողմից ս.թ մայիս ամսից իրականացրած աշխատանքներին, այցելել են չպայթած զինամթերքից մաքրված տարածք, հավաստիացել, որ այն ամբողջությամբ անվտանգ է:

«ՀԱՓԿ» տնօրեն Վաղինակ Սարգսյանը ՀՀ Վայոց ձորի Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանին պաշտոնապես հանձնել է 126 795 մ2 տարածքի չպայթած զինամթերքից մաքրված լինելը հաստատող հավաստագիր։ Միաժամանակ վերջինիս «ՀԱՓԿ» տնօրենի և ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավարի կողմից հանձնվել է «Կանաչ պիտակ» հավաստագիրը և մաքրված տարածքի սկզբնամասում տեղադրվել «Կանաչ պիտակ» խորհրդանշական ցուցանակը, որով փաստվում է, որ այդ տարածքն անվտանգ է և այդտեղ կարելի է իրականացնել սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր։

«ՀԱՓԿ» տնօրեն Վաղինակ Սարգսյանն ասել է․

«Այսօր մենք տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնեցինք հերթական 126 795 մ² մաքրված տարածքը, որի համար շնորհակալություն եմ հայտնում Եվրամիությանն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, քանի որ նրանց աջակցությամբ է իրականցվել այս տեղամասի մաքրումը չպայթած զինամթերքից։ Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին ցուցադրվեց և վստահեցվեց, որ տարածքը մաքուր է և անվտանգ։ Սա մեր մասնագետների մաքրած հերթական տարածքն է, բայց Վայոց ձորի մարզում դեռևս կան չպայթած զինամթերքով աղտոտված այլ տեղամասեր, ինչը ենթադրում է, որ «ՀԱՓԿ» կողմից ականազերծման աշխատանքներն այս մարզում շարունակվելու են»։

Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանն իր խոսքում շնորհակալությունն է հայտնել «ՀԱՓԿ» մասնագետներին՝ չպայթած զինամթերքով աղտոտված իրենց համայնքի տարածքը մաքրելու համար, նշել, որ իր և ՏԻՄ այլ աշխատակիցների մասնակցությամբ «ՀԱՓԿ» ականազերծողների կողմից իրականացված ստուգազննումը փաստեց, որ տարածքը լիովին անվտանգ է։




Լրահոս