Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը 2023 թվականին նշում է հիմնադրման 90-ամյակը: Այն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որը նախատեսված է սպասարկելու մանուկներին եւ պատանիներին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գրադարանն իրականացնում է տեղեկատվական, մշակութային, գրադարանագիտական, մատենագիտական, կրթադաստիարակչական գործունեություն։ Բազմագործառույթ հաստատությունը 90 տարի շարունակ ընթերցանության քաղաքականություն է իրականացնում մանուկների եւ պատանիների շրջանում: Տարբեր ծրագրերի միջոցով այն խթանում է մանկապատանեկան գրականության զարգացումը Հայաստանում՝ հանդիսանալով մանկագիրների եւ նկարազարդողների ստեղծագործական ներուժի արտահայտման կարեւոր հարթակ: Գրադարանը նաեւ hանրապետության մանուկներին ու պատանիներին սպասարկող գրադարանների մեթոդական կենտրոնն է, որն իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր ու միջոցառումներ՝ ուղղված մանուկների եւ պատանիների կրթական, մշակութային, գեղագիտական զարգացմանը:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն ամեն տարի միանում է Հայաստանում անցկացվող «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրին: Գրադարանի ներկայացրած «Հեքիաթի դեսպաններ» նախագիծը «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի հաղթող նախագծերից է:
««Հեքիաթի դեսպաններ» նախագծի շրջանակում գրադարան են հրավիրվում տարբեր մշակույթների մարդիկ, որոնք հեքիաթ են պատմում իրենց մայրենի լեզվով: ««Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի շրջանակում մենք հնարավորություն ենք ունենում գրադարանի հեղինակային «Հեքիաթի դեսպաններ» ծրագիրը տանելու նաեւ մարզեր՝ ծրագրում ներգրավելով տվյալ համայնքի երեխաներին: Նպատակը մարզերում մշակույթի ապակենտրոնացումն է եւ տեղում երեխաների գեղարվեստական կրթության ժամանցի կազմակերպումը»,- նշում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը:
Նրա տեղեկացմամբ՝ տարիներ շարունակ հաջողությամբ իրականացվող «Հեքիաթի դեսպաններ» հեղինակային ծրագիրը նախատեսվում է իրականացնել նաեւ Տավուշի մարզի Աչաջուր եւ Լոռու մարզի Սպիտակ համայնքների գրադարաններում: Նշված համայնքների գրադարաններում կկազմակերպվեն գրքի ճամբարներ, կբացվեն գրքի անկյուններ, ավելի քան 200 անուն գրականություն կնվիրաբերվի այս գրադարաններին, հիմնականում՝ մանկապատանեկան եւ եվրոպական ժառանգության թեմատիկայով:
Ծրագրի առաջին օրը նշված գրադարաններում ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն իրենց մայրենի լեզվով հեքիաթներ կկարդան երեխաների համար: Հաջորդիվ 3 աշխատանոցներում կանցկացվեն վարպետության դասեր: Համայնքների երեխաներին կներկայացվեն Եվրոպական ժառանգությանը նվիրված պատմություններ, տեղի կունենան նախապես ընտրված ստեղծագործությունների ընթերցում-քննարկումներ: Նկարազարդողների համար կանցկացվեն վարպետության դասեր, եւ երեխաները կարդացած ստեղծագործությունների հիման վրա կցուցադրեն իրենց նկարչական գիտելիքներն ու հմտությունները: Որպես ծրագրի ամփոփում՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կկազմակերպի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն երեխաների աշխատանքները: Օրվա շրջանակում երեխաները կայցելեն նաեւ տարբեր մշակութային հաստատություններ:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՖԻԼՄԻՑ
Ավարտվել են հերթական գեղարվեստական ֆիլմի նկարահանումները Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ֆիլմի անունը «Կոկո» է, պրոդյուսերը Դավիթ Ադամյանն է, սցենարի հեղինակը՝ Զոհրաբ Բեկ Գասպարենցը, ռեժիսորը՝ Անգել (Էնջլ) Մարտիրոսյանը:
Ֆիլմում նկարահանվել են Նազենի Հովհաննիսյանը, Արմուշը, Լիլուն, Մոսո Կարապետյանը, Քեն Դավիդյանը, Վահագն Ստեփանյանը՝ Դելոն, եւ այլք:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վահագն Ստեփանյանը պատմեց, որ ֆիլմի գործողությունները ծավալվում են Միացյալ Նահանգներում.
«Դրական կոմեդիա է՝ յուրահատուկ հումորային տարրերով: Ինձ դերն առաջարկել է ռեժիսորը՝ Էնջլ Մարտիրոսյանը, եւ ի սկզբանե ասել է, որ դերը այդքան էլ մեծ չէ: Համաձայնեցի, քանի որ ինձ համար մեծ ու փոքր դերեր չկան, հետո հասկացա, որ, ճիշտ է, դերը փոքր է, սակայն կշիռ ունի: Իմ մարմնավորած կերպարն այն մարդն է, որի պատվին էլ անվանված է ֆիլմը»:
Դելոյի խոսքով՝ շուրջ տասը տարվա դադարից հետո այս նախագիծն իր համար էքսպերիմենտալ է եղել եւ յուրահատուկ նշանակություն է ունեցել. «Yere1»-ից հետո գնացի ԱՄՆ, եղավ շատ մեծ դադար: Իհարկե, ընթացքում այնտեղ զբաղվում էի փոքր նախագծերով, բայց դա այն բուռն հեռուստատեսային կյանքը չէր, որն ունեի մինչ այդ: Ես շնորհակալ եմ դերասական անձնակազմին, հատկապես՝ Նազենի Հովհաննիսյանին, քանի որ նա պրոֆեսիոնալ կինոյի դերասանուհի է եւ խոսքի վարպետ ու շատ հաճախ էր ինձ օգնում, քանի որ այստեղ կային շատ նրբություններ, որոնք չէր եղել մինչ այդ իմ մասնակցությամբ այլ նկարահանումների ընթացքում»:
Համեմատելով «Yere1»-ը «Կոկո»-ի հետ՝ Դելոն ասում է, որ ամեն մեկը յուրովի հետաքրքիր էին ու ժամանակին համահունչ:
«Այն ժամանակ՝ դեռեւս 2008-ին, երբ համացանցն այնքան զարգացած չէր, ինչպես այսօր, եւ առաջատարը հեռուստատեսությունն էր, անհնար էր, որ արտադրանքը լիներ անորակ: Այսօր, երբ համացանցը մեր կենցաղի անբաժան մասն է, առավել անհնարին է դառնում, իսկ բովանդակային առումով միանշանակ շատ տարբեր էին՝ նա սիթքոմ էր, սա՝ գեղարվեստական ֆիլմ»:
Նշենք, որ ֆիլմի պրեմիերայի օրը դեռեւս հայտնի չէ, սակայն նախատեսվում է այս աշնանը պրեմիերան ցուցադրել եւ՛ Հայաստանում, եւ՛ ԱՄՆ-ում:
ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ
ԿՆՔԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Անգլիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Աարոն Ռեմզին «Աստոն Վիլայից» տեղափոխվեց «Բարնլի»։ 20-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր։
Daily Mail-ը հաղորդել էր, որ «Աստո Վիլան» Աարոն Ռեմզիի տրանսֆերից կստանա 14 միլիոն ֆունտ ստերլինգ, նաեւ կունենա նրան հետ գնելու իրավունք։
Անցած մրցաշրջանում Աարոն Ռեմզին վարձակալությամբ խաղում էր «Միդլսբրոյում»՝ 31 խաղում խփելով 8 գոլ, կատարելով 4 գոլային փոխանցում։
Ո՞Վ Է ՆՈՐ ՄԱՐԶԻՉԸ
Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով.
«Սիրելի՛ շիրակցիներ, հարգելի՛ ֆուտբոլասերներ, մեր ակումբի գլխավոր թիմը գլխավորել է Արսեն Հովհաննիսյանը: Վերջինս երկար տարիներ աշխատում է մեր ակումբի համակարգում՝ մանկապատանեկան թիմերից հասնելով մինչեւ ակումբի երկրորդ թիմ:
Անցած մրցաշրջանի մեկնարկից 34-ամյա մասնագետը գլխավորում էր «Շիրակ-2»-ը: Արսեն Հովհաննիսյանի գլխավորած մարզչական շտաբում կաշխատեն մարզիչներ Անդրանիկ Բարիկյանը, Վարդան Պավլեյանը եւ դարպասապահների մարզիչ Էդգար Մովսիսյանը:
Շնորհավորում ենք մեր մարզչին նշանակման առթիվ, մարզչական նոր շտաբին մաղթում ենք հաջողություն ու հաղթական ընթացք»:
Հիշեցնենք՝ «Շիրակ»-ը գլխավորում էր Էդգար Թորոսյանը, որը հրաժարականի դիմում է ներկայացրել:
ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Հայաստանի թաեքվոնդիստները օգոստոսի 23-ից մինչեւ օգոստոսի 26-ը Տալլինում կմասնակցեն Եվրոպայի երիտասարդների ու մեծահասակների առաջնությանը, ինչպես նաեւ էստոնիայի բաց առաջնությանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի թաեքվոնդոյի հավաքականը մեծահասակների մրցումներին կմասնակի միայն օլիմպիական քաշային կարգերի ներկայացուցիչներով: Խաղարկվող մրցանակներից բացի, մասնակիցներին կշնորհվեն անհատական վարկանիշային միավորներ:
Հայաստանի թաեքվանդոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականը մրցաշարին կմասնակցի հետեւյալ կազմով՝ 45 կգ Դավիթ Մուրադյան, 48 կգ Արթուր Ավագյան, 51 կգ Սերգեյ Վարդանյան, 55 կգ Ալեքս Մելիքյան, 59 կգ Արաքսյա Վարդանյան, 63 կգ Վաչե Նուրիջանյան, 68 կգ Հակոբ Ազոյան, 73 կգ Ջիվան Հարությունյան։ Մեր հավաքականի մարզիչն է Սամսոն Գրիգորյանը։