Օգոստոսի 25-ին՝ հունիսի 15-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով Տավուշի և Լոռու մարզերի առավել տուժած 2268 անձ (Տավուշից՝ 427 և Լոռուց՝ 1796)՝ 428 ընտանիք, Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից ստացել է կանխիկ աջակցություն՝ աղետի հետևանքները փոքր ինչ մեղմելու նպատակով։ Յուրաքանչյուր անձի «Հայփոստի» միջոցով տրամադրվել է 38 000 ՀՀ դրամ, ընդհանուր առմամբ փոխանցվել է՝ 86 184 000 ՀՀ դրամ։
Հայկական կարմիր խաչի ընկերությանը մարդասիրական աջակցության համար ֆինանսական միջոցները տրամադրել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդը։
ՀԿԽԸ-ն առավել տուժած ընտանիքների կարիքների անհատական գնահատում և ցուցակների վերջնական ճշգրտում իրականացրել է Տավուշի և Լոռու մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ։
Կանխիկ աջակցությունը տրամադրվել է բերքի 75-ից 100 տոկոսը և տնային կենդանիներ կորցրած, բնակելի հատվածներն ակնհայտ վնասված տնտեսություններին՝ հետևյալ չափանիշներին համապատասխան․
• Հինգից ավելի անդամից բաղկացած, այդ թվում՝ մինչև 18 տարեկան երկու կամ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին,
• Հինգից ավելի անդամից բաղկացած, այդ թվում՝ երկու կամ ավելի հաշմանդամություն ունեցող անդամներով ընտանիքներին,
• Մինչև 18 տարեկան միակողմանի ծնողազուրկ երկու կամ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին
• Մինչև 18 տարեկան երեք կամ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներ
• Միայն տարեցներից՝ 65 և բարձր տարիքի մարդկանցից, բաղկացած ընտանիքներին
• Ընտանիքներին, որոնց եկամտի միակ աղբյուրը վնասված գյուղատնտեսական միջոցներն էին։
Հայկական կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։
Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 103 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդների հիմնախնդիրներին արձագանք, մարդասիրական արժեքների տարածում և այլն:
ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց: