ԱԶԳԻ «ՊԱՐԾԱՆՔՆԵՐԻՑ» ՄԵԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գագիկ Աբրահամյանին կարելի է իսկապես ազգի «պարծանքներից» մեկը հռչակել,
որովհետեւ ներկայացնում է ազգային օլիգարխիայի մի ստվար խմբի, կարողացել է
չափազանց կարճ ժամանակամիջոցում ահռելի ֆինանսական միջոցների տեր դառնալ,
գործարարությունը համատեղել պատգամավորի «աշխատանքին», ինքնահռչակվել որպես
Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի նախագահ… Եւ ընդհանրապես,
նախագահ ինքնահռչակվելու «խասիաթը», ինչպես երեւում է, շատ բնորոշ է
Աբրահամյան եղբայրներին, որովհետեւ Արա Աբրահամյանն էլ իրեն Հայերի
համաշխարհային կոնգրեսի նախագահ է հռչակել, մինչդեռ աշխարհի հայերն այդպես
էլ չեն կամենում ճանաչել այդ կազմակերպությունն ու նրա նախագահին: Իսկ 
աշխարհի հայ ոսկերիչներից շատերը չեն ուզում ճանաչել բրլյանտի Գագոյին…
Մալիշկա գյուղը շատ վաղուց ծնունդներ չի գրանցել, այստեղ ապրող ծերերը չեն
հիշում, թե վերջին անգամ գյուղում երբ է մանկան ճիչ լսվել, իսկ գյուղի
դպրոցն էլ արդեն քանի տարի առաջին դասարանցի չունի, բայց Աբրահամյան
եղբայրները, հայրենի գյուղը թողած, անցել են հայության «փրկությանը»` այդ
փրկությունն էլ վերածելով յուրատեսակ բիզնեսի… Հենց Մալիշկայում է ծնվել
նաեւ Գագիկ Աբրահամյանը, 1977-ին ավարտել Մարքսի անվան պոլիտեխնիկական
ինստիտուտի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: 1977-ին աշխատանքի է անցել Երեւանի
«Էլեկտրոն» գործարանում, հետո էլ տեղափոխվել է հայրենի գյուղ ու դարձել
նույն գործարանի Մալիշկայի մասնաճյուղի տեխնոլոգ: Եղել է «Նեյրոն»
գործարանի արտադրության պետի տեղակալ, «Դվին» գործարանի Մալիշկայի
մասնաճյուղի տնօրեն, Նոր Հաճնի «Շողակն» գործարանի տնօրեն… Մի խոսքով,
սկսել է շողշողալ: 1993թ-ից արդեն հիմնադրել «Հայաստանի ադամանդագործական
ընկերություն» ՓԲԸ-ն, դարձել նրա խորհրդի նախագահը: 2001-2007թթ-ին էլ «Ջեյ
Սի Էյ Հայաստանի ոսկերչական ընկերություն» ՓԲԸ տնօրենների խորհրդի
նախագահն էր: 1990-1995թթ-ին եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր,
1995-1999-ին` ԱԺ պատգամավոր:
 2002-2004թթ-ին Կորեայի Հանրապետությունում եղել է ՀՀ պատվո հյուպատոս:
Այս վերջին պաշտոնը շատ տարօրինակ էր, որովհետեւ անհասկանալի են եղել այն
պարտականությունները, որոնք իբրեւ թե իրականացրել է այս անձնավորությունը:
2007-ին Գագիկ Աբրահամյանը նորից խորհրդարան է եկել` տեղ զբաղեցնելով
Հանրապետականի համամասնական ցուցակում: Իհարկե, նրա համար այնքան էլ
կարեւոր չէր, թե որ կուսակցության ցուցակում տեղ կգրավի. կարեւորն այն էր,
որ դառնար պատգամավոր, իր բիզնեսի համար «տանիք» ապահովեր: Ղեկավարելով
միանգամից մի քանի ընկերություններ` Գագիկ Աբրահամյանը, դատելով իր
հայտարարագրից, հազիվ ծայրը ծայրին հասցնող մարդ է, որովհետեւ 2009թ-ին
ընդամենը 3.108.430 դրամ եկամուտ է ունեցել, 2009թ-ին նա արտարժույթով
եկամուտ չի ունեցել, անշարժ ու շարժական գույք ձեռք չի բերել… Գագիկ
Աբրահամյանը 2006-ին եղել է «Դի Սի Էյե ՀԱԸ» ՓԲԸ-ի եւ «Ջեյ Սի Էյե ՀՈԸ»
ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահը, ինչի համար  2006-ին ստացել է
համապատասխանաբար 1 մլն 144 հազ. եւ 956 հազ. դրամ աշխատավարձ: Մնացած
ավելի քան 26 մլն դրամը, ըստ նրա 2006-ի հայտարարագրի, վաստակել է
փոխառություններից ստացած տոկոսադրույքների ձեւով: 51 հազ. դոլարը
Աբրահամյանը ստացել է որպես փոխառություն: 2007-ի հունվարի 1-ի դրությամբ
Աբրահամյանի բանկային հաշվում եղել է 3 մլն դոլար: 2006-ին նա
հայտարարագրել է 3 հողամաս Երեւանի Բաբայան փողոցին հարող տարածքում 6200,
6100 եւ 3000 քմ մակերեսներով: Աբրահամյանը հայտարարագրել է նաեւ 38 հազ.
քմ մակերեսով հողամաս` Սովխոզային 1 հասցեում, հայտարարագրել է «Դի Սի Էյե
ՀԱԸ» ՓԲԸ-ի բաժնետոմսեր` 2 մլրդ 507 մլն 925 հազ. դրամ անվանական արժեքով
եւ «Ջեյ Սի Էյե ՀՈԸ» ՓԲԸ-ի բաժնետոմսեր` 168 մլն 500 հազ. դրամ արժեքով:
Աբրահամյանի` 2009-ի 3 մլն եկամուտը նրա պատգամավորական աշխատավարձն է, իսկ
բիզնեսներից նա ոչ մի լումա չի ստացել` ըստ հայտարարագրի:  2006-ի եւ
2009-ի տվյալների տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ
առաջինի թվերը վերցված են Գագիկ Աբրահամյանի կողմից 2007-ին` որպես
պատգամավորության թեկնածու ՀՀ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրից, իսկ 2009-ի
տվյալները ՀՀ ՊԵԿ-ի կողմից մեզ տրամադրված` նշված տարվա գույքի եւ
եկամուտների հայտարարագրի հրապարակման ենթակա տվյալներն են, որոնք այդ
պաշտոնյայի եկամուտների եւ ունեցած գույքի մի չնչին մասն իսկ չեն
արտացոլում:
Ու թեեւ Գ.Աբրահամյանը հարուստ մարդու իմիջ ունի, այնուամենայնիվ, գծուծ
օրենսդիրի համարումը նրան շարունակում է «հետապնդել»: Տարբեր առիթներով
խոսվել է, որ Գագիկ Աբրահամյանը խորհրդարանի հաշվին զվարճացել է, օրինակ`
թանկարժեք գինիներ է պատվիրել, սակայն անձամբ չի վճարել` այն թողնելով
խորհրդարանի բյուջեի վրա: Այսինքն` Ազգային Ժողովն է վճարել նրա գինու
գումարը (1000 ԱՄՆ դոլարից ավել): Տխրահռչակ Գ.Աբրահամյանին մեր ընթերցողը 
հիշում է նաեւ արաբ շեյխի հետ համատեղ դրված բիզնեսի սկանդալային
պատմությունից: Երբ արաբ Մուհամեդ Մուսսալլամի հետ միասին շուրջ 100
գյուղացիներից Կոտայքի մարզի Արտավազ գյուղում հողերը խլեցին` որպես
հանրային շահ, որպեսզի հենց այդ վայրում հանքային ջրերի գործարան կառուցեն:
Եւ այս մարդը դեռ հավակնում է կրկին գալ խորհրդարան այն դեպքում, երբ
ԱԺ-ում նրան  որեւէ մեկը չի հիշում ամբիոնի մոտ որեւէ հարցի մասին
խոսելիս:  Այսինքն` այս մարդը՝ որպես խորհրդարանական գործիչ, մեղմ ասած, չի
ընկալվում: Իսկ կլինի նա հաջորդ խորհրդարանում, թե ոչ` դժվար է ասել, քանի
որ Արա Աբրահամյանը ջանում է իր բոլոր եղբայրներին կրկին տեսնել
խորհրդարանում` անկախ նրանից, թե նրանք որ կուսակցությունում կտեղավորվեն:
Փաստորեն, նրանց դեպքում խոսել սկզբունքների մասին՝ ուղղակի ծիծաղելի է,
քանի որ  Աբրահամյաններից Գագիկը ՀՀԿ է, Արմենը` ԲՀԿ, իսկ Սերգեյը` ՕԵԿ: Մի
խոսքով, իսկական Աբրահամյան եղբայրների համար կարեւորը նպատակն է, այլ ոչ
դրան հասնելու միջոցները:   

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ




Լրահոս