Ո՞Ր ԴԱՏԱՎՈՐՆ Է ՔՆՆՈՒՄ ԳՈՐԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախորդ տարվա օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական պայթյունի գործը մտել է դատարան: Գործը քննվելու է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:

 

Նշենք, որ ամբաստանյալի կարգավիճակում է 3 անձ՝ Վահագն Հովհաննիսյանը, Գարիկ Վարդանյանը եւ Մհեր Մարգարյանը: Վահագն Հովհաննիսյանը վարչական հսկողության տակ է, Գարիկ Վարդանյանի նկատմամբ բացակայելու արգելք է սահմանվել, Մհեր Մարգարյանի նկատմամբ գրավ է կիրառվել:

Ըստ մեղադրանքի՝ Վահագն Հովհաննիսյանը «Երեւանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն Իրինա Էդուարդի Մադաթովայի հետ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված՝ «Առեւտրի իրականացման վայրի առեւտրի օբյեկտների, վաճառատեղերի եւ պահեստների տրամադրման» պայմանագրով առեւտրի կենտրոնում վարձակալելով ընկերության՝ Երեւան քաղաքի Արշակունյաց 15 հասցեում գտնվող առեւտրի կենտրոնի առեւտրի իրականացման վայրի թիվ 6 պահեստային (սառնարան) տարածքը եւ, նույն պայմանագրի 2.4.3 կետի պահանջների համաձայն, ստանձնելով վարձակալած տարածքի անվտանգ շահագործման, հակահրդեհային եւ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման եւ իր մեղքով պատճառված վնասի դեպքում պատճառված վնասը փոխհատուցելու պարտավորությունները, խախտել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի՝ 2015 թվականի հունիսի 18-ի ? 595-Ն հրամանով հաստատված «Հրդեհային անվտանգության կանոնների» եւ ՀՀ ներքին գործերի նախարարի՝ 2002 թվականի մայիսի 27-ի թիվ 241 հրամանով հաստատված՝ «Հրագործական արտադրատեսակները պահելու եւ դրանք զանգվածային միջոցառումների ժամանակ օգտագործելու» պահանջները, որի հետեւանքով 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով անզգուշությամբ կյանքից զրկվել են ընդհանուր 17 անձինք, ինչպես նաեւ առաջացել են այլ ծանր հետեւանքներ:

Գարիկ Վարդանյանը, հանդիսանալով Վահագն Հովհաննիսյանի ընկերը, վերջինի կողմից առեւտրի կենտրոնի տարածքում Վահագն Հովհաննիսյանի եւ Մհեր Մարգարյանի հետ համատեղ պահեստավորել է հրագործական արտադրատեսակներ՝ այդկերպ դրսեւորելով հանցավոր անփութություն, այն է՝ չի նախատեսել իր գործողությունների արդյունքում ուրիշ մարդու մահվան առաջացումը, սակայն պահեստներում պահվող հրագործական արտադրատեսակների քանակությամբ եւ պահման հատուկ կարգով պայմանավորված՝ պարտավոր էր եւ կարող էր դա նախատեսել, եթե գործեր ավելի զգույշ, որով խախտել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի՝ 2015 թվականի հունիսի 18-ի No 595-Ն հրամանով հաստատված «Հրդեհային անվտանգության կանոնների» եւ ՀՀ ներքին գործերի նախարարի՝ 2002 թվականի մայիսի 27-ի թիվ 241 հրամանով հաստատված՝ «Հրագործական արտադրատեսակները պահելու եւ դրանք զանգվածային միջոցառումների ժամանակ օգտագործելու» պահանջները:

Մհեր Մարգարյանը, հանդիսանալով Վահագն Հովհաննիսյանի ընկերը, վերջինի կողմից առեւտրի տարածքում Վահագն Հովհաննիսյանի եւ Գարիկ Վարդանյանի հետ համատեղ պահեստավորել է հրագործական արտադրատեսակներ՝ այդկերպ դրսեւորելով հանցավոր անփութություն:

Նշենք, որ գործով տուժողները դժգոհ են եւ՛ գործի նախաքննության ընթացքից, ե՛ւ ԱԱԾ քննիչի՝ նախաքննության ավարտ հայտարարելու մասին որոշումից:

Օգոստոսի 14-ին լրացել է 16 անձի մահվան եւ մեկի անհետ կորելու պատճառ դարձած «Սուրմալու» առեւտրի կենտրոնի ողբերգական պայթյունի մեկ տարին:

Նշենք, որ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով հարուցված քրեական գործը միացվել է 2022 թվականի օգոստոսի 14-ին նույն հասցեում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով նախաձեռնված քրեական վարույթին: Այն սկզբում քննվում էր Քննչական կոմիտեում, սակայն վերջերս գործը փոխանցվել էր ԱԱԾ-ին:

 

 

 

ԴԻՄՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Գյումրիի վթարից կյանքից զրկված Հելենի քեռին՝ ազատամարտիկ, Արցախի մարտական խաչի շքանշանակիր Մուշեղ Սաֆարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով կոչով դիմում է Արցախի իշխանություններին։

 

«Ես՝ Հելեն Դադայանի քեռի Մուշեղ Սաֆարյանս, կոչով դիմում եմ հայ ժողովրդին, Արցախի իշխանություններին, Արայիկ Հարութունյանին, պետնախարար Գուրգեն Ներսիսյանին։ Արդեն 8-րդ օրն է՝ «Եվրասիա» համալսարանի ուսանող, Ճարտարի բնակչուհի Հելեն Դադայանի աճյունը գտնվում է Գորիսում: Այս օրերին բազմաթիվ ակցիաներ իրականացվեցին Երեւանում, Արցախում ու Կարմիր խաչի գրասենյակի մոտ, սակայն ոչ միայն չի ստացվում տեղափոխել աճյունը, այլ ամեն օր ստում են, թե ուրբաթ կլինի, թե երեքշաբթի։ Արդյունքում դարձավ այս անմարդկային գազանությունների մասնակից եւ կատարող, առանց զգալու, որ ստեղծված անմարդկային իրավիճակը լուծելու միակ միջազգային կազմակերպությունն է։

Արցախի՛ իշխանություններ, կոչ եմ անում եւ պահանջում, որ անհապաղ, ոչ ուշ, քան այսօր կամ վաղը, փակել եւ վտարել Արցախից թուրքական Կարմիր խաչի մասնաճյուղը։ Այդ կազմակերպությունը չի կատարել եւ չի կատարում ժնեւյան կոնվենցիայով իր հիմնական առաքելությունը, ըստ էության, Արցախի թուրքական Կարմիր խաչը հստակ կատարում է Ադրբեջանի իշխանությունների եւ անվտանգության մարմինների թելադրանքը եւ օրակարգով Արցախի ինտեգրմանը եւ թուրքացմանը՝ հիմնականում առողջ մարդկանց կեղծ փաստաթղթերով Արցախից տարհանելով եւ Գորիսից Արցախ քաղցրավենիք եւ պիցցա առաքելով։

Ակնհայտ է, որ թուրքական Կարմիր Խաչը ոչ միայն ձախողված է եւ շեղվել է իր հիմնական առաքելությունից, այլ հստակ սպառնում է Արցախի անվտանգությանը։ ՀԵՏԱԳԱ ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿՈՉՍ ԴԻՏԵ՛Ք ՈՐՊԵՍ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ եւ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ կատարել Սահմանադրությամբ եւ օրենքով իրենց վերապահված գործառույթները, համապատասխան քայլեր ձեռնարկել ադրբեջանական ամենավտանգավոր դիվերսիոն խմբի գործնեությունը եւ հանցագործությունները կանխելու ուղղությամբ»։

Հիշեցնենք, որ Երեւան-Գյումրի ճանապարհին 11 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարի զոհերից 21-ամյա Հելեն Դադայանի մարմինը դեռ չեն կարողանում Արցախ տեղափոխել: Հելենը Մարտունու շրջանի Ճարտար համայնքից էր:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿԱՆԱՆՑ ԳԱՂՈՒԹՈՒՄ Է

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած կինը տեղափոխվեց Աբովյանի քրեակատարողական հիմնարկ՝ բոլորին հայտնի կանանց գաղութ։ Մեզ հայտնի դարձավ, որ նրան 7 օր կպահեն կարանտինային պայմաններում, ապա  7 օր անց կտեղափոխեն մեկուսարան։ Վերջինս մեկուսարանում կմնա, մինչեւ դատավճիռ կայացվի, որից հետո դուրս կգա դատապարտյալների ընդհանուր խումբ։

Հիշեցնենք՝ քրեական վարույթով պարզվել է, որ Աննա Արեւշատյանն իր 12-ամյա դստեր մասնակցությամբ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու, այն հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով այլ անձանց սեռական կարիքները բավարարելու նպատակով իրացնելու դիտավորությամբ, անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորելով, ստեղծել եւ իրացրել է մանկական պոռնոգրաֆիա: Մանկական պոռնոգրաֆիայի ստեղծման ժամանակ անչափահաս դստերը պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, իսկ պոռնկագրական բնույթի նյութի պատրաստմանը ներգրավել է նաեւ իր 12 տարին չլրացած երկու աղջիկ երեխաներին: Կինն իրեն մեղավոր է ճանաչել եւ կալանավորված է։

 

 

 

ՍՊԱՆԵԼ ԵՆ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐԻ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ 28-ամյա տրանսգենդեր քաղաքացուն կյանքից զրկած երիտասարդը իրավապահներին ընդամենը ասել է, որ ինքն է զրկել նրան կյանքից։ Թե ինչու է գնացել այդ քայլին, նա լռում է։

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ սպանված քաղաքացու տանը եղել են արժեքավոր իրեր, որոնք ենթադրյալ մարդասպանը չի տարել։ Ասել է թե՝ ըստ նախնական վարկածի՝ նրա նպատակը վերոնշյալ բնակարանից գողությունը չի եղել, այլ ուրիշ խորքային դրդապատճառ կա, որի մասին կալանավորվածը լռում է։

Հիշեցնենք,  որ օգոստոսի 20-ին՝ ժամը 17.04-ին, 911 ծառայությունից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Կողբացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում հրդեհ է:

Նշված հասցե մեկնած ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելուց հետո հայտնաբերել են դիակ:

Նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Դիակի վրա կտրած-ծակած վնասվածքներ են հայտնաբերվել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի ինքնությունը՝ Արմավիրի մարզի 28-ամյա բնակիչ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս