ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ միայն այս տարվա ընթացքում, ընտանիքում երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված, 50,000 դրամ աջակցություն է նշանակվել ավելի քան 7340 երեխայի։
Ծրագրի մեկնարկից մինչ այժմ աջակցություն է նշանակվել ընտանիքում երրորդ եւ հաջորդ ավելի քան 17000 երեխայի: Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:
Հիշեցնենք, որ աջակցությունը տրամադրվում է մինչեւ երեխայի 6 տարեկան դառնալը։ Այն նշանակվում է, եթե երեխան ծնվել է 2022 թ. հունվարի 1-ին կամ հետո, աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է, դիմելու օրվա դրությամբ ծնողը եւ նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում կամ դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան եւ երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում։
ԴԵՂՈՐԱՅՔԸ՝ ԱՐՑԱԽՈՒՄ
Արցախի Հանրապետություն վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ԱՀ ԱԳՆ թվիթերյան էջից։
Արցախի ԱԳՆ-ն, արձագանքելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի տարածած ապատեղեկատվությանը, գրել է, որ մինչ Հիքմեթ Հաջիեւը ջանք չի խնայում «ապացուցելու»՝ իբրեւ թե, «Լաչինի միջանցքը բաց է», միջազգային հանրությունը պատասխանում է ԿԽՄԿ-ի հայտարարությամբ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղ վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին, իսկ պարենի վերջին մատակարարումը տեղի է ունեցել հունիսի 14-ին։
ՀՈՒՇԱԴՐԱՄԸ՝ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ
2023 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը: Այս մասին հաղորդում են ԿԲ-ից:
«Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը՝ դրամը, անկախ պետականության խորհրդանիշներից է: Դրամը շրջանառության մեջ է դրվել 1993 թվականի նոյեմբերի 22-ին:
ՀՀ դրամի գոյության 30 տարիների ընթացքում թողարկվել են շրջանառու թղթադրամների եւ մետաղադրամների մի քանի շարքեր, ինչպես նաեւ դրամանիշերի այլ տեսակներ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում հավաքորդների շրջանում՝ շրջանառու հիշատակային մետաղադրամներ, հավաքորդական թղթադրամներ, հուշադրամներ, ներդրումային դրամներ»,- ասվում է ԿԲ հաղորդագրության մեջ։