Նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դպրոցների ղեկավարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր ուսումնական տարվան ընդառաջ օգոստոսյան ավանդական խորհրդակցությունների վերջին փուլն անցկացվում է Երևանում: Մայրաքաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ներկայացուցիչներ Երևանի քաղաքապետարանից, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնից, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից, ինչպես նաև դպրոցների տնօրեններ և փոխտնօրեններ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, անդրադարձել է նոր ուսումնական տարվա փոփոխություններին, մասնավորապես հանրակրթական նոր չափորոշչի ներդրմանը, որը կկիրառվի 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների համար:

«Հանրակրթության նոր չափորոշչի փուլային ներդրման գործընթացը մեզնից պահանջում է կամք, հետևողականություն, համբերություն և սրտացավություն: Վստահ եմ՝ բազում հարցեր ենք ունենալու չափորոշչի ներդրման ընթացքում: Այդ հարցերն անխուսափելի են, եթե մենք խոսում ենք կրթական նման բովանդակային լայնածավալ փոփոխության մասին: Շատ կարևոր է, որ մենք բոլորս աշխատենք իբրև մեկ թիմ. այդ պարագայում բոլոր խնդիրները դառնում են լուծելի: Փոփոխություններն առաջ հերթին մեր երեխաների կրթությունն ավելի արդյունավետ և որակյալ դարձնելու, բայց նաև ուսուցչի գործն ավելի հեշտացնելու մասին են: Ուսուցիչներին տալիս ենք գործիքակազմի մի ամբողջ հնարավորություն, դպրոցների ֆինանսավորման նոր ձևաչափ, որը թույլ է տալու առաջացած խնդիրները լուծելու ձևեր գտնել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ նախարարության ներկայացուցիչները մշտապես պատրաստ կլինեն աջակցելու ցանկացած խնդրի առաջացման դեպքում:

ԿԳՄՍ նախարարն, անդրադառնալով նոր դասագրքերին, նշել է, որ նոր չափորոշիչ ենթադրում է դասագրքերի փոփոխություն. «Այս տարին կարելի է անվանել կրթական փոփոխությունների տարի, որովհետև այն, ինչի մասին խոսում էինք և փորձարկում, արդեն ներդրվում է հանրապետության բոլոր դպրոցներում: Խոսքն, իհարկե, հանրակրթության պետական նոր չափորոշչի, ֆինանսավորման նոր կարգի և դրանցից բխող նոր փոփոխությունների մասին է: Օրինակ, նոր չափորոշիչը ենթադրում է նոր դասագրքեր:

Վստահ եմ՝ արդեն հասցրել եք ծանոթանալ նոր դասագրքերին, որոնք հասանելի են էլեկտրոնային տարբերակով, ու նկատել եք՝ կան մեթոդական էական փոփոխություններ դասագրքերի կառուցվածքի և դրանց մոտեցման մեջ: Նոր դասագրքերի առումով սա մեզ համար փորձնական տարի է լինելու, ուստի խնդրում եմ այդ հարցում լինեք շատ ուշադիր: Դասագրքերն արդեն տեղադրված են էլեկտրոնային հարթակներում, դրանց տպագրման գործընթացն ընթացքում է և առաջիկայում դասագրքերը որոշակի փուլերով կմտնեն դպրոցներ: Բայց մինչ այդ մենք կարիք կունենանք ուսուցման գործընթացը կազմակերպելու. դասագրքերի էլեկտրոնային տարբերակները կան: Վստահ եմ՝ անցումային փուլի դժվարությունները միասին կհաղթահարենք»:

ԿԳՄՍ նախարարը խոսել է նաև ուսուցչի դրույքաչափի փոփոխության մասին.

«Նոր չափորոշիչը նշանակում է նաև, որ փոխվում է ուսուցչի դրույքաչափը: Այն դասարաններում, որտեղ կգործի նոր չափորոշիչը, ուսուցիչները կսկսեն վարձատրվել ոչ թե շաբաթական 22 ժամ դրույքաչափով, այլ տարրական դասարանների դեպքում շաբաթական 18, իսկ միջին և ավագ դասարաններում՝ 20 ժամ դրույքաչափով: Ներդրվելու է նաև պարտադիր երկարօրյա ծառայությունը, որը նախատեսված է այն երեխաների համար, որոնք չեն ունենա բարձր առաջադիմություն և կարիք կլինի նրանց համար հավելյալ պարապմունքներ կազմակերպել: Երկարօրյա պարապմունքները կկազմակերպվեն դպրոցում՝ ֆինանսավորման նոր կարգով սահմանված ձևաչափով պետական ֆինանսավորմամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարն անդրադարձել է նաև միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին և տեղեկացրել, որ 1300 ուսուցիչներից ավելի քան 700-ը դիմել են կամավոր ատեստավորման համար ու հաջող արդյունքի դեպքում հնարավորություն կունենան շարունակելու իրենց աշխատանքը: Ժաննա Անդրեասյանը նշել է նաև, որ ատեստավորման ժամանակացույցը կհրապարակվի առաջիկա օրերին: Բուն ատեստավորման գործընթացը նախատեսվում է կազմակերպել սեպտեմբերին, իսկ հոկտեմբերից պարզ կլինեն արդյունքները»:

Ժաննա Անդրեասյանն, անդրադառնալով միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների հետագա գործունեության վերաբերյալ հնարավոր դժգոհություններին, ընդգծել է, որ օրենքի կարգավորումը, ըստ որի մանկավարժը պետք է ունենա բարձրագույն կրթություն, ընդունվել է դեռ 12 տարի առաջ:

«Որևէ նոր պահանջ չի սահմանվել: Տրվել է որոշակի ժամանակահատված, որպեսզի բոլոր այն ուսուցիչները, որոնք աշխատում են դպրոցում և չեն համապատասխանում այդ պահանջին, ժամանակ ունենան բարձրագույն կրթություն ստանալու: 12 տարին ավելի քան բավարար ժամանակ է ու այդ ընթացքում մեծ թվով ուսուցիչներ արդեն իսկ ստացել են բուհական կրթությունը: Հաշվի առնելով, որ կարող են լինել օբյեկտիվ հանգամանքներ, որոշվեց կատարել ընդառաջ ևս մեկ քայլ` կամավոր ատեստավորման միջոցով մենք հավելյալ հնարավորություն ընձեռեցինք նրանց համար»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

Խորհրդակցության ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ընդունելության քննությունների արդյունքներին Երևան քաղաքում: Ըստ ԳԹԿ կողմից ներկայացված տվյալների՝ հիմնական փուլում սահմանված շեմը հաղթահարել են դիմորդների 67,1 տոկոսը՝ 3158 դիմորդ, լրացուցիչ փուլում ընդունվել են ևս 402-ը: Ընդհանուր առմամբ Երևան քաղաքի դիմորդներից ընդունվել է 3560-ը՝ 75,6 տոկոսը, որից անվճար՝ 636-ը:

Փոխնախարարը ներկայացրել է նաև ընդհանուր պատկերն ըստ բուհերի: Առաջին տեղում Երևանի պետական համալսարանն է 914 ուսանողով, այնուհետ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 409 ուսանող, իսկ Պոլիտեխնիկական համալսարանը, ըստ ցուցանիշների, երրորդ տեղում է 457 ուսանողով:

Անդրադառնալով Հայկական պետական մանկավարժական համալսարանին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ Երևանից բուհ ընդունվել է 154 ուսանող:

«Այս տարի Մանկավարժական համալսարանում ունենք տարբերություն. բնագիտական մասնագիտությունները, որոնք նախորդ տարիներին թափուր էին, այս տարի զգալիորեն համալրվել են»,- ասել է նախարարի տեղակալը:

ԿԳՄՍ փոխնախարարը հիշեցրել է, որ Կառավարության որոշմամբ՝ բնագիտական առարկաների ուսուցիչներ պատրաստող բուհերը 70000 դրամ կրթաթոշակ են տրամադրելու համապատասխան ֆակուլտետների ուսանողներին, գերազանցության դեպքում՝ 77000: Մեկ այլ ծրագրով բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչներին կտրվի 25 տոկոս լրավճար: Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ սա բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների բացը լրացնելու և ոլորտի նկատմամբ երիտասարդների հետաքրքրությունը խթանելու հերթական ծրագրերից մեկն է:

Անդրադառնալով մասնագիտություններին՝ նշվել է, որ ցանկը գլխավորում է «Բուժական գործ» մասնագիտությունը՝ 183 ուսանողով, այնուհետ «Ճարտարապետություն»՝ 146, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»՝ 90 ուսանող:

«Այս տարի ունեինք նաև տարկետման իրավունք ունեցող մասնագիտություններ, որոնք ուսումնասիրում են բնագիտական ոլորտը: Երևանից ունենք 155 ուսանող, որից 38-ը՝ ֆիզիկա, 30-ը՝ ռադիոֆիզիկա, 29-ը՝ հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում և այլն»,- ներկայացրել է Արաքսիա Սվաջյանը: Միասնական քննություններում ամենաբարձր արդյունքներ գրանցած առարկաներն են «Անգլերենը» և «Հայոց պատմությունը»: Ըստ փոխնախարարի՝ մտահոգիչ են «Հայոց լեզվու և գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաների միջին միավորները, ինչը ենթադրում է լրացուցիչ աշխատանք հետագա տարիներին դրանք ևս բարձրացնելու ուղղությամբ:

Հիշեցնենք՝ 2023-2024 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունների շարքը մեկնարկել է օգոստոսի 21-ին Արագածոտնի մարզից: Այն նպատակն ուներ նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում` տնօրենների և հանրակրթության մարզային պատասխանատուների հետ:




Լրահոս