Ամբողջ օրը թեժ է եղել․ նոր մանրամասներ ԱՀ նախկին նախագահների և պատգամավորների հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, երեկ ողջ օրն Արցախում լարված է եղել: Արցախի ԱԺ-ում երեկ երեկոյան ընդլայնված քննարկում է եղել, որին մասնակցել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը և արցախցի պատգամավորները: Ընդլայնված հանդիպմանը քննարկվել է արցախցի երիտասարդների՝ նախօրեի առեւանգումը Հակարիի կամրջի մոտից, որը վերջին շրջանում հաճախակի բնույթ է կրում, քննարկվել են անվտանգային հարցերը, ստեղծված հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը:

Ինչպես Արցախի մեր աղբյուրներն են հայտնում՝ նախկին նախագահները և պատգամավորների մեծամասնությունն իրենց դիրքորոշումն են հայտնել, որ անվտանգային լարված իրավիճակում նախագահի հրաժարականը տեղին չէ, քանի որ իրավիճակը կարող է ավելի լարվել դրանից հետո: Վերջնական որոշումը, ամեն դեպքում, Արայիկ Հարությունյանինն է, բայց վերջինս դեռ իր որոշման մասին չի հայտնել:  Մեր աղբյուրների փոխանցմամբ՝  Հարությունյանն այս օրերին տարբեր շրջանակների հետ հանդիպումներ է ունենում, ակտիվ քննարկումների մեջ է և առաջիկայում իր որոշման մասին կհայտնի:

Արցախի նախագահների և պատգամավորների մասնակցությամբ այս քննարկումը տևել է մինչև լուսաբաց և բավականին թեժ է անցել: Իրավիճակն այդ ընթացքում լարված է եղել նաև Արցախի ԱԺ բակում, որտեղ մի խումբ ցուցարարներ պահանջում էին Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Քննարկումից հետո Արայիկ Հարությունյանը հանդիպել է ցուցարարների հետ, նրանց հարցերին պատասխանել ու խոստացել առաջիկայում նորից հանդիպել նրանց հետ:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս