Հ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությամբ կնպաստի հայ-իրանական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։
Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Այս ուղղությամբ նա հատկապես ընդգծել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին 2023-2027 տարիների համար» փոխըմբռնման հուշագրի նախագիծը, որը ենթադրում է մի շարք համատեղ ծրագրեր երկու երկրների միջև տարբեր ոլորտներում:
Նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին կարևորել է տարածաշրջանային լեզուների ուսուցման շրջանակում պարսկերենի դասավանդումը ՀՀ հանրակրթական դպրոցներում:
Կողմերն անդրադարձել են նաև բարձրագույն կրթության ոլորտում անելիքներին: Առաջարկվել է ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր, որոնք կմշակեն նաև ճանապարհային քարտեզ՝ միջբուհական համագործակցությունը զարգացնելու նպատակով:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է իրանցի գործընկերների կողմից ՀՀ բուհերում և դպրոցներում պարսկերեն դասավանդողների վերապատրաստման ծրագրի իրագործումը: