ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ՝ ԳԱՎԱՌԻ ԴԵՊՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մոր՝ Աննա Արեւշատյանի նկատմամբ հարուցված քրեական գործով Նուբարաշենի բանտում  հարցաքննվել է երեխաների հայրը՝ Թաթուլ Մադաթյանը։ Նշենք, որ Թաթուլ Մադաթյանը կալանավորված է սեփական երեխաների նկատմամբ սեռական բռնություն իրականացնելու համար եւ կալանքը կրում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Մեզ հասած լուրերի համաձայն՝ երեխաների հորը հարցաքննել են, քանի որ Աննա Արեւշատյանը իրավապահներին  հայտնել է, որ երեխայի նկատմամբ այդպես վարվել ու նկարելը ունեցել է մեկ նպատակ՝  ուղարկել ամուսնուն։ Իսկ թե ամուսինն ինչ է արել այդ նկարահանած տեսանյութը, ու որտեղից է այն տարածվել համացանցում, Աննա Արեւշատյանն ասել է՝ ինքը տեղյակ  չէ։ Եվ, ահա, այդ նպատակով  իրավապահները մտել են Նուբարաշենի բանտ՝ խուզարկության։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, մեզ հասած  բացառիկ տեղեկությունների համաձայն, հենց այս դեպքով էլ Նուբարաշենի բանտում խուզարկություն է իրականացվել՝ հատկապես սեռական բռնություն իրականացրած հոր՝ Թաթուլ Մադաթյանի խցում:

Իսկ ի՞նչ է հայտնաբերվել։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ խցում եղել են հեռախոսներ, Թաթուլ Մադաթյանի մոտ եւս եղել է հեռախոս ու դեռ ավելին՝ հեռախոսի մեջ եղել են մի քանի տեսանյութեր՝ երեխայի մասով։

Խուզարկությունից հետո երեխաների հորը Նուբարաշենի բանտից տեղափոխել են Գավառի քննչական բաժին, ու քննչական գործողություններ են իրականացվում։

Հիշեցնենք, որ քրեական վարույթով պարզվել է, որ Աննա Արեւշատյանն իր 12-ամյա դստեր մասնակցությամբ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու, այն հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով այլ անձանց սեռական կարիքները բավարարելու նպատակով իրացնելու դիտավորությամբ, անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորելով, ստեղծել եւ իրացրել է մանկական պոռնոգրաֆիա: Մանկական պոռնոգրաֆիայի ստեղծման ժամանակ անչափահաս դստերը պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, իսկ պոռնկագրական բնույթի նյութի պատրաստմանը ներգրավել է նաեւ իր 12 տարին չլրացած երկու աղջիկ երեխաներին։ Ծնողները կալանավորված են:

 

 

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակն աչքի է ընկնում իր բազմազանությամբ եւ խայտաբղետությամբ. ցուցակում ընդգրկված են ոչ միայն պաշտոնյաներ, տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, այլեւ ՔՊ-ական  պատգամավորների ազգականներ: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով կուսակցության ընտրական ցուցակը, նկատեց, որ ցուցակում տեղ է գտել ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, որը  նախկինում  Աջափնյակի փոխթաղապետի պաշտոնն էր զբաղեցնում, սակայն Հրաչյա Սարգսյանի պաշտոնավարման օրոք նրան ազատեցին աշխատանքից: Հովսեփ Աղազարյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել այս ընթացքում՝ օգտվելով իշխանության հովանավորությունից: Նա հեղափոխությունից հետո աշխատանքի էր անցել Աջափնյակ համայնքի իրավաբանական վարչությունում, իսկ  2020թ.-ին 37 դիմողից ընտրվել էր մաքսային տեսուչ՝ «Զվարթնոց» օդանավակայանում, արդեն 2021թ.-ին նշանակվել էր Աջափնյակի փոխթաղապետ: Պատգամավորի որդին ՔՊ-ի անբաժանելի մասն է դարձել, ամենուր շրջում է նրանց հետ, աջակցում  ու պաշտոն ստանում: ՔՊ-ի ավագանու ցուցակում է նաեւ կուսակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականը՝ Նատալի Սինորյանը, որն ԱԺ-ում մշտապես աչքի է ընկել լրագրողների նկատմամբ ամբարտավան վերաբերմունքով: Վերջինս նաեւ հայտնի է նրանով, որ լինելով պատգամավորի օգնական՝ Հայկ Կոնջորյանի փոխարեն ղեկավարում է ողջ ՔՊ-ն, պատգամավորներն ավելի շատ իրեն են «հաշիվ տալիս», քան Կոնջորյանին: ՔՊ ցուցակի 34-րդ համարը Երեւանի ամենասկանդալային թաղապետն է՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը։ Նա թերեւս հանրությանը հայտնի է ոչ թե իր աշխատանքով, գործունեությամբ, այլ սկանդալային վարքագծով եւ անգործությամբ: Սամվել Ղուկասյանն իր պաշտոնավարման օրոք հասցրել է արդեն համացանցում տարածված մի շարք աղմկահարույց տեսանյութերի հերոս դառնալ. այս հարցում թերեւս գերազանցել է շոու բիզնեսի հայտնի աստղերին: ՔՊ ցուցակում ընդգրկված է նաեւ մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը. նա ցուցակում 136-րդ համարն է: Հիշեցնենք, որ Գոռ Քլոյանի քույրը՝ Անուշ Քլոյանն էլ էր նախորդ ավագանիում ընդգրկված, բայց վերջերս ԱԺ պատգամավորի մանդատը վերցրեց: Ցուցակի 155-րդ համարը «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանն է, ցուցակում է նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արշակ Օրդուխանյանը:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մինչ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը գրեթե ամենօրյա ռեժիմով հանդիպումներ ու քննարկումներ է անցկացրել: ՔՊ-ականները ոչ միայն ներկուսակցական հանդիպումներ են ունեցել, այլ նաեւ քաղաքական տեխնոլոգիաների եւ PR տարբեր մասնագետների հետ են հանդիպել, որպեսզի ամենայն մանրամասնությամբ գծագրեն իրենց քարոզարշավը: ՔՊ-ականները որոշել են քարոզարշավին հիմնականում մասնակից դարձնել հանրության համար ավելի ընկալելի դեմքերի, որոնք ոչ միայն կշրջեն իրենց թեկնածու Տիգրան Ավինյանի հետ, այլ նաեւ առանձին վարչական շրջաններում տեղեկատվական թռուցիկներ կբաժանեն, կզրուցեն երեւանցիների հետ: ՔՊ-ում կարծում են, որ հանրության համար քիչ թե շատ ընկալելի դեմքերից են, օրինակ, պատգամավորներ Գեւորգ Պապոյանը, Հրաչ Հակոբյանը, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը եւ էլի մի քանիսը, դրա համար էլ հիմնականում հենց նրանք են ավելի հաճախ երեւում հանրության շրջանում ու ավելի ակտիվ մասնակցում քարոզարշավին: Ավելին՝ մեր տեղեկություններով՝ հենց այս քննարկումների արդյունքում էլ ՔՊ-ականները որոշել են, որ Նիկոլ Փաշինյանի ակտիվ մասնակցությունը քարոզարշավին ոչ մի օգուտ չի տալու իրենց, հակառակը՝ վնասելու է, ու Փաշինյանին հասկացրել են, որ չխառնվի քարոզարշավին:

 

 

 

Ըստ Վիճակագրական կոմիտեի վերջին տարվա հրապարակումների՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող անձանց բաշխումը, ըստ սեռի, տարիքային խմբերի եւ քաղաքացիության երկրի, 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին հետեւյալն է. Հայաստանից ամենաշատը Իրաքի քաղաքացիներն են ապաստան հայցում. այս տարի նրանց թիվը կազմել է 131 մարդ։ Երկրորդ տեղում Ուկրաինիայի քաղաքացիներն են՝ 115 մարդ անցած 6 ամիսներին։ Երրորդ տեղում Իրանի քաղաքացիներն են՝ 40 մարդ։ Ի զարմանս մեզ՝ Ռուսաստանն այս շարքում 6-րդն է, ՌԴ-ի քաղաքացիներից անցած 6 ամիսներին միայն 18 մարդ է դիմել ապաստան ստանալու համար։ Ինչ-որ առումով սա զարմանալի չէ, քանի որ ռուսների համար Հայաստանն այժմ արտերկրից ֆինանսական միջոցներ ստանալու խողովակ է։ Նրանցից շատերը դառնում են քաղաքացի, սակայն կա՛մ մնում են այստեղ, կա՛մ գնում են այլ երկիր հայկական անձնագրով, քանի որ մենք՝ հայերս, շատ երկրներ կարող ենք այցելել, առանց մուտքի վիզայի անհրաժեշտության։ Հայաստանից ապաստան են հայցում Նիգերիայի, Իսրաելի, Տաջիկստանի, Ադրբեջանի, Մարոկկոյի, Թուրքիայի եւ այլ երկրների քաղաքացիներ։ Աշխարհի ամենաանվտանգ 117 երկրների շարքում Հայաստանը 25-րդն է. գուցե նաեւ այս փաստն է ստիպում մարդկանց ապաստան խնդրել կամ դառնալ ՀՀ քաղաքացի։

 

 




Լրահոս