ՀԱՆՐԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատախազը 2023 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում:

 

Մ.Պ.-ն մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացում), առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու (հինգ դրվագ), պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (երկու դրվագ) եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:

Մասնավորապես, Մ.Պ.-ն, 2008 թվականի հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր թիկնապահ Է.Ս.-ին 2008 թվականի սեպտեմբերի 12-ին նշանակել է Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատու, սակայն  Է.Ս.-ին հանձնարարել է ապահովել իր անձնական անվտանգությունը: Արդյունքում Է.Ս.-ն, 2008-2016 թվականներին փաստացի չկատարելով օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի պաշտոնից բխող պարտականությունները, Մ.Պ.-ի հանձնարարությամբ ստացել է  22 մլն 117 հազար 820 դրամի չափով աշխատավարձ եւ դրան հավասարեցված վճարումներ:

Մեկ այլ դեպքում Մ.Պ.-ն իր անձնական վարորդ Հ.Բ.-ին 2009 թվականի նոյեմբերի 3-ին նշանակել է Ծառայության օպերատիվ բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնում, սակայն Հ.Բ.-ին հանձնարարել է ապահովել իր անձնական անվտանգությունը: Արդյունքում 2009-2016 թվականներին Հ.Բ.-ն, փաստացի չկատարելով օպերատիվ բաժնի առաջատար խորհրդատուի պարտականությունները,  Մ.Պ.-ի հանձնարարությամբ ստացել է 21 մլն 754 հազար 643 դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված վճարումներ:

Բացի այդ, Մ.Պ.-ն իր մորեղբոր որդուն՝ Տ.Հ.-ին, 2009 թվականի մարտի 2-ից մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 16-ը Ծառայությունում տարբեր պաշտոնների է նշանակել: Գլխավոր հարկադիր կատարողի ազգականը հանդիսանալու հանգամանքով պայմանավորված՝ Տ.Հ.-ն ունեցել է արտոնյալ կարգավիճակ, փաստացի աշխատանքի չի հաճախել, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, սակայն ստացել է 2 մլն 470 հազար 827 դրամ  աշխատավարձ եւ դրան հավասարեցված վճարումներ:

Մեկ այլ դեպքում Մ.Պ.-ն, տեղեկացված լինելով, որ Ա.Հ.-ն փաստացի կատարելու է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Հ.Թ.-ի վարորդի պարտականությունները, առաջարկել է Ա.Հ.-ին պաշտոնի նշանակել Ծառայությունում ավելի բարձր աշխատավարձ ստանալու, հատուկ կոչում ձեռք բերելու եւ զենք ստանալու նպատակով: Մ.Պ.-ն 2011 թվականի ապրիլի 22-ին, 2012 թվականի հունվարի 15-ին ե 2013 թվականի հունվարի 8-ին աշխատանքային պայմանագրեր է կնքել Ա.Հ.-ի հետ` նրան ընդունելով աշխատանքի՝ որպես Ծառայության անվտանգության աշխատակից: Ապա Մ.Պ.-ն 2013 թվականի ապրիլի 17-ին Ա.Հ.-ին նշանակել է Ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման եւ համակարգի ավտոմատացման բաժնի առաջին կարգի խորհրդատուի պաշտոնին, նույն օրվա մեկ այլ հրամանով՝ գործուղել հարկադիր կատարման օպերատիվ բաժին, 2013 թվականի մայիսի 13-ի հրամանով՝ Ա.Հ.-ին շնորհել է «Արդարադատության լեյտենանտ» կոչումը, 2014 թվականի փետրվարի 26-ի հրամանով՝ փոխադրման կարգով նշանակել Երեւան քաղաքի Շենգավիթ բաժնի հարկադիր կատարողի պաշտոնին, ապա՝ 2014 թվականի փետրվարի 28-ի հրամանով՝ կրկին գործուղել հարկադիր կատարման օպերատիվ բաժին: Ա.Հ.-ն վերոնշյալ ժամանակահատվածում աշխատանքի չի հաճախել, սակայն ստացել է 5 մլն 712 հազար 550 դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված վճարումներ:

Բացի այդ, Մ.Պ.-ն իր մորեղբոր որդուն՝ Գ.Հ.-ին, Ծառայությունում տարբեր պաշտոնների է նշանակել: Գլխավոր հարկադիր կատարողի ազգականը հանդիսանալու հանգամանքով պայմանավորված՝ Գ.Հ.-ն ունեցել է արտոնյալ կարգավիճակ, աշխատանքի չի հաճախել, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, սակայն ստացել է 10 մլն 454 հազար 655 դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված վճարումներ:

Մեկ այլ դեպքում Մ.Պ.-ն 2013-2015 թվականների եւ 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում իրեն սպասարկելու համար համապատասխան հրամաններով Ծառայության հաշվեկշռում գտնվող 4 ավտոմեքենաներն ամրակցել է իր անվտանգության աշխատակիցներ Հ.Բ.-ին, Ա.Ս.-ին,  Է.Ս.-ին եւ Ա.Ի.-ին եւ մշտապես երթեւեկել վերոնշյալ ավտոմեքենաներից առնվազն երկուսով: Արդյունքում 2013-2015 թվականների եւ 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ն պետական բյուջեի եւ ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի տնօրինման տակ գտնվող ֆոնդի միջոցներից իրեն սպասարկող չորս ավտոմեքենաների համար հափշտակել է 40 մլն 746 հազար 500 դրամ: Բացի այդ, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Մ.Պ.-ն վստահված անձանց միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Քեթրին գրուպ», «Բեսթ ռեալթի», «Կեչառիս հոթել» եւ «Ֆրուտիմեքս» ՍՊ ընկերությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին ի պաշտոնե արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու եղանակով հովանավորելու հետ: Պաշտոնատար անձ Մ.Պ.-ն ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում վերոնշյալ ընկերությունների գործունեության, ինչպես նաեւ «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերության եւ դրա հետ փոխկապակցված այլ կազմակերպությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հետեւանքով ձեռք բերած 1 մլն 190 հազար ԱՄՆ դոլարի ծագման իրական աղբյուրը թաքցնելու, խեղաթյուրելու եւ դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով, դրանք ձեւակերպելով իբրեւ փոխառություն, փոխանցել է «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին, որոնք օգտագործվել են ընկերության ընթացիկ գործունեության, այդ թվում՝ վարկային պարտավորությունները մարելու համար:

Բացի այդ, 2013 թվականին Մ.Պ.-ն, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, սահմանված կարգի խախտմամբ աճուրդ անցկացնելու պայմաններում, էական վնաս է պատճառել պահանջատեր Հ.Ա.-ի եւ Ռ.Հ.-ի իրավունքներին ու օրինական շահերին: Մասնավորապես՝ աճուրդում 166 հատ տրանսպորտային միջոցներն իրացվել են ցածր գնով, պահանջատերեր Հ.Ա.-ն եւ Ռ.Հ.-ն զրկվել են կատարողական վարույթների շրջանակում պարտապանին պատկանող գույքի իրացումից հետո իրենց հասանելի 13 հազար 500 ԱՄՆ դոլարի եւ 87 հազար 500 ԱՄՆ դոլարի հատուցում ստանալուց եւ այլն:

Մեկ այլ դեպքում Մ.Պ.-ն, օրենքներով եւ այլ իրավական ակտերով չունենալով երրորդ անձի համար՝ Ծառայության կողմից բռնագանձման ենթակա գումարները վճարելիս ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից գանձված միջնորդավճարներից գումարներ ստանալու իրավասություն սահմանելու իրավուն, 2015 թվականի ամռանը հանձնարարել է ստեղծել եւ ներդնել բռնագանձման ենթակա վճարումներ ընդունող «ԴԱՀԿ վճարային համակարգ» ծրագրային ապահովումը: Այնուհետեւ Ծառայության (ի դեմս ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ի) եւ Մ.Պ.-ի ու նրա մորեղբոր որդու՝ Գ.Հ.-ի կողմից փաստացի կառավարվող «Ագրոպոլյուս» ընկերության միջեւ 2015 թվականի հուլիսի 31-ին հինգ տարի ժամկետով կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր: Պայմանագրով «Ագրոպոլյուս» ընկերությանը իրավունք է վերապահվել ծառայությունների մատուցման ընթացքում վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով յուրաքանչյուր վճարման դիմաց վճարողներից գանձել 300 դրամ, իսկ հետագայում՝ 15.001 դրամը գերազանցող յուրաքանչյուր վճարման դիմաց՝ 500 դրամ միջնորդավճար: Արդյունքում 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչեւ 2020 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից «միջնորդավճարի» անվան տակ, այդ գործընթացի հետ, ըստ էության, առնչություն չունեցող, Մ.Պ.-ի եւ նրա ազգականի կողմից փաստացի կառավարվող «Ագրոպոլյուս» ՍՊ ընկերությանը վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից վճարվել է 84 մլն 343 հազար 680 դրամ:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ հսկող դատախազը 2023 թվականի օգոստոսի 23-ին Մ.Պ.-ի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) (հինգ դրվագ), 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) (երկու դրվագ), 309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)):

 

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ 28-ամյա տրանսգենդերին կյանքից զրկելու դրդապատճառը հայտնի է։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝  քննությամբ պարզվել է, որ 28-ամյա տրանսգենդերը սպանության գործով ձերբակալված տղային պարտք է եղել, ու նրանց միջեւ պարտք ու պահանջի խոսակցություն է եղել։ Ավելին՝ քննությամբ պարզվել է, որ սպանվածն ու ձերբակալվածը «Կրիստալ» թմրանյութի ձեռք բերման ու իրացման գործընթացի մեջ են եղել։ Ի դեպ, օգոստոսի 23-ին նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ 28-ամյա տրանսգենդերին կյանքից զրկած երիտասարդին կալանավորելու միջնորդությամբ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 17.04-ին, 911 ծառայությունից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Կողբացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում հրդեհ է: Նշված հասցե մեկնած ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելուց հետո հայտնաբերել են դիակ: Նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Դիակի վրա կտրած-ծակած վնասվածքներ են հայտնաբերվել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի ինքնությունը՝ Արմավիրի մարզի 28-ամյա բնակիչ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿԱՆԽՎԵԼ Է ԹՄՐԱՄԻՋՈՑԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երեւանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել եւ կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց տեղափոխելու դեպք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Հ.Ղ-ն եւ Ա.Ղ-ն Իրանի Իսլամական Հանրապետության ինքնությունը դեռեւս չպարզաբանված մի քաղաքացու հետ միասին, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, պատրաստվում են Երեւան-Եղեգնաձոր միջպետական ճանապարհին գտնվող թաքստոցից իրացնելու նպատակով ձեռք բերել Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներկրված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում Հ.Ղ-ն եւ Ա.Ղ-ն ձերբակալվել են:

Ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք, որտեղ իրականացված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է մոտ կես կիլոգրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցով լցված փաթեթ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 393 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 396-րդ հոդվածի 3-րդ մասով, 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ, Հ.Ղ-ն եւ Ա.Ղ-ն կալանավորվել են։

 

 




Լրահոս