Օգոստոսի 26-ին Ստեփանավանի օդանավակայանն անսովոր մարդաշատ էր: Բազմաթիվ տեղացիներ ու զբոսաշրջիկներ հավաքվել էին մի տեղում՝ ներկա գտնվելու օդային հրավառությանը: Առավոտյան ժամերից մինչև ուշ երեկո երկնքում իրենց թռիչքն էին իրականացնում տարբեր ինքնաթիռներ՝ փոքր ինքնաթիռներից մինչև անօդաչու թռչող սարքեր և պարապլաներներ։ Երկար տարիներ անգործության մատնված թռիչքուղին չորրորդ Air Fest-ի կողմից նորից գործարկվեց:
Առաջին անգամ այս փառատոնը 6 տարի առաջ էր տեղի ունեցել՝ Լեռնային Ղարաբաղում, իրավիճակով պայմանավորված այս տարի անցկացվեց Ստեփանավանում:
«Առաջին հերթին Ստեփանավանը կլիմայական առումով շատ բարենպաստ է, բացի այդ, կա օդանավակայանի հին թռիչքուղի, որն ինչ-որ կերպ կարելի է շահագործել փոքր ինքնաթիռների համար։ Երրորդ պատճառն այն է, որ այստեղ միջոցառումներ չկան»,- ասում է փառատոնի կազմակերպիչ, Հայաստանի գլխավոր ավիացիոն հիմնադրամի տնօրեն Արմեն Սարգսյանը։
Փառատոնի ծրագիրը ներառում էր աերոմոդելավորում, պարապլաներային թռիչք, անօդաչու թռչող սարք, ուղղաթիռով թռիչք և պարաշյուտով վայրէջք, ինչպես նաև փորձառու օդաչուների դասախոսություններ, պանելային քննարկում և շատ ավելին: Փառատոնը մեկնարկեց փոքր ինքնաթիռների ավիաշոուով, որին մասնակցեցին ավելի քան 10 ինքնաթիռ Վրաստանից, Ռուսաստանից, Հայաստանից։
Մարիամ Ղազարյան