Երեկ Ծաղկաձորում ընթացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը: Նիստից առաջ տեղի է ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի երկկողմ հանդիպումը։
Ըստ ՏԱՍՍ-ի՝ ՌԴ վարչապետը հանդիպման ժամանակ նշել է, որ, չնայած առկա դժվարություններին, Մոսկվայի եւ Երեւանի միջեւ առեւտրատնտեսական կապերն առավել ամրապնդվում են։
«Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամությունը, գործընկերային, դաշնակցային հարաբերությունները։ Չնայած համաշխարհային տնտեսությունում առկա բարդություններին՝ Ռուսաստանի եւ Հայաստանի առեւտրատնտեսական հարաբերությունները զարգանում են, ապրանքաշրջանառությունն աճում է, ինչն ուրախալի է»,- ասել է Միխայիլ Միշուստինը։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից վերահսկվող Միջկառավարական հանձնաժողովի գծով մշակվում են նախաձեռնություններ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։ Միշուստինի պնդմամբ` կողմերը աստիճանաբար մեծացնում են փոխգործակցությունը էներգետիկայի, մասնավորապես՝ ատոմային էներգետիկայի, լեռնահանքային արդյունաբերության, տրանսպորտային լոգիստիկայի ոլորտներում։
ՌԴ վարչապետի խոսքով՝ մի շարք նախագծեր կան բարձր եւ թվային տեխնոլոգիաների ոլորտում։ Լուրջ դեր են խաղում բիզնես առաքելությունները ՌԴ-ից, որոնք պարբերաբար ժամանում են Հայաստան։
«Մենք առաջարկում ենք արագացնել աշխատանքը բոլոր համատեղ ուղղություններով՝ ներդրումային նախագծերի, տնտեսական զարգացման ոլորտներում»,- ասել է Միշուստինը:
Նրա խոսքով՝ չափազանց կարեւոր է այսուհետեւ ընդհանուր նախագծերում ընդլայնել ազգային արժույթի օգտագործումը փոխադարձ առեւտրում։ Դա, Միշուստինի կարծիքով, կնպաստի ապրանքաշրջանառության աճին։
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2023 թ. առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 3 մլրդ դոլար։ Այս ցուցանիշը 34,6%-ով բարձր է 2022 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Հանդիպման ընթացքում կառավարությունների ղեկավարները քննարկեցին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում միջնաժամկետ եւ երկարաժամկետ ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հարցերը:
Նշենք նաեւ, որ քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում իրավական մեխանիզմների հետագա կատարելագործումը, այլ երկրների հետ փոխգործակցության գոյություն ունեցող ձեւաչափերի ամրապնդումը եւ հնարավոր գործընկերների հետ կապերի հաստատումը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստը կայացել էր Սոչիում հունիսի 8-ին: Այս տարի նույնպես միության երկրների վարչապետները հանդիպել էին փետրվարին Ղազախստանում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նիստին մասնակցելու համար ՀՀ էր ժամանել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ կառավարության ղեկավարին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Միջոցառմանը ներկա էին նաեւ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետները։
ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ
2023թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքները։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է կառավարության չզեկուցվող հարցերից:
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ կմասնակցեն ինչպես շարքային, այնպես էլ ենթասպաներ եւ պահեստազորի սպաներ:
Հավաքներն անցկացվում են ընդհանուր ռազմական հմտությունների մակարդակը պահպանելու, ինչպես նաեւ պահեստազորի սպաների պատրաստման նպատակով։
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 24-ին որոշում է ստորագրել, ըստ որի՝ Դանել Դանիելյանը նշանակվում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դանիել Դանիելյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ։
Ո՞Վ Է ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 24-ի հերթական նիստում հաստատել է ԱԺ պատգամավորին մանդատ տրամադրելու արձանագրությունը։
«Այսպիսով, ինքնաբացարկի դիմում ներկայացրած եւ լիազորությունները վաղաժամ դադարած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանի մանդատը տրամադրվեց նույն դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Ալբերտի Մելիքյանին։
Երեւանի ավագանու ընտրություններում գրանցված «Ուժը հայրենյաց» եւ «Ազգային առաջընթաց» կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված ավագանու անդամի երեք թեկնածու ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ԿԸՀ։
«Ուժը հայրենյաց» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Սոնա Խարբերտյանի եւ Եկատերինա Վալեանուի ինքնաբացարկի դիմումները սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել, հետեւաբար վերջիններիս ներկայությունը պարտադիր չի եղել նիստին։
Իսկ ինքնաբացարկի դիմում ներկայացրած ավագանու անդամի մյուս թեկնածու Էլինա Ավետիսյանն անձամբ է դիմումը փոխանցել հանձնաժողովին՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, քանի որ դիմումը չի պարունակել նոտարական վավերացում»,- ասված է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։
ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամբողջ կազմով երեկվանից լծվել է նախընտրական քարոզարշավին:
ՔՊ-ականների մի մասը քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ շրջում են Երեւանի տարբեր վարչական շրջաններում, զրուցում քաղաքացիների հետ, մի մասն էլ տեղեկատվական թռուցիկներ են բաժանում:
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որը բավական ակտիվ է ներկուսակցական հավաքների, քննարկումների ժամանակ, քարոզարշավին բավականին պասիվ էր, չէր մասնակցում դրան, ավելին՝ անգամ սոցցանցերում որեւէ աջակցություն ցույց չի տվել թիմին:
ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանից հետարքրվեցինք՝ ինչով է սա պայմանավորված: «Քարոզարշավը դեռ նոր է սկսվել, Ալեն Սիմոնյանն անպայման կմասնակցի, բայց թե ինչ ֆորմարտով կամ երբ, չեմ կարող ասել, բայց որ մասնակցելու է քարոզարշավին, դա քննարկման ենթակա չէ»,-ասաց նա:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԻ
Ալիեւը չի ընդունի Բելգիայի ԱԳ նախարարին հայանպաստ դիրքորոշման պատճառով. այս մասին հայտնում է ադրբեջանական գործակալությունը՝ չհրապարակելով իր աղբյուրը:
Ավանդաբար Ադրբեջանի նախագահն ընդունում է երկիր այցելող օտարերկրյա պետությունների արտգործնախարարներին, մինչդեռ APA գործակալությանը հայտնել են, որ Իլհամ Ալիեւը չի ընդունի Բելգիայի արտգործնախարարին՝ «հայանպաստ դիրքորոշման եւ Հայաստանում արած անհիմն հայտարարությունների պատճառով»։
«Հաջա Լաբիբը Հայաստան այցի ժամանակ հնչեցրել է հայանպաստ հայտարարություններ, որոնք հեռու են իրականությունից եւ չեն համապատասխանում տարածաշրջանում տիրող իրավիճակին», – APA-ին ասել է աղբյուրը, որը գործակալությունը չի հրապարակում:
Բելգիայի արտգործնախարարը Երեւանում երկու օր առաջ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց մասնավորապես, որ Ադրբեջանի պարտավորությունն է Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովումն ու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, եւ սահմանափակումը սովի սպառնալիք է ստեղծում։ Հաջա Լաբիբը խոստացել էր Երեւանում հայտնած դիրքորոշումներն այս շաբաթ Բաքվում էլ կրկնել։