Գերմանա-հայկական ֆորումի նախագահ, Բունդեսթագի պատգամավոր Թիլ Մանսմանը, նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, կոչ է արել Դաշնային կառավարությանը մեծացնել դիվանագիտական ճնշումն Ադրբեջանի կառավարության վրա։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Գերմանա-հայկական ֆորումի պաշտոնական կայքը, արտաքին գործերի դաշնային նախարար Աննալենա Բերբոքին ուղղված իր նամակում Մանսմանը նկարագրել է տագնապալի հումանիտար իրավիճակը և Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակումը։
«Մենք դրամատիկ հաղորդումներ ու նկարներ ենք ստանում թերսնված հղի կանանց ու երեխաների մասին, հերթեր հացաբուլկեղենի և սննդի տաղավարների առջև: 120 հազար հայեր ենթարկվել են հումանիտար աղետի և շտապ միջազգային օգնության կարիք ունեն»,- ասել է Մանսմանը։
Նա բարձր է գնահատել ԵՄ-ի ջանքերը՝ այս չափազանց բարդ հակամարտությունում կառուցողական դեր խաղալու առումով։ Նրա պնդմամբ՝ տեղում ԵՄ առաքելության ստեղծումը լավ գործիք է։ Դեռևս 2023 թվականի հունվարին Եվրախորհրդարանը հորդորել էր Ադրբեջանին կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը և անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը։
«Ժողովրդի անվտանգությունն ու տարրական կարիքները չպետք է դառնան քաղաքական շահերի խաղաքարտ։ Նկատի ունենալով ռուսական ագրեսիվ պատերազմում Ուկրաինային մեր աջակցությունը՝ մենք նույնպես պետք է հստակ դիրքորոշում ընդունենք այս հարցում և միանշանակ ցույց տանք, որ մեր հումանիզմը չունի քաղաքական կամ աշխարհագրական չափումներ։ Այդ իսկ պատճառով ես խնդրում եմ ձեզ մեծացնել դիվանագիտական ճնշումը Ադրբեջանի կառավարության վրա, որպեսզի ապահովվի շտապ անհրաժեշտ օգնության մատակարարումների անվտանգ և անարգել մուտքը՝ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն: Բացի այդ, ես կխնդրեի ձեզ ուսումնասիրել Դաշնային կառավարության կողմից մարդասիրական օգնության հնարավորությունը: Մենք չենք կարող կարճաժամկետ լուծել այս հակամարտությունը, բայց մենք չպետք է թույլ տանք, որ սով լինի մեր աշխարհամասի սահմանագծին»,- ասել է Մանսմանը։