Լուսանկարը՝ համացանցից
Լեհաստանի Սիլեսիա քաղաքում օգոստոսի 10-20-ն անցկացվել է Աստղագիտության եւ աստղաֆիզիկայի միջազգային 16-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 50 երկրի 241 աշակերտ:
Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Արեգ Բարսեղյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը, Արտավազդ Հարությունյանը եւ Մարիա Առաքելյանը։ ՀՀ թիմից արծաթե մեդալի է արժանացել Վյաչեսլավ Պետրոսյանը, իսկ բրոնզե մեդալի՝ Արտավազդ Հարությունյանը: Արեգ Բարսեղյանը եւ Մարիա Առաքելյանն արժանացել են գովասանագրերի։
ԻՐԱՎՈՒՆՔ
ՀԱՐՑ. Ի՞նչ է լինում, երբ դիմում ես Մարդու իրավունքների պաշտպանին:
Միքայել Մնացականյան (22 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Դիմումը ստանալուց անմիջապես հետո այն ուղարկվում է համապատասխան մասնագետի: Լինում են դեպքեր, երբ դիմումում կան հարցեր, որոնք ճշտման կարիք ունեն, եւ այդ դեպքում մասնագետները կապ են հաստատում դիմումատուի հետ: Դիմումը ստանալուց հետո մասնագետը ուսումնասիրում է այն, եւ եթե քո կողմից նշված փաստերը եւ օրենքը թույլ են տալիս, ապա սկսվում է դիմումի քննարկման ընթացակարգ:
ՀՀ ՄԻՊ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շատ կարեւոր է իմանալ, որ նույնիսկ այն դեպքում, երբ, հաշվի առնելով օրենքի պահանջները, ՄԻՊ-ի գրասենյակը չի կարող սկսել դիմումի քննարկումը, ապա իրենք անպայման կուղղորդեն դիմումատուին այն մարմին, որը կարող է տվյալ պարագայում պաշտպանել անձի իրավունքները:
ԲԱՆԿ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս է «Ամերիաբանկ»-ը տեղեկացնում իր բաժնետերերին ընդհանուր ժողովի գումարման մասին:
Սարգիս Հարությունյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Ամերիաբանկ»-ը տեղեկացնում է իր բաժնետերերին ընդհանուր ժողովի գումարման մասին առնվազն 15 օրացուցային օր առաջ, եթե այլ բան նախատեսված չէ գործող օրենսդրությամբ:
Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր բաժնետիրոջն ուղարկվում է գրավոր ծանուցում՝ պատվիրված նամակի տեսքով: Ծանուցումը հրապարակվում է նաեւ բանկի կայքում (www.ameriabank.am)՝ «Ներդրողների հետ փոխհարաբերություններ» բաժնում:
«Ամերիա» բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շահութաբաժինների վճարման մասին որոշումն ընդունվում է եւ վճարման ձեւը սահմանվում է Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի կողմից մինչեւ ֆինանսական տարվան հաջորդող տարվա ապրիլ ամսվա ավարտը՝ ՀՀ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով սահմանված կարգով: