Ո՞Ր ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկ Մարությանը, որ մոնոներկայացումներից հետո որոշել է նախընտրական հյուրախաղերով շրջել մայրաքաղաք Երեւանում, պետք է ազնիվ պատասխանի մի կարեւոր հարցի. իր կինն ու երեխաները ո՞ր երկրի քաղաքացիներ են: «Ժողովուրդ» օրաթերթը, իհարկե, երկու օր շարունակ փորձեց քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանից կամ նրա թիմից պարզել, թե արդյոք Մարությանի երեխաները եւ կինը՝ Իվա Մարությանը, Չեխիայի Հանրապետության քաղաքացիներ են, թե ոչ, արդյոք նրանք երկքաղաքացիներ են, սակայն ապարդյուն. չստացվեց: Պետական կառույցներն էլ այս ինֆորմացիան համարում են անձնական տվյալ՝ գաղտնիք:

Բայց «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել առ այն, որ նրանք օտարերկրյա քաղաքացիներ են: Հուսանք՝ այս հրապարակումից հետո շատ թափանցիկ «քաղաքապետը» իր առաջիկա մոնոներկայացումներից մեկում կբացատրի, թե իր ընտանիքի անդամները որ երկրի քաղաքացիներ են, որով ի ցույց կդրվի նաեւ նրա սերն ու վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ:

 

 

 

 

Երկար քննարկումներից ու խժդժոցներից հետո ՔՊ նախընտրական շտաբի պետի տեղակալների հարցը լուծվել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանի տեղակալներն են ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը եւ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ շտաբի պետի տեղակալների հարցը իսկական կռվախնձոր է  դարձել իշխող ուժի ներսում: Մի կողմից՝ Տիգրան Ավինյանն էր փորձում իր մտերիմներին տեղավորել այդ պաշտոններում, մյուս կողմից՝ Արմեն Փամբուխչյանն էր ուզում իր հավատարիմ ընկերներին տեղավորել այդ պաշտոնում: Ավինյանը նպատակ ուներ տեղակալներից մեկի պաշտոնում «կարգել» Երեւանի ՔՊ խմբակցության ավագանու անդամ Արմեն Գալջյանին, իսկ Փամբուխչյանը՝ իր մտերիմ ընկեր, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին: Ստացվում է՝ տեւական պայքարից հետո վերջիվերջո Արմեն Փամբուխչյանը հասավ իր նպատակին:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն  դատարանում երեկ թեժ է եղել։ Դավիթ Տոնոյանը դատական նիստի ժամանակ ձայնի իրավունք է խնդրել ու վրդովված հայտարարություն արել։ Ինչպես հայտնի է, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանները դեռեւս 2023թ. մայիսի 29-ին միջնորդություն էին ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ Դ. Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը այլ խափանման միջոցով փոխարինելու մասին, որը դատարանի կողմից մերժվել էր: Այդ դատական ակտի դեմ պաշտպանները ներկայացրել էին վերաքննիչ բողոք, եւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, 2023թ. հուլիսի 27-ի որոշմամբ պաշտպանների բողոքը բավարարելով, բեկանել էր Հակակոռուպցիոն դատարանի որոշումը՝ վարույթն ուղարկելով նոր քննության: Իսկ, ահա, արդեն գրեթե մեկ ամիս անց Վերաքննիչ դատարանի որոշման պահանջները չեն կատարվել, եւ Դավիթ Տոնոյանի խափանման միջոցի փոփոխության հարցը չի քննարկվում, որի վերաբերյալ, մեր ունեցած տեղեկություններով, վերջինս իր վրդովմունքն է  արտահայտել 2023թ. օգոստոսի 22-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում՝ հայտարարելով, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը դիտավորյալ է ձգձգում դատական նիստերը, նախատեսվածից ավելի քիչ ժամանակ է հատկացնում սույն գործով քննությանը, որպեսզի խափանման միջոցի հարցը կրկին չքննարկի: Նկատենք, որ  այդ ընթացքում Վերաքննիչ դատարանի որոշման վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում կկայացնի:

 

 

 

Սեպտեմբերի 11-ից մեկնարկելու է ութերորդ գումարման Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը։ Այս ընթացքում ԱԺ պատգամավորները դեռ գտնվում են արձակուրդում, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ  արդեն սեպտեմբերի չորսից խորհրդարանում կյանքն ակտիվանալու է։ Բանն այն է, որ լիագումար նիստերի օրակարգը կազմելու համար պետք է տեղի ունենա հանձնաժողովների նիստեր, որոնք սովորաբար կայանում են հերթական նստաշրջանից մեկ շաբաթ առաջ։ Այսպիսով, տեղեկացանք անգամ, որ արդեն կան նախագծեր, որոնք լինելու են այդ հանձնաժողովների նիստերի օրակարգերում։ Խոսքը հիմնականում կառավարության կողմից արդեն իսկ ընդունված եւ խորհրդարան ուղարկված նախագծերի մասին է։ Իհարկե, կան նաեւ նախագծեր, որոնք չեն քննարկվել դեռ գարնանային նստաշրջանում եւ կրկին քննարկման են ենթակա արդեն սեպտեմբերից գումարվող նստաշրջաններում: Դեռ հուլիսի 31-ին օրակարգ մտած նախագծերից մեկով առաջարկվում է փոփոխություն կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում։ Ըստ այդ օրենսդրական նախագծի՝ առաջարկվում է 60 տոկոս հավելում սահմանել առաջին Ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Սնանկության դատարանի եւ Վարչական դատարանի դատավորների համար։  Մեկ այլ նախագծով էլ պետք է վավերացվի մի արձանագրություն, որը վերաբերում է բոլոր դեպքերում մահապատժի վերացմանը։ Խոսքը թիվ 13 արձանագրության մասին է։




Լրահոս