ՄՇԱԿՈՒՅԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

NARAR-Ը՝ ԽԱՆԱՂՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Ամիսներ առաջ ռուսաստանաբնակ երգիչ Սեւակ Խանաղյանը հանդես եկավ հերթական դուետ կատարմամբ NARAR-ի հետ:

Թե ով էր NARAR-ը, անհայտ էր, բայց զուգերգը սիրվեց շատերի կողմից: «Փնտրում եմ քեզ» («Լքց Ցպոÿ»). ահա այսպես է կոչվում երգը, որի գաղափարը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, առաջացել է հենց NARAR-ի մոտ:

NARAR-ը կամ Նարեկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեց, որ երգի հեղինակը հենց ինքն է.

«Երգը գրելուց հետո ընկերոջս՝ ներկայումս պրոդյուսերիս՝ Գեւորգի միջոցով կապ հաստատեցինք Սեւակի հետ, նրան ուղարկեցինք երգի դեմո տարբերակը: Խանաղյանի ձայնին ու ոճին, կարծում էինք, շատ կսազի»:

Նարեկի խոսքով՝ Սեւակը միանգամից հավանել է երգը, ապա պայմանավորվել են ձայնագրել:

«Այս երգը, բացի հանդիսատեսի լավ արձագանքից, ինձ մեկ ուրիշ կարեւոր բան էլ է տվել՝ հենց  Սեւակին: Խանաղյանը կարծես մեծ եղբայրս լինի այսօր»,- պատմում է Նարեկը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում NARAR-ը, խոսելով հետագա հավանական զուգերգների մասին, նախընտրում է անակնկալ անել հանդիսատեսին, սակայն խոստանում է, որ մինչեւ այս տարվա վերջ կթողարկի ալբոմ, դե իսկ սեպտեմբերին էլ հանդես կգա սոլո կատարմամբ:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ՁԱՅՆԸ ԿՏՐՎԵԼ Է

Երգչուհի Լոլիտա Միլյավսկայան շարունակում է ելույթները՝ չնայած ձայնի հետ կապված խնդիրներին։ Իր Telegram ալիքում նա տեսաուղերձ է հրապարակել երկրպագուներին, որում ցույց է տվել, թե ինչպես է այժմ հնչում նրա ձայնը։ Կատարողի մոտ բրոնխիտ է ախտորոշվել, եւ նա որոշել է հիվանդությունը կրել ոտքերի վրա, ինչպես նաեւ բեմում:

«Սիրելինե՛րս, բարի օր բոլորին։ Ինձ մոտ բրոնխիտ են ախտորոշել… Ստիպված էի աշխատել, աշխատանքի ազդեցությունն օգնեց, բայց անհնար էր խոսել: Դրա համար ես համբուրում եմ քեզ։ Վաղը կշարունակեմ աշխատել, այսօր կփորձեմ լռել եւ քիչ ծխել»,- ասել է արտիստուհին։

Միլյավսկայան կարծում է, որ իր դեպքը միայն հաստատում է երկրով մեկ վիրուսի «քայլելու» մասին լուրերը։ Աստղը կարծում է, որ պատվաստված հիվանդներն ավելի հեշտ են դիմանում հիվանդությանը։ Ինքը՝ երգչուհին, չի խուսափում պատվաստումներից, հետեւաբար, կարծում է, նույնիսկ այնպիսի բարդ հիվանդություն, ինչպիսին բրոնխիտն է, ընթանում է առանց մարմնի ջերմաստիճանի բարձրացման, ինչը թույլ է տալիս դուրս չմնալ ստեղծագործական գործընթացից։

 

 

 

8 ՄԵԴԱԼ ԵՆ ՆՎԱՃԵԼ

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի երիտասարդ անդամներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն ընդհանուր առմամբ 4 ոսկե, 3 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ են նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված սպորտային մարմնամարզության Pharaoh’s cup մրցաշարում. այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Համլետ Մանուկյանը 4 ոսկե մեդալ է նվաճել՝ լավագույնը ճանաչվելով «Զուգափայտ» (13,600 միավոր), «Օղակներ» (13,650), «Նժույգ թափեր» (14,300) ու «Ազատ» վարժություններում (13,150):

Մամիկոն Խաչատրյանը երեք արծաթե մեդալ է նվաճել «Զուգափայտ» (13,150), «Օղակներ» (13,000) ու «Ազատ» վարժություններում (13,000), իսկ «Նժույգ թափեր»-ում դարձել է բրոնզե մեդալակիր` վաստակելով 13,850 միավոր եւ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Մարմնամարզիկները մրցաշարին մասնակցել են մարզիչ Արտակ Այդինյանի ղեկավարությամբ:

 

 

 

ԶԱԽԱՐՅԱՆՆ ՈՒ «ՌԵԱԼ ՍՈՍՅԵԴԱԴ»-Ը

Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը իր շնորհանդեսին նվիրված ասուլիսում խոսել է իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբ տեղափոխվելու մասին։ Այս մասին հայտնել է իսպանական ակումբն իր ֆեյսբուքյան էջում։

«Ես  սիրում եմ գրոհել ու գոլ խփել, ինչպես նաեւ օգնել թիմին ամեն հարցում։ Ուրախ եմ լինել նման հրաշալի ակումբում։ Միշտ հետեւել եմ իսպանական ֆուտբոլին ու այս թիմին։ Ցանկանում էի խաղալ այստեղ, հետեւաբար երկար չմտածեցի, երբ լսեցի  «Ռեալ Սոսյեդադ»-ի հետաքրքրության մասին։ Ամենաշատն ինձ դուր եկավ, որ այս ակումբն իրոք ցանկանում էր պայմանագիր կնքել ինձ հետ եւ հնարավոր ամեն բան արեց դրա համար։ Չէի սպասում, որ այսքան ջերմ կընդունեն ինձ։ Առայժմ չգիտեմ, թե կկարողանամ արդյոք մասնակցել հաջորդ խաղին»,- ասել է Զախարյանը։

Հայ ֆուտբոլիստը վեց տարվա պայմանագիր էր կնքել իսպանական ակումբի հետ։ Տրանսֆերի համար Լա լիգայի ներկայացուցիչը 12 միլիոն եվրո է վճարել Մոսկվայի «Դինամո»-ին։

Զախարյանը «Դինամո»-ի սան է, 2021 թվականից խաղում էր մոսկովյան ակումբի գլխավոր թիմում, որի կազմում անցկացրած 89 խաղում դարձել է 19 գոլի եւ 25 գոլային փոխանցման հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 5 հանդիպման ու դարձել 2 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ:

 

 

 




Լրահոս