ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշեց, թե իրեն տեղեկություններ են հասել այն մասին, որ ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ Արցախից ելք թույլ տալու, բայց մուտք թույլ չտալու ուղղությամբ:

 

Այս հայտարարության առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ:

-Պարո՛ն Բաբայան, կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ Արցախից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ։ Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

-Ճիշտն ասած, տեղեկություն չունեմ՝ նման որոշում կա, թե չկա, բայց այն, որ Ադրբեջանը շահագրգռված է, որպեսզի Արցախից մարդիկ դուրս գան, իհարկե այդպես է։  Բայց այս պահին այդ ծրագրի մասին տեղյակ չեմ։

-Իսկ եթե Ձեզ մոտ քննարկվի այդ հարցը, ինչպիսի՞ պատասխան Դուք կտաք, պարո՛ն Բաբայան։ Այսինքն՝ ճի՞շտ եք համարում, որպեսզի Արցախից ելք լինի, բայց մուտք չլինի դեպի Արցախ։

-Ո՞նց կարող է այդպես լինել. մարդիկ որ գնում են բուժվելու, բայց պետք է վերադառնան նաեւ, ընտանիքները բաժանված են եւ այլն։ Իհարկե, Ադրբեջանից նման բան պետք է ակնկալել, բայց այս պահի դրությամբ որեւէ փոփոխություն՝ այս հարցի հետ կապված, չկա։

-Այսինքն՝ քննարկում կառավարության նիստում այս հարցի հետ կապված չի՞ եղել։

-Ո՛չ, ի՞նչ քննարկում։

-Նաեւ պարոն Փաշինյանն ասաց, որ խաղաղության պայմանագրի նոր ձեւաչափ են ներկայացրել Ադրբեջանին։ Տեղեկություն ունե՞ք՝ ինչի մասին է խոսքը։

-Ճիշտն ասած, չունենք։ Պետք է նայենք, տեսնենք։ Դուք էլ ուսումնասիրեք, փաստաթղթերը թող հրապարակեն, տեսնենք։

-Պարո՛ն Բաբայան, նաեւ թեժ քննարկվում է, որ Արցախում համաձայն են, որպեսզի Աղդամով ճանապարհ լինի։ Ասում են, որ պետական մակարդակով արդեն համաձայնություն կա։ Որքանո՞վ է այս տեղեկությունը իրական։

-Նախ՝ տարբեր բաներ են ասում, մեկը շահարկում է, մեկը չափազանցնում է, Աղդամի ճանապարհը կբացվի, չի բացվի, սա լոգիստիկական, տեխնիկական խնդիր է։ Եթե փոխանակում տեղի ունեցավ, Բերձորի մասին էլ խոսք չի լինելու։  Մենք ընդհանրապես կտրվելու ենք ամեն ինչից, նույնիսկ չենք կարողանալու մարդկանց տանենք, փրկենք։ Ինչի՞ մասին է խոսքը, ո՞նց կարող է մեկը մյուսին փոխարինել։

Զրուցեց ԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

 

 

ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ՇՏԱԲԸ ՉԻ՞ ԳՈՐԾՈՒՄ

Քաղաքապետի թեկնածու, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի շտաբը չի գործում. այսպես ասած, շտաբը գործում է միայն ֆորմալ, զուտ որպես գրասենյակ, բայց որեւէ գործունեություն այն չի իրականացնում:

 

«Ժողովուրդ» օրաթերթը  քարոզարշավի մեկնարկի առաջին օրը եղել է ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մի քանի ուժերի նախընտրական շտաբներում, մասնավորապես՝ եղել ենք «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների շտաբներում ու ներկայացրել ենք նրանց աշխատանքը:

Երեկ կապ հաստատեցինք նաեւ Հայկ Մարությանի նախընտրական շտաբի ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանց շտաբ նույնպես գնանք եւ հանրությանը հետաքրքրող հարցերն ուղղենք: Առանց այդ էլ նկատենք, որ Հայկ Մարությանը թերեւս ամենափակ ու անհասանելի թեկնածուն է երեւանցիների համար, որը հստակ իր առաջարկները չի ներկայացրել երեւանցիներին, արդեն քարոզարշավի օրն է, բայց դուրս չի եկել ու չի հանդիպել քաղաքացիների հետ: Հետեւապես, սա նաեւ առիթ կլիներ հարցեր ուղղել Մարությանի թիմին, բայց Հայկ Մարությանի շտաբը, կարծես, ոչ թե նախընտրական շտաբ լինի, այլ ընդամենը ընկերական նեղ շրջանակ: Մարությանի շտաբի խոսնակը շատ զարմացավ մեր զանգից, կարծես արտասովոր բան էինք խնդրում, հետո բավականին կոպիտ ու անհարիր ձեւով արձագանքեց, թե իրենք մեզ շտաբ չեն հրավիրել:

Նկատենք, որ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի գործունեությունը, հատկապես՝ քարոզարշավի ժամանակ, բաց է լուսաբանման համար, իսկ լրատվամիջոցը, առհասարակ, պարտավոր չէ որեւէ շտաբից թույլտվություն վերցնել. կարող ենք ցանկացած ժամանակ գնալ ու մեր հետաքրքրող հարցերը տալ նրանց:

Թե ինչու է Հայկ Մարությանն այսքան փակ ու կաշկանդված հանրության հետ շփումներից, անհասկանալի է. մեկ այլ հարց է այն, որ եթե հիմա է խուսափում շփումներից, ընտրվելու դեպքում ինչպե՞ս է շփվելու քաղաքացիների հետ:

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը ընտրություններին մասնակցելու է  «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով:

Ք. Մ.

 

 

 

ԿՄԵԿՆԵՆ ԴՈՒԲԼԻՆ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 27-30-ը մեծ պատվիրակությամբ կմեկնի Իռլանդիա՝ Դուբլին:

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ից տեղեկացավ, որ պատվիրակության կազմում 11 հոգի են ընդգրկված՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Սոնա Ղազարյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։ Պատվիրակության կազմում Դուբլին կմեկնեն նաեւ մեծ թվով ԱԺ աշխատակիցներ:

Հայաստանի Հանրապետության ԱԺ պատվիրակությունը Դուբլին կմեկնի Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար։

Պատվիրակության գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի ծախսերը կկատարվեն պետբյուջեի հաշվին:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

ԿԱԴՐԱՅԻՆ ԽՆԴԻ՞Ր, ԹԵ՞ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն նախագահ չունի: Այս հաստիքը թափուր է դեռ անցյալ տարվանից: Կոմիտեն, սակայն, ունի աշխատակազմ, պետբյուջեից էլ գումար է ստանում: Ուսումնասիրելով այս կառույցի գործունեությունը՝ տեսնում ենք, որ, պաշտոնական տեղեկատվության համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ին կոմիտե է այցելել, որից հետո այս կառույցի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ:

Վարչապետի այցից հետո առկա է ընդամենը երկու հաղորդագրություն, որից մեկը հուլիսի 10-ից 14-ը Երեւանում տեղի ունեցած «2-րդ եւ 3-րդ մակարդակների անվտանգության հավանականային գնահատման կիրառումը» խորագրով աշխատանքային հանդիպման մասին է, իսկ մյուսն էլ 2023 թվականի մարտի 14-ին Վաշինգտոնում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջեւ միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման եւ համագործակցության մասին hամաձայնագրին է վերաբերում: Հետաքրքիր է` ինչու կառավարությանն առընթեր այս մարմինը կես տարուց ավելի է՝ ղեկավար չունի: Կադրային խնդի՞ր է, թե՞ անուշադրության են մատնում այս կարեւորագույն առաքելությամբ կառույցը: 2022 թվականի բյուջեով Միջուկային եւ ճառագայթային անվտանգության կարգավորմանը բյուջեից հատկացվել է 321 մլն դրամ:  Նշենք, որ վերջին երկու տարվա ընթացքում տվյալ կառույցի գործունեության մասին չկա գեթ մեկ մամուլի հիշատակում, իսկ կառավարության նիստերին միջուկային անվտանգության հարցերը չեն բարձրացվում ընդհանրապես:

 




Լրահոս