ՈՉ ՄԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանի որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  նախագահ Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց  իր նախկին` «հաջորդ դասի» մասին խոսքերից եւ հայտարարեց, որ  տեր է փետրվարին  ստորագրված կոալիցիոն  հուշագրին, նշանակում է` իշխող կոալիցիայում հրադադար է:
 
ՀԱՐՑ. Ի՞նչ կտա այդ հրադադարը քաղաքական դաշտին:  

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ.Ծառուկյանն արդեն  ասել է այդ մասին, եւ կոռեկտ չէ, որ ես մեկնաբանեմ վերջինիս  ասածը: Կարծում եմ` հուշագիրը հնարավորություն կտա,  որ կոալիցիան մինչեւ վերջ կատարի իր առաքելությունը, քանի որ կոալիցիայի առջեւ դրված են եղել բազմաթիվ խնդիրներ, ծրագրեր, եւ այն իրականացնելու համար այս ժամանակահատվածում  նրանք միասին կգնան այդ ծրագրերի իրականացման վերջին փուլ: Գիտեք, մենք մտնում ենք ոչ թե փոփոխությունների,  այլ նախընտրական փուլ, եւ ես կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրությունների:  

ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար

ՊԱՏԱՍԽԱՆ. Անիմաստ եմ համարում ձեր հարցին պատասխանել  եւ ինձ թվում է, որ  արհեստական հարցեր եք տալիս, քանի որ ընտրություններին հնարավոր են տարբեր տիպի հայտարարություններ, եւ դա չի նշանակում, որ ես պետք է ցանկացած հայտարարության արձագանքեմ:

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ  
Հանրային խորհրդի նախագահ   

ՊԱՏԱՍԽԱՆ. Գիտեք, մեր կուսակցության առաջնորդն իր ասածի տեր  անձնավորություն է եւ եթե նման բան է ասել, ուրեմն այդպես է նպատակահարմար գտել: Իմ կարծիքով, այդ հրադադարը քաղաքական դաշտին ստաբիլություն  կտա:

ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Կարող եմ ասել` ոչ թե հրադադար է, այլ կոալիցիան այսօր շատ նորմալ վիճակում է եւ ԲՀԿ-ի հետ ոչ մի տարաձայնություն չունի, եւ չեմ պատկերացնում` ինչ-որ փոփոխություններ հետագայում լինեն: Եւ այն, ինչ կոալիցիոն հուշագրում ամրագրված է, մինչեւ վերջ էլ, համոզված եմ, կպահվի թե՛  ՕԵԿ-ի, թե՛ ԲՀԿ-ի, թե՛ ՀՀԿ-ի կողմից: Իսկ թե հետագայում ինչ կլինի եւ ինչպես,  ասեմ, որ կոնկրետ կանխագուշակումներով չեմ զբաղվում:

ՄԻՇԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Նման հայտարարությունից ես զարմացած չեմ եւ չեմ կարծում, որ կոալիցիայում կլինեն փոփոխություններ: Կարծում եմ, որ քաղաքական դաշտում կոալիցիայի հրադադարը տեսականորեն ոչ մի փոփոխության չի հանգեցնի:

ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ժառանգություն» կուսակցության
վարչության քարտուղար

ՊԱՏԱՍԽԱՆ. Այստեղ ոչ մի հրադադարի մասին խոսք չկա, ուստի եւ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Պարզապես նրանք հստակեցրին իրենց  գործունեությունը, որպեսզի ավելորդ անգամ հույսեր չփայփայենք, եւ հերթական ընտրություններում կրկնվելու է այն, ինչ եղել է 2007, 2003 թվականներին:

ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀՀ նախկին վարչապետ
Պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ




Լրահոս